Առողջապահություն 

Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացությունները նվազում են

analitik.am

Վերջին շաբաթների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի ակտիվությունը կտրուկ նվազել է: Մի շարք երկրներում գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշներն եղել են հիվանդացության շեմից բավականին ցածր: Այդ հիվանդությունների շարքում ցածր է եղել գրիպի վիրուսների հայտանբերումը: Նվազել է նաև ծանր սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, սակայն նվազման ֆոնի վրա արձանագրվել են գրիպի լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքների աշխուժացում:  


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանում ներկայումս շրջանառում են գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ և Ա H3N2 ենթատեսակները: Ընթացիկ սեզոնում, նախորդ սեզոնի միևնույն ժամանակահատվածի համեմատ նկատելի նվազել են գրիպի Բ տեսակի հարուցիչների հայտնաբերումը:


Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում:  


Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Երևանի մանկական պոլիկլինիկաներում որոշակիորեն նվազել է 0-2 տարեկան երեխաների դիմելիությունը։


Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնք ստանում են համապատասխան բուժում:


Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների,   հանրապետությունում, հատկապես մանկական հասակի քանակակազմում, դեռևս շրջանառում են շնչառական այլ վարակների վիրուսները` ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ:


Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված  շտապբուժօգնության կանչերը:  


Ելնելով վերը նշվածից և գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությանը կրկին հիշեցնում է.  


•խուսափե´ք հիվանդների հետ շփումից,


•եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,


•եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,


•հագնվե´ք եղանակին համապատասխան,


•պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,


•օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,


•հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:

Նույն շարքից