Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը զարմանալիորեն լռում է, փոխարենը` պարզաբանում է շվեյցարացի լրագրողը

analitik.am

Օրեր առաջ շվեյցարական «Le Matin» («Առավոտ») պարբերականը հարցազրույց էր հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ, որում անդրադարձ էր արվել Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպմանը: Հարցազրույցում, մասնավորապես, նշվել էր, որ ըստ Շալանդի՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականը Շվեյցարիայի չորրորդ դիվիզիոնի մակարդակի էր (première ligue suisse) և նույնիսկ երրորդ դիվիզիոնի (promotion ligue) մակարդակի չէր: Հարցազրույցը որոշակի տարակուսանքներ էր առաջացրել, գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:  

Հայաստանի մամուլում վրդովված հրապարակումներ եղան, նաև Շալադին երկերեսանի անվանեցին: Այդ էր պատճառը, թե մեկ այլ բան, Շվեյցարական «Le Matin» («Առավոտ») պարբերականի մարզական խմբագիր Շումի Ռենոն պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որում գրված է. «Ես լսել եմ, որ Բեռնար Շալանդի հետ իմ հարցազրույցը LeMatin.ch կայքում առաջացրել է որոշ քննարկումներ:

Ես ներողություն եմ խնդրում ձեզնից եւ Բեռնար Շալանդից, որովհետև ես սխալ եմ հասկացել որոշ բառեր: Ես հուսով եմ, որ բոլոր տեսակի թյուրըմբռնումները կմնան անցյալում:

Բեռնար Շալանդը երբեք չի ասել, որ «Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդես եկած Հայաստանի հավաքականը Շվեյցարիայի Պրեմիեր լիգայի մակարդակի է»: Ես սխալ եմ հասկացել հարցազրույցի այդ հատվածը: 

Բեռնար Շալանդն ինձ ասել է, որ հպարտ է Սերբիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից: Ես հույս ունեմ, որ դուք շատ զայրացած չեք ինձ վրա իմ թյուրըմբռնման համար: Ես փոխել եմ սխալ տողերը հոդվածի մեջ»:

Ստացվում է, որ շվեյցարացի լրագրողն է չորրոդ կարգի: Համենայդեպս, Հայաստանի լրագրողներն այդպիսի սխալներ թույլ չեն տալիս, ոչ` էլ այդ տարբերակով պարզաբանումներ անում:

 

Նույն շարքից