Մամուլի ակումբ 

Հայոց ցեղասպանության մասին գիրքը մեր պատմությունը փաստող ևս մեկ ապացույց է

analitik.am

1915թ. Էրզրում քաղաքում թուրքերի կողմից ոչնչացված Գրիգորյանների գերդաստանի մասին պատմող «Մեծ մամիս հուշերը» աշխատությունը  այսօր՝ հունվարի 30-ին, «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրեց գրքի հեղինակ Հերիքնազ Կարապետյանը, ով գրքի գլխավոր կերպարի ծոռնուհին է:

 

«Դեռ մանկության տարիներից, ես այս հիշողությունները լսել եմ մեծ մամիցս, իսկ հետագայում արդեն տատիկիցս, եւ այնքան խորը տպավորություն են թողել ինձ վրա, որ ես 2 տարեկանում որոշեցի մանրակրկիտ ձեւով գրի առնել: Գրքում պատմվում է մի հասարակ գերդաստանի՝ Գրիգորյանների մասին, թե ինչպես է մի ամբողջ գերդաստան ոչնչացվել թուրքերի կողմից Էրզրում քաղաքում: Այդ ոճրագործությունից փրկվում է միայն մեծ մամս եւ տատիկս, ով այդ ժամանակ 6 տարեկան էր»,- ասաց գրքի հեղինակը՝ նշելով, որ մանրամասնորեն ներկայացվել է թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացվող վայրագությունները, նաեւ՝ գաղթի ճանապարհը, որը բռնել էր նաեւ նրա մեծ տատը:

 

Հերիքնազ Կարապետյանի խոսքով՝ հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հասարակ ընտանիքների պատմությունները:

 

«Այս օրերին, երբ Թուրքիան ժխտողական քաղաքականություն է վարում, ես որոշեցի հենց այս պահին «Մեծ մամիս հուշերը» գիրքը ներկայացնել հասարակության դատին եւ այդ պատմությամբ ուզեցի կոչ անել այն բոլոր հայերին, ովքեր վերապրել են նմանատիպ պատմություններ, թող խոսեն, բարձրաձայնեն ի լուր աշխարհի, որպեսզի կարողանանք ապացուցել, որ իսկապես հայերի ցեղասպանություն տեղի ունեցել է»,- ասաց գրքի հեղինակը՝ ավելացնելով, որ գրքում ներկայացված են նաեւ պատմական փաստեր:

 

Նշենք, որ «Մեծ մամիս հուշերը» գիրքը լույս է տեսել 300 օրինակով: Գիրքը թարգմանվել է նաեւ ռուսերեն եւ անգլերեն, սակայն դեռեւս աջակցություն չունենալու պատճառով, հրատարակվել է միայն հայերեն տարբերակը:

Նույն շարքից