Վերլուծական 

Հայկական բանակի հաջողությունները հնարավորություն են տալիս Սերժ Սարգսյանին իրականացնել իր խոստումը

analitik.am

Օգոստոսին հայկական բանակի կողմից հակառակորդին հասցված արժանի հակահարվածն և նրան պատճառած ծանր կորուստները, տարածաշրջանում խոշոր խաղացողներին ստիպեցին վերանայել Հայաստանի նկատմամբ իրենց մոտ ձևավորված թյուր կարծիքը: Եթե մինչ հուլիս-օգոստոսյան զինված ընդհարումները Հայաստանը մեծամասամբ ընկալվում էր որպես թույլ ու աղքատ, շրջափակման մեջ գտնվող և ամբողջապես Ռուսաստանից կախվածություն ունեցող  երկիր,ապա  ռազմական հաջողությունները ցույց տվեցին, որ հայկական պետությունը յուրաքանչյուր պահի կարող է պաշտպանել իրեն  և զգալի վնասներ հասցնել թշնամուն:


 

Հայ-ադրբեջանական զինված ընդհարումները լայն արձագանք գտան միջազգային համայնքում, անգամ բրիտանական կառավարությունը, որն աչքի չէր ընկնում արցախյան հիմնահարցի վերաբերյալ քաղաքական մեկնաբանություններով, իր մտահոգությունը հայտնեց շփման գոտում տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ: Պետք է նշել, որ սահմանային ընդհարումների հետևանքով Ադրբեջանը կրեց ոչ միայն ռազմական, այլ նաև բարոյական ու քաղաքական պարտություն, փաստացի ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրենց մտահոգություններով հանդերձ դատապարտեցին Բաքվին ադրբեջանական բանտում հայազգի քաղաքացու մահվան կապակցությամբ:

 


Ներկայումս Հարավային Կովկասում ստեղծվում է նոր քաղաքական իրավիճակ, որտեղ մեծանում է հայկական գործոնի դերը, և տարածաշրջանի երկրներն ու գերտերությունները ստիպված են հաշվի նստել այս փաստի հետ: Հայկական բանակի հաջողությունների ուղղակի արձագանքը պետք է համարել օգոստոսին Նախիջևանում կայացած Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որտեղ քննարկման գլխավոր առարկան է հանդիսացել ենթակառուցվածքների անվտանգության ու պաշտպանության հարցը: Հանդիպումը նախաձեռնող վրացական կողմը շտապեց հայտնել, որ այն ուղղված չէ երրորդ պետության դեմ`փորձելով նման կերպ փարատել Հայաստանի և Ռուսաստանի հնարավոր մտահոգությունները:


 

Վրաստանի համար հսկայական նշանակություն ունեն տարանցիկ կառույցների անխափան շահագործումը, որը բացի ֆինանսական եկամուտներից մեծացնում է Թբիլիսիի դերը Հարավային Կովկասում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա տարանցիկ գազամուղի և նավթամուղի վնասման պարագայում ոչ միայն կլինեն ֆինանսական կորուստներ, այլ նաև մեծ հարված կհասցվի  Բաքվի քաղաքական վարկին. Մի երկիր, որը չի կարողանում ապահովել օտարերկրյա մեծածավալ ներդրումների շնորհիվ կառուցված ենթակառուցվածքների անխափան շահագործումը, միջազգային հանրության աչքերում չի կարող համարվել հուսալի գործընկեր:

 

Իր հերթին Թուրքիան պետք է ցույց տար Բաքվին բարոյական աջակցություն և վստահեցներ, որ երկու երկրների միջև առկա բարեկամությունն անսասան է: Հետաքրքրական է, որ այս եռակողմ հանդիպումից անմիջապես հետո Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը հայերենով իր մտահոգությունը հայտնեց սահմանային միջադեպերի վերաբերյալ և վերահաստատեց  Ջեյմս Ուորլիքի այն մտայնությունը, որի համաձայն Արցախյան հիմնախնդիրն արդեն սառեցված հակամարտություն չէ: Իհարկե հայկական կողմը բոլորից շատ է մտահոգված ռազմական գործողությունների ակտիվացման համար և ցանկանում է երկարատև ու ամուր խաղաղություն, բայց հայ ժողովուրդը չի պատրաստվում իր ազգային ու կենսական շահերը զոհաբերել հանուն արևմտյան նավթային ընկերությունների ֆինանսա-տնտեսական շահերի: Սա չի նշանակում, որ Երևանը շահագրգռված չէ էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվացքների անխափան շահագործմանը, դեռ ավելին` Հայաստանը ձգտում է, որպեսզի լիառժեք գործեն բոլոր հաղորդակցական կոմունիկացիաները:

 


Այսպես` երկար ժամանանակ է, ինչ հայկական կողմն ապարդյուն փորձում է շահագործել Ստեփանակերտի օդանավակայանը, որը ռազմավարական ու քաղաքական խոշոր նշանակություն ունի Հայաստանի համար: Անգամ երկրի նախագահն էր խոստացել, որ կլինի Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը, սակայն Բաքվի ագրեսիվ կեցվածքի պատճառով օդանավակայանը մինչ օրս չի գործում, իսկ միջնորդ կողմերն ու միջազգային հանրությունն էլ ոչ միայն չեն քննադատում Բաքվի պահվածքը, այլ  ցուցաբերած անտարբերությամբ անուղղակիորեն խրախուսում են Ալիևի վարած ռազմատենչ քաղաքականությունը:

 


Համանախագահող երկրները պետք է գիտակցեն, որ առանց հայկական կողմի շահերը հաշվի առնելու անհնար կլինի տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելը: Հայաստանի նախագահը, կառավարության ղեկավարն ու ԱԺ ներկայացուցիչները պետք է Ստեփանակերտի օդանվակայանի խնդիրը բարձրացնեն ոչ միայն միջնորդ կողմերի առաջ, այլ նաև տարբեր միջազգային կառույցներում և պահանջել,  որ  միջազգային հանրությունը պարտադրի Ադրբեջանին հարգել Արցախի օդային փոխադրումներ իրականացնելու իրավունքը: Հակառակ դեպքում` Բաքվի ռազմական ագրեսիայի պարագայում,  հայկական բանակը կարող է այնպիսի հրավառություն իրականացնել հարևան երկրում, որ այն Միջազգային Տիեզերական Կայանից էլ կերևա:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից