Մամուլի ակումբ 

Հայաստանի քոլեջներն ու արհեստագործական ուսումնարանները պետական ուշադրությունից դուրս են մղվել. Անահիտ Բախշյան

analitik.am

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ Հայաստանի քոլեջներն ու արհեստագործական ուսումնարանները վերջին տարիներին պետական ուշադրությունից դուրս են մղվել:

Անահիտ Բախշյանը հավելեց, թե անցումը 12-ամյա պարտադիր կրթությանը ենթադրում է անվճար կրթություն, որից կօգտվեն նաև պետական միջին մասնագիտական հաստատությունները, այսինքն՝ քոլեջներն ու արհեստագործական ուսումնական հաստատությունները ևս անվճար կդառնում:Բայց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը հարց հնչեցրեց. «Իսկ ինչպիսի՞ կրթություն են ապահովում քոլեջները և ինչպիսին է պետության ուշադրությունն այդ հարցով»:

Ըստ նրա՝ դրա մասին հուշում է 2015թ. բյուջեն, որով չի նախատեսվում քոլեջների ու միջին մասնագիտական ուսհաստատությունների համար գույքի ապահովում, այն դեպքում, երբ նախորդ տարի այդ նպատակով հատկացվել էր 10 մլն դրամ: Ի դեպ, բյուջեով նախատեսված է արհեստագործական ուսումնական հաստատություններին հատկացնել 2 786 դրամ, որը, սակայն, գույքի ապահովման համար չէ:

Բախշյանը հիշեցրեց վարկային այն ծրագիրը, որով 2006թ-ին հսկայական միջոցներ էր հատկացվել այս ոլորտի բարեփոխման համար, որպեսզի պետական 12 քոլեջներ հիմնանորոգվեին և ապահովեին ժամանակակից կրթություն: «Բայց անկեղծորեն չգիտեմ ծրագիրը մինչև վերջ կայացվե՞լ է և հիմնանորոգվա՞ծ են այդ հաստատությունները։ Կոնկրետ Կապանի ուսհաստատությունը գիտեմ, որ կիսատ է արված»,- նշեց նա:

Բախշյանը նաև արհեստավորներ կրթելու հարց բարձրացեց: «Հետաքրքրվել և իմացել եմ, որ վերելակների վերանորոգման գծով մասնագետ չունենք, բայց ունենք մեծ պահանջարկ: Այդ պահանջարկը բավարարող ուսումնարան որքան հետաքրքրվել եմ, չեմ գտել»,- ասաց նա և հավելեց, որ տեխնիկների շատ մեծ կարիք կա, սակայն մասնագետներ չեն պատրաստվում:

«Այդ ուսումնարանները խորհրդային տարիների գույք ունեն, արհեստանոցները դազգահներ ու գործիքներն ունեն, որոնք տարիներով չեն թարմացվել, եթե անգամ թարմացվել են, ապա շատ տարածված մասնագիտությունների գծով, բայց ոչ այն, որի պահանջարկն այսօր կա»,- ասաց նա:

Նույն շարքից