Հարցազրույց 

Կինոարվեստը բացի արվեստ լինելուց, նաև բիզնես է և լուրջ բիզնես. Քեն Դավիդյան

analitik.am

www.analitik.am-ը հյուրընկալել էր  Հոլիվուդում հայտնի դերասան, պրոդյուսեր, բազմաթիվ ֆիլմերում տարբեր կերպարներ մարմնավորած Քեն (Գեղամ) Դավիդյանին  և վերջինիս  գործընկեր Արսեն Բաղդասարյանին:

 



-Պարոն Դավիդյան, ԱՄՆ-ում Դուք բավականին լուրջ հաջողությունների եք հասել, Հայաստանում էլ Ձեզ շատ սիրում են: Հետաքրքիր է իմանալ, թե որտեղի՞ց եք Դուք արմատներով:

 

 

-Հայրս Արևաշատ գյուղից է, և նա պատերազմի ժամանակ որպես զինվոր գնացել է Գերմանիա, գերի է ընկել, որից հետո ամերիկացիները նրան ուղարկել են ԱՄՆ: Այնտեղ նա ծանոթացել է մորս հետ, ով ծնվել է Ամերիկայում, նրա ծնողները Լենինգրադից են եղել: Հայաստանում ավելի շատ Դավիդյաններ կան, քան Ամերիկայում, ուստի այստեղ գալուց ինձ տանն եմ զգում: Շատ հարազատ է ինձ Հայաստանը:



-Ձեր մանկությունն Ամերիկայո՞ւմ է անցել:

 

 

-Այո', բայց հայերի մեջ: Իմ բոլոր մանկական ընկերները հայ են, երիտասարդ տարիներից դաշնակցություն կուսակցության անդամ ենք եղել, միմյանց տանն ենք մեծացել:



-Իսկ Դուք Ձեզ ավելի շատ ամերիկացի՞ եք համարում, թե հայ:

 

 

-Ամերիկահայ: Ամերիկայում ես սովոր եմ եղել ազատության, և երբ ես 13 տարեկան էի, մի տեղ կարդացի ազատ Հայաստան արտահայտությունը և սկսեցի մտածել, թե ինչի պետք է ազատ Ամերիկա լինի, իսկ ազատ Հայաստան չլինի: Այդ ժամանակից ես ամեն ինչ արել եմ, որ հայերը միասնական լինեն, ես չգիտեի, որ Սովետը պիտի փլուզվեր և Հայաստանն ազատ կլիներ: Սովետի ժամանակ հայրս երեք անգամ եկել է Հայաստան, ինձ ասում էր, որ դու չես գնա Հայաստան, քանի որ մեծ բերան ունես, որ գնաս, քեզ Սիբիր կուղարկեն: Այդ պատճառով ես չէի գալիս, բայց Հայաստանը հենց ազատ դարձավ, ես եկա: Այդ ժամանակ այստեղ ջուր, լույս չկար, բայց ես ուզում էի Հայաստանը տեսնել: Հիմա խոսում են այն մասին,  որ Հայաստանը Ռուսաստանին միանա, բայց ես որպես դերասան և մարդ,  համաձայն չեմ, որ ռուսների հետ միանանք, որովհետև ես կարծում եմ, որ աշխարհը պիտի նայի, որ տղային ազատություն տվեցինք, մեծացավ, չկարողացավ իրեն լավ դրսևորել ու նորից գնաց հոր տուն: Նույն բանն է, որ երեխան մեծանում է, ուզում է տանից գնալ, թողնում ես, բայց հետո նա չի կարողանում ապահովել իրեն և հետ է վերադառնում, դա լավ չի:



-Իսկ ի՞նչ ընտանիքում եք մեծացել, քանի՞ քույր և եղբայր ունեք:

 

 

-Ես ունեցել եմ մեկ քույր: Հիմա հայրս, մայրս, քույրս մահացել են, մնացել եմ ես, կինս ու երկու տղաս: Մի տղաս արդեն ամուսնացել է, առանց իմ պնդելու ամուսնացել է հայ աղջկա հետ: Երկու տարի է արդեն ամուսնացած են, և թոռ կսպասեմ, ամեն տեղ ասում եմ, բայց դեռ ուզում են Հայաստանը տեսնել:

Մեր համար կարևոր է, որ մարդը հայ է՝ կապ չունի, թե որտեղից է՝ պարսկահայ, սիրիահայ, լիբանանահայ, կապ չունի, կարևորը վերջին հայը կա: Հայը մնում է հայ:



-Իսկ Ձեր ծնողներն ի՞նչ մասնագիտություն են ունեցել:

 

 

-Զիբիլ կհավաքեին: Դա է, որ ինձ զարմացնում է, որովհետև Ամերիկայում երկու-երեք հայ են միացել 30-ական թվականներին, և մտածել են, թե ինչ անեն, որ ոչ ոք չի անում: Ոչ մեկը զիբիլ հավաքել չի սիրում, բայց զիբիլի գործը երեսուն-քառասուն տարվա մեջ բիլիոններ է ստեղծել, հիմա 90%-ը վաճառել են, հայերը էլ այդ գործում չկան, բայց մի ժամանակ Լոս Անջելոսի մեջ 500 զիբիլ հավաքող  կազմակերպություն կար, որից  280-ը հայերինն էր, բայց փող էին ստեղծում, իրար օգնում էին: Հիմա մեր երեխաները կազինոներ ունեն, տներ ունեն, ուսում են ստացել, շատ տեղեր են արդեն մտել, բայց սկզբում մեր ծնողները շատ տեղեր են աշխատել, որ մեր երեխաներն այսօր ուսում ստանան: Մենք պետությունից ոչ մի դրամ չենք ուզում, մենք չարչարվել ենք, բայց փող չենք ուզել: Դա նոր է սկսվել, մենք չենք սիրում դա,  քանի որ այդ պատճառով մեր պատիվն ընկնում է:



-Ինչպե՞ս ընտրեցինք դերասանի մասնագիտությունը:

 

 

-Իմ մամայիս մայրը Ռուբեն Մամուլյանի խմբում է եղել: Նրանք Կալիֆորնիա էին գնում և թատրոններ էին խաղում, ես 13 տարեկանում տեսա բեմի վրա  դերասանական խաղը, և դա ինձ  շատ գրավեց: Ես երեխա ժամանակից մինչև 39 տարեկան զիբիլի գործ եմ արել, և դերասանություն եմ արել, և դպրոց եմ գնացել, և համալսարան եմ գնացել և ավարտել եմ՝ որպես դերասան: Տանսմեկ անց կես թատրոնը վերջանում էր, գնում էի զիբիլ էի հավաքում, բայց եկավ ժամանակ, երբ հասկացա,  որ միայն դերասանություն եմ ուզում անել: Դեռ չեմ հասել այնտեղ, որտեղ ուզում եմ, դեռ շատ բան կա անելու:



-Առաջին անգամ ե՞րբ ֆիլմում նկարահանվեցիք և ի՞նչ զգացիք:

 

 

-Առաջին անգամ, որ դրամով էր և ինձ շատ գումար տվեցին, 22 տարեկան էի: Նկարահանման ժամանակ ինձ այնքան գովեցին, ես էլ այնքան ուրախացա, որ գնացի պրեմիերայի, որ տեսնեի ինձ, բայց ինձ ամբողջովին կտրել-հանել էի: Ընդհանրապես չկայի ֆիլմում: Չեք կարող պատկերացնել, թե ինչ ցավ էր, քանի որ ընկերներիս և ընկերուհուս տարել էի ինձ հետ, ռեժիսորն ամբողջ ընթացքում գովել էր ինձ շատ, բայց կտրել-հանել էր ամբողջությամբ:



-Ինչ ծրագրեր ունե՞ք Հայաստանում, ի՞նչ անակնկալներ կարող ենք սպասել:

 

 

-Նախ ուզում ենք մեր նոր ֆիլմը նկարահանել, տեղերն են որոշում: Ֆիլմը ռոմանտիկ կոմեդիա է, սիրո գորգի պատմություն է: Մի ամերիկահայ տղա, ով անգամ հայերեն չգիտի, գալիս է Հայաստան՝ իր ընտանիքի գորգը փնտրելու համար, ընթացքում սիրահարվում է և այլն: Այդ նախագիծը մենք ուզում ենք մայիս ամսին սկսենք, նկարահանման վայրերն արդեն ընտրել ենք:

Երկրորդ նպատակի շուրջ հիմա պետության հետ ենք խոսում: Դա վերաբերում է ֆիլմի մասին օրենքի ընդունմանը, որի համաձայն համաշխարհային կինոներկայացուցիչները կարող են գալ Հայաստան և այդ օրենքներին հետևելով ֆիլմեր նկարեն համաշխարհային շուկայի համար:

Մենք նաև ուզում ենք նոր ստուդիա ստեղծել այստեղ՝ ամերիկյան պայմաններով, ամերիկյան ստանդարտներով և մոտ 8-10 000 աշխատատեղեր կբացվի Երևանում, եթե ծրագիրն իրագործվի:



-Պատկան մարմինների հետ արդեն խոսե՞լ եք օրենքի ընդունման վերաբերյալ:

 

 

-Այո', իմ կարծիքով նրանք էլ են ցանկանում ընդունել այս օրենքը, ուղղակի դա երկար գործընթաց է: Դավիթ Հարությունյանի հետ ենք ծանոթացել, նա մեծ սիրով ընդունեց մեզ, այս կոնցեպտը բավականին լավ է ընդունում, մնացածն արդեն մենք աշխատում ենք, որ ներկայացնենք իրենց պահանջած ապացույցները: Եթե ամեն ինչ հաջող լինի, այդ օրենքը կներկայացվի տարվա սկզբին:

Ուրիշ երկրներում այդ օրենքն ունեն, ուստի շատ երկրներից գնում են այլ երկրներում են ներկայացնում իրենց ֆիլմերը: Մենք հազարավոր հայեր ունենք, ուստի այդ օրենքը լինելու դեպքում, կարող ենք Հայաստան գալ , մեր ֆիլմերը ներկայացնենք:



-Հայկական ներկայիս կինոարտադրության և մեր դերասանների մասին ի՞նչ կարծիք ունեք:



-Ես այս գործն անում եմ, որովհետև այն կոչվում է շոու բիզնես:  Երբ ներդնողը մեկ դոլար տալիս է, ապա ես պարտական եմ նրան երկու դոլար հետ տալ: Հայաստանը պետք է հասնի դրան, կինոյով գումար չեն կարողանում  սարքել: Այստեղ կինոներ են նկարում, որոնք դուրս չեն գնում: Ամերիկական կինոները, որ նկարում են, ամեն տեղ են գնում, և գումար են ետ բերում: Սա միայն արտիստի գործ չէ, պետք է դրամ սարքել, որովհետև, եթե գումար չաշխատես, ապա մեկից պետք է ուզես, բայց մի անգամ կանեն, երկու-երեք, էլ չեն անի: Պետք է արևմտյան ոճը սովորեն, շատ անգամ Հայաստանում կինոներում խաղում են, ինչպես բեմում, դա սխալ է:  Արտիստիկ կինո կա այստեղ, բայց քոմերշիալ կինո չկա: Կինոյի մեջ պետք է զվարճանք լինի, բայց դրա հետ միասին այն պետք է գումար բերի: Կինոարվեստը բացի արվեստ լինելուց, նաև բիզնես է և լուրջ բիզնես, այ սա պետք է հասկանան Հայաստանում: 

Նույն շարքից