Հայաստան 

ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԲՀԿ-ի հետ. Լյուդմիլա Սարգսյան

analitik.am

ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցելու ԲՀԿ-ի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողներին ասել է  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է հայտարարել, եւ դա արդեն հիմք է համագործակցության համար:


«Ուզում եմ շնորհավորել ԲՀԿ նորաստեղծ վարչությանը: Արտահերթ համագումարով նրանք կարողացան նոր վարչություն ստեղծել, և վերջապես հանգուցալուծել այն իրավիճակը, որը ստեղծվել էր փետրվարի 12-ից ի վեր: Նաիրա Զոհրաբյանի այն  հայտարարությունը, որ  ԲՀԿ-ն ընդդիմություն է, սպասելի էր, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ անդամների հետ, այլ լուծում չէր կարող գտնել, քան ընդդիմություն հայտարարելը: Համագործակցության մասով կարող եմ ասել, որ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԲՀԿ-ի հետ: Հարցը մենք խմբակցությունում չենք քննարկել, բայց ես` որպես ՎՍԴՀԿ ատենապետ, պատրաստ եմ համագործակցել նրանց հետ»,- ասել է  Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ Նաիրա Զոհրաբյանն այն անձն է, ով կարող է փոխարինել Գագիկ Ծառուկյանին:


Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ այս պահին ընդդիմության դաշտը վերադասավորվում է։


«Այս իրավիճակում ցավալին այն է, որ քաղաքական ուժերի հնարավորությունները սահմանափակվեցին, և այն բևեռը, որը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլևս չկա: Ես կարծում եմ, որ ժողովուրդն այսօր հուսախաբ է, բայց ոչ թե ընդդիմությունից, այլ երկրում տիրող իրավիճակից: Այստեղ ընդդիմությունը շատ մեծ անելիք ունի: Պետք է մի կողմ դնել ամբիցիաները, որոնք իսկապես կան ընդդիմության մեջ, և համախմբման միջոցով հասնել հաջողության»,- ասաց պատգամավորը:


Նշենք, որ մարտի 5-ին, տեղի է ունեցել ԲՀԿ արտահերթ համագումար, որի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նա հրաժարվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտարարեց  նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին:



Գագիկ Ծառուկյանն առաջարկեց  ԲՀԿ ղեկավարությունը վստահել Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս գրեթե միաձայն ընտրվել է ԲՀԿ վարչության նախագահ: Կուսակցության քաղխորհրդի քարտուղար է ընտրվել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը:

Նույն շարքից