Մամուլի ակումբ 

Համալիրի հրդեհի վնասի չափը մոտ 200 մլն դրամ է. Կորյուն Գրիգորյան

analitik.am

«Համալիրում շոքեբաղնիքից բացի հրդեհվել է բավականին լուրջ մակարդակի տեխնիկա, ֆրանսիական լուսային տեխնիկա: Մոտավոր 200 մլն դրամի չափով վնաս կարող է լինել»,-այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց  Համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:

 

Համապատասխան իրավաբանները պաշտոնական գրությամբ արդեն դիմել են ԱԻՆ և ՊՆ` պահանջելով հստակ ներկայացնել, թե ի՞նչ տեխնիկա է այրվել: Պետք է պատժվեն նրանք, ովքեր անփույթ վերաբերմունք են ցուցաբերել Համալիրի նկատմամբ:

 

«Տարրական միջոցներ չի եղել, հրշեջ ծառայությունից և շտապօգնության ծառայությունից ոչ մի մեքենա չի եղել: Մեղմ ասած, եղել է անփույթ մոտեցում ամեն ինչի նկատմամբ: Աբսուրդ է, երբ այդքան երիտասարդ ես կարողանում հավաքել, բայց տարրական անվտանգության կանոններ չեն կարողանում պահպանել: Ինչ-որ մի բան արել են:

 

Վերջինս ընդգծեց, որ իրենց մոտ ցուցակագրած է իրենց գույքը: «Դեռ չեն մտել, չեն գնահատել վնասի չափը:  Այդ օրվա շահագործումը եղել է ապօրինի: Այն, ինչ շահագործել են, իրենց չի պատկանում: Թող պատասխանեն` ինչպե՞ս է ստացվել, որ երգիչները երգել են բեմում, իսկ ետնաբեմում գտնվող 25 քմ սաունան այրվել է, ևս 25-ը ջերմահարված վիճակում է: Սա այն դեպքը չի լինելու, որ ծածկադմփոց անեն ու անցնի գնա»,- նշեց նա և հավելեց, որ հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պաժվեն: 

 

Համալիրի ներկայացուցիչը նշեց, որ այնտեղ կան բազմաթիվ տեխնիկաներ, որոնք պատկանում են իրենց և մի քանի այլ կազմակերպությունների, ու այդ գույքի շահագործումը եղել է ապօրինի: «Եթե որոշ մարդիկ կարծում են, որ սեփականատերը և իր ներկայացուցիչը կապ չունեն Համալիրի հետ, չարաչար սխալվում են: Բռնազավթումը, որը տեղի է ունեցել, դեռ ոչ մի բան չի նշանակում: Համալիրում կա բազմաթիվ գույք, որը 10-12 անհատների գույքն է: Կարող եմ ասել, որ վնասի չափը հսկայական է»,- ասաց նա:

 

Հարցին` Պաշտպանության նախարարության կողմից գույքագրման աշխատանքներն ավարտվե՞լ են, Կորյուն Գրիգորյանը դժվարացավ պատասխանել, քանի որ հստակ տեղեկություն չունի` ավարտվել են, թե` ոչ:

Գրիգորյանը հավելեց, որ ինքը չի կարողացել մտնել Համալիր և տեսնել իրական վնասը:

Նույն շարքից