Տնտեսություն 

Հայաստանի տնտեսական աճը 2015 թ․ մոտ կլինի զրոյական մակարդակի․ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին

analitik.am

Համաշխարհային բանկի պաշտոնյան Հայաստանում տնտեսության աճի կանխատեսումներ է արել` նշելով, որ 2015 թվականին մոտ կլինի զրոյական մակարդակին, իսկ լուրջ ցնցումների պարագայում կդրսևորի բացասական աճի միտում:

 

Լրագրողների հետ հանդիպմանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին նշեց, որ միջազգային շուկաներում ձևավորված գները շահավետ չեն Հայաստանի համար, սակայն ավելի զգալի համարեց տարածաշրջանային տնտեսության ազդեցությունը:

 

«Միջազգային շուկաներում ձևավորված գները, մասնավորապես պղնձի գինը անկայունություն է ցուցաբերում, ինչը կարող է շարունակվել: Սակայն կարծում ենք, որ ամենամեծ ազդեցությունը կունենա տարածաշրջանային տնտեսության և մասնավորապես Ռուսաստանի տնտեսության անկումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Բեյլին:

 

Նա նաև հայտնել է, որ ՀԲ-ի վերանայված կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսական աճը կլինի մինչև 0.8 տոկոս: «Սակայն այդ փոքր դրական աճը կարող է բացասական դառնալ, եթե լուրջ ցնցումներ տեղի ունենան: Այդ ցնցումները կարող են լինել հիմնական առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի և եվրոպական երկրների տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում, բայց դա կարող է կախված լինել նաև տարադրամի փոխարժեքի կտրուկ փոփոխությունից»,- ասաց Լորա Բեյլին: Չնայած դրան՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը կանխատեսումներ չարեց դրամի և դոլարի փոխարժեքային տատանումների վերաբերյալ:

 

 

Հայաստանի կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը 2015 թ. գնահատել է 0,4-2 տոկոսի միջակայքում՝ պայմանավորված արտահանելի հատվածի աշխուժացմամբ, իսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2015թ. Հայաստանում կանխատեսում է  տնտեսական աճի դանդաղում՝ մինչեւ 1.6 տոկոս:

Նույն շարքից