Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Կրեմլի այսպիսի քաղաքականության արդյունքում ՀԱՊԿ-ն կարող է վերածվել մեռելածին կառույցի

analitik.am

Գերմանիայի վերմիավորումից և սոցճամբարի քայքայումից հետո ՆԱՏՕ-ն սկսեց ընդլայնվել դեպի արևելք: Արդեն 1993թ. Գերմանիայի Պաշտպանության նախարար Ֆոլկեր Ռուեն Բացահայտ արտահայտում էր, որ ռազմական ալյանսին պետք է միանան Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան: Իր հերթին Ռուսաստանը կտրականապես դեմ էր հյուսիսատլանտյան բլոկի առաջխաղացմանը, սակայն այն ժամանակ Մոսկվան չուներ այնքան կշիռ ու քաղաքական ազդեցություն, որպեսզի Արևմուտքը հաշվի նստեր Կրեմլի հետ:

 

ՆԱՏՕ-ի առաջխաղացմանը հակազդելու և նրան հակակշիռ ստեղծելու համար Մոսկվան հիմնեց ՀԱՊԿ-ն, որի անդամ դարձան հետխորհրդային վեց hանրապետություններ: Երկու տասնամյակների գոյության ընթացքում ՀԱՊԿ-ն այդպես էլ չվերածվեց արդյունավետ, հզոր ու ամենակարևորն իրական ռազմաքաղաքական բլոկի, այն անգամ չի նմանվում Վարշավյան Համաձայնագրի կազմակերպության դժգույն ստվերին: Յուրաքանչյուր ռազմական դաշինքի գլխավոր նպատակն է հանդիսանում արտաքին ագրեսիայի դեպքում դաշնակից երկրների անվտանգությունն ու տարածքային անվտանգության ապահովումը:

 

Այս պարզ ճշմարտության մասին լավ գիտակցում են Մոսկվայում, 2000-ականների սկզբներին ափամերձ անբնակ կղզիների պատճառով սրվել էին ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիայի և Մարոկկոյի հարաբերությունները, և երբ մի քանի անզեն Մարոկկոյի բնակիչներ ապօրինաբար հաստատվել էին կղզիներում, ռուսական քարոզչությունը հեգնում էր, թե ՆԱՏՕ-ն իրեն սպառել է, քանզի չի կարողանում պաշտպանել անդամ երկրի տարածքային ամբողջականությունը անզեն մարդկանցից:

 

 Սակայն Բուդապեշտում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ, փոխանակ խստորեն դատապարտեր իր դաշնակից երկրի սպայի սպանությունը, չարախնդում էր հյուսիսատլանտյան կառույցին, որն ի վիճակի չէր եղել ապահովել ուսումնական ծրագրի մասնակիցների անվտանգությունը: Ռուսաստանը շարունակեց իր որդեգրած կեցվածքը և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա ագրեսիվ գործողությունները մնացին անարձագանքը: Ռուսաստանից չեն տարբերվում ՀԱՊԿ-ի մյուս անդամները, վերջիններս կամ անտարբեր են Հայաստանի խնդիրներին, կամ պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումը: Կրեմլը չի գիտակցում, որ նման վարքագիծը մեծ հարված է հասցնում Ռուսաստանի վարկանիշին, նաև կասկածի տակ  դնում ՀԱՊԿ-ի գոյության իմաստը: Այստեղ խոսքը չի գնում երկկողմանի ռազմաքաղաքական փոխհարաբերությունների մասին, որտեղ կողմերն հստակեցնում են իրենց իրավունքների ու պարտականությունների սահմանները: Ռուսաստանը ցանկանում է ձևավորել բազմաբևեռ աշխարհահամակարգ և այդ համակարգում դառնալ ռազմաքաղաքական ուժային կենտրոններից մեկը, սակայն Մոսկվան առանց հուսալի դաշնակիցների չի կարող հասնել բաղձալի նպատակին ու հանդիսանալ Արևմուտքի հակակշիռը:

 

 Միջազգային համայնքը  Կրեմլի ստեղծած ռազմական դաշինքը չի կարող լուրջ ընդունել, քանզի Մոսկվան իր դաշնակցի թշնամուն վաճառում է մեծաքանակ հարձակողական զենքեր: Ռուսաստանը ձգտում է իր քաղաքական ուղեծրում պահել Ադրբեջանին, շատ հաճախ անտեսելով իր դաշնակցի շահերը, արդյունքում չի բացառվում, որ Կրեմլը վերջնականապես կկորցնի Հայաստանի վստահությունը, իսկ Բաքուն ստանալով իր ուզածը՝  կհրաժարվի Մոսկվայի հովանավորչությունից: Կրեմլը գտնվելով Արևմուտքի հետ սուր առճակատման մեջ՝ խստագույնս հուսալի դաշնակիցների կարիք ունի: Բայց հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում Մոսկվայի ցուցաբերած երկիմաստ կեցվածքը հետզհետե վանում է Հայաստանին  Ռուսաստանից և ստիպում  իր համար այլընտրանքային անվտանգության համակարգեր փնտրել:

 

 Փաստացի Մոսկվան նպաստում է իր ստեղծած ռազմական դաշինքի թուլացմանը, փոխանակ Ռուսաստանից հետո մարտունակ ու հզոր բանակ ունեցող Հայաստանին  (Բելառուսն ու Ղազաղստանը երբեք չեն մասնակցել իրական ռազմական գործողություններին, իսկ Տաջիկստանն ու Ղրղզստանն ամբողջապես կախված են ռուսական ռազմական ուժերից) ամեն կերպ շահագրգռի իր անվտանգությունն ու հետագա քաղաքական ճակատագիրը կապել ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ, Կրեմլն անտեսում է իր դաշնակցի կենսական շահերը: Նման պայմաններում ՀԱՊԿ-ն պարզապես կարող է վերածվել մեռելածին կառույցի և այդ պարագայում Մոսկվան պետք է դատապարտի ոչ թե Արևմուտքին, այլ՝ իր անհեռատես քաղաքականությունը: 

 

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից