Վերլուծական 

Համաշխարհային նավթի գների կտրուկ անկումը մեծ իրարանցում է առաջացրել ֆինանսական բորսաներում

analitik.am

Համաշխարհային նավթի գների կտրուկ անկումը մեծ իրարանցում առաջացրեց ֆինանսական բորսաներում և անհանգստություն՝ նավթ արտահանող երկրներում: Հատկապես Ռուսաստանն իր մտահոգությունն հայտնեց նավթի գների արհեստական նվազման վերաբերյալ՝ կասկածելով ԱՄՆ-ին:



Այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամռանը Սաուդյան Արաբիա այցելելիս կարող էր համաձայնության գալ արքայական ընտանիքի հետ նավթի գների նվազման հարցում, ոչ ոք չի ժխտում, սակայն պնդել, որ դա հատուկ ուղղված է Ռուսաստանի դեմ, ինչպես հայտարարում են բազմաթիվ ռուս քաղաքագետներ ու վերլուծաբաններ, արդեն չափազանցություն է: Նախ և առաջ պետք է նշել, որ նավթի գների անկման համար ի հայտ են եկել մի շարք բարենպաստ հանգամանքներ՝ համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը, հատկապես այն ցայտուն զգացվում է Եվրոպայում, իսլամիստ ծայրահեղականների կողմից մաքսանենգ ճանապարհով ցածր գներով մեծաքանակ նավթի վաճառքը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, ինչպես նաև ԱՄՆ-ն էներգակիր ներկրող երկրից վերածվել է արտահանող պետության:



Այսպիսով էներգակիրների արտահանման ոլորտում ի հայտ է եկել նոր, խոշոր դերակատար, որն ավելի է սաստկացնում նավթ արտահանող երկրների միջև մրցակցությունը: Պատահական չէ, երբ առաջարկ հնչեց ՕՊԷՔ-ին նվազեցնել նավթի օրական արդյունահանումը Սաուդյան Արաբիան հրաժարվեց, նույնը հայտարարեց նաև Իրանը: Վերջինս ձերբազատվելով Արևմուտքի կողմից հաստատած պատժամիջոցներից՝ ձգտում է վերականգնել իր նավթի նախկին արտահանումը շուկաներ՝ անգամ համաձայն լինելով կորցնել եկամտի որոշ տոկոսը: Նույն տրամաբանությամբ է շարժվում Սաուդյան Արաբիան՝ գերադասելով զրկվել եկամտի որոշ մասից, բայց ոչ իր շուկաներից: Իր հերթին թերթաքարային նավթի և գազի հսկայական պաշարներ ունեցող ԱՄՆ-ն, օգտվելով այն հանգամանքից, որ Եվրամիությունը ձգտում է նվազեցնել ռուսական էներգակիրների կախվածությունը, փորձում է լուրջ դերակատարություն ունենալ եվրոպական շուկայում: Բրյուսելը մեծ նշանակություն տալով էներգետիկ անվտանգության խնդրին՝ տարեցտարի ի հաշիվ նավթի ու գազի՝ մեծացնում է այլընտրանքային և վերականգնվող էներգիայի սպառման ծավալը: Այս միտումն էլ ավելի է նվազեցնում նավթի ու գազի արտահանման շուկաները: Ռուսաստանը հանդիսանալով Եվրամիության էներգակիրների գլխավոր մատակարարը՝ փորձում է չեզոքացնել ԱՄՆ-ի մուտքը եվրոպական շուկա՝ արդարացիորեն նշելով, որ ամերիկյան հեղուկ գազը ավելի թանկ է, քան ռուսական բնական գազը, և ձեռք բերելով այն, Եվրոպան մեծ հարված է հասցնում իր տնտեսության մրցունակությանը:



Իր հերթին, ԱՄՆ-ն մի կողմից Եվրամիության հետ Ռուսաստանի դեմ կիրառելով տնտեսական պատժամիջոցները, իսկ մյուս կողմից արագացնելով Բրյուսելի հետ Ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքումը՝ կարևոր նախադրյալներ է ստեղծում եվրոպական էներգակիրների շուկայում ամուր դիրքեր հաստատելու գործում: Ռուս փորձագետները համոզմունք էին հայտնում, որ նավթի գինը կիջնի մեկ բարելը 80-85 դոլլարի, քանի որ 80-ից ցածր գնով անարդյունավետ է դարձնում թերթաքարային և դժվարամատչելի վայրերում նավթի արդյունահանումը: Ռուսաստանը վերջին տարիներին ակտիվորեն հետազոտում է նավթով և գազով հարուստ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ընդերքը, Մոսկվան ցանկանում է լայն թափով սկսել Արկտիկայի անսպառ պաշարների արդյունահանումը: Բայց նավթի ցածր գները, ինչպես նաև պատժամիջոցները դանդաղեցնում են ռուսական կառավարության ծրագրերի իրագործումը: ԱՄՆ-ն մտածված պատժամիջոցների ցանկում է ներառել այնպիսի նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով իրականացնում են ծովի հատակի հորատանցքերը: Ռուսաստանն ի վիճակի չլինելով արտադրել նման տեխնոլոգիաներ՝ կախվածության մեջ է ընկնում Արևմտյան ընկերություններից: Կրեմլի դժգոհություններն ու բողոքները անտարբեր են թողնում ԱՄՆ-ին, քանի որ այստեղ գործում են բիզնեսի կանոնները, և ամեն մեկը հետևում է իր շահին: Նման ոճով է շարժվում նույն Ռուսաստանն իր նորահայտ դաշնակցի հետ, Ադրբեջանը ցանկանում է կասպիական գազը Թուրքիայի տարածքով հասցնել մինչև Իտալիա, սակայն Գազպրոմը օգտագործելով իր ազդեցությունն ու լծակները ամեն կերպ խոչընդոտում է այս նախագծի իրականացմանը: Ռուսաստանը տարեկան 154մլրդ3 գազ է արտահանում Եվրամիություն, իսկ ադրբեջանական նախագծի կյանքի կոչման դեպքում Բաքուն ընդամենը 10մլրդ3 տարեկան գազ կմատակարարի Եվրոպա, սակայն անգամ այս չնչին քանակի առկայութան դեպքում, Ադրբեջանը Ռուսաստանի համար վերածվում է լուրջ մրցակցի:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից