Իրավական 

Հայաստանի քաղաքացուն տուգանել են Կրեմլում ահաբեկչության մասին կեղծ հաղորդման պատճառով

analitik.am

Սոչիի հաշտարար դատարանը 20 հազար ռուբլու տուգանք է սահմանել Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանի նկատմամբ, ով, գտնվելով ՌԴ–ում, ոստիկանությանը Կրեմլում նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ է տարածել, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Կրասնոդարի երկրամասի դատախազությունը։ 



Միջադեպը, որի համար 37–ամյա Առաքելյանը մի քանի ամսով կալանավորվել է, տեղի է ունեցել հունվարի 15–ին։



«Դատարանում հաստատվել է, որ Առաքելյանը, անօրինական կերպով գտնվելով Ռուսաստանի Դաշնության տարածքում, ցանկանալով իր վրա ուշադրություն գրավել, զանգահարել է հերթապահ մաս... և հայտնել Կրեմլում նախապատրաստվող պայթյունի վերաբերյալ կեղծ տեղեկություն»,– ասվում է հաղորդման մեջ։



Դատական նիստում մեղադրյալը զղջացել է կատարածի համար։ Ի սկզբանե դատարանն Առաքելյանին 100 հազար ռուբլու տուգանք է նշանակել, սակայն հաշվի է առել նախաքննության ընթացքում կալանքի տակ նրա գտնվելու ժամանակահատվածը և նվազեցրել է տուգանքը մինչև 20 հազար ռուբլի։



Դա առաջին միջադեպը չէ, որը կատարվել է 2015 թվականի հունվարին Կրասնոդարի երկրամասում։ Նախօրեին Կրասնոարմեյսկի շրջանային դատարանը 400 ժամվա պարտադիր աշխատանքի է դատապարտել մի կուբանցու, ով ապրիլի 17–ին հարբած վիճակում «ոստիկանության աշխատակցին հայտնել է Կրեմլում դրված պայթուցիկի մասին` հասկանալով իր հաղորդման կեղծ լինելը»։ 

Նույն շարքից