Իրավական 

Կարո Կարապետյանն այս անգամ չէր ներկայացել դատական նիստին. մանրամասներ

analitik.am

 Մասիս քաղաքում գտնվող Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր, տուժող Կարո Կարապետյանի և  ամբաստանյալ, նույն  մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դատավարությունը:  


Տուժող Կարո Կարապետյանը դատարան չէր ներկայացել:


Նիստի սկզբում պաշտպանության կողմը հանդես եկավ հայտարարությամբ: Ամբաստանյալի պաշտպան Սուսաննա Սարգսյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստի ժամանակ տուժող Կարո Կարապետյանը և սույն գործով վկա Օնիկ Հովհաննիսյանը ցուցմունք տալու ժամանակ կատարել են մի շարք հայտարարություններ, որոնց վերաբերյալ պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով իրավական գնահատական տալ նշված երկու անձանց հայտարարություններին և կից ներկայացրել է դատական նիստի տեսաձայնագրությունը:

Այնուհետև  Ս. Սարգսյանը  բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող  դատավոր Թաթուլ Պողոսյանի դեմ՝ ելնելով այն հանգամանքից, որ ըստ Ս. Սարգսյանի՝ նախորդ դատական նիստին կոպտորեն խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածները, որոնք մասնավորապես սահմանում են  դատաքննության կարգը։


Ըստ պաշտպանության կողմի՝ նախորդ դատական նիստին տուժող կողմը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի, մասնավորապես՝ ամբաստանյալի նկատմամբ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, միջամտել վկա Օնիկ Հովհաննիսյանի հարցաքննությանն ու ուղղորդել նրան:  «Այս հանգամանքները դատարանի կողմից պատշաճ արձագանք չեն ստացել, որի արդյունքում խախտվել է քրեադատավարական կարգը: Այս ամենից ելնելով՝ գտնում ենք, որ դատարանը չի կարող շարունակել գործի քննությունը և բացարկի միջնորդություն ենք ներկայացնում նախագահող դատավորին»,- հայտարարեց ամբաստանյալի պաշտպանը: Այդ մասին առավել մանրամասն՝ կից տեսանյութում:


Սույն գործով մեղադրող Կարեն Բիշարյանը և տուժողի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը առարկեցին միջնորդությունը: Պաշտպանության կողմի ներկայացրած բացարկի միջնորդությունը  դատարանը մերժեց: Մերշման օրինականությանը կանդրադառնանք ավելի ուշ:


Նիստին ամբաստանյալի պաշտպանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց, որը ևս մերժվեց:


Նիստին ցուցմունք տվեց գործով վկա Ռոբերտ Մովսիսյանը, որը որպես բանվոր աշխատել է այն վայրին մոտ, որտեղ տեղի է ունեցել Կարո Կարապետյանի և Արթուր Զադոյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Պատմեց, որ ինքը և գործով մյուս վկան՝ Էդուարդ Հարվերդյանը, 2009 թվականի հոկտեմբերի 5-ի առավոտյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհատվածում  «բորդյուր էին շարում», երբ «սև յաշիկը ճռացնելով կանգնել է»: «Մեքենան ճոճվում էր: Մտածեցի, թե ուրիշ բան են անում:  Մեկ էլ հետևի դուռը բացվեց, երկու հոգի փաթաթված իջան։ Մեկի գլխից արյուն էր գալիս: Իրար փաթաթված հասան առջևի դռան մոտ»,- պատմեց վկան:  Ըստ նրա՝ հետո արյունոտված գլխով մարդը՝ Կ. Կարապետյանը, գոռացել է, թե «խփի, ես մեռա»:   Վկայի խոսքով՝ հետո Ա. Զադոյանը մի քանի մետր հեռու է գնացել ու կռացել, իսկ Օ. Հովհաննիսյանը կրակել է օդ, քիչ հետո Ա. Զադոյանը նորից է կռացել ու վարորդը նորից օդ կրակել:  Դրանից հետո Կարո Կարապետյանը վարորդի ձեռքից վերցրել է ատրճանակն, ըստ վկայի, Ա. Զադոյանի ուղղությամբ է կրակել: Իսկ ինքն ու Էդուարդը փախել են, ճանապարհին ևս մեկ կրակոց են լսել, ու նստել տաքսի, հեռացել:


Ռ. Մովսիսյանը հակասական ցուցմունքներ տվեց, ինչի պատճառով  ամբաստանյալի պաշտպանը և տուժող կողմի ներկայացուցիչները միջնորդեցին ընթերցել վկայի նախաքննական ցուցմունքը: Մասնավորապես, նա այսօրվա ցուցմունքում նշեց, որ դեպքի ժամանակ չորս կրակոց է լսել՝ երկուսը վարորդ Օ. Հովհաննիսյանն է կրակել, մեկը էլ՝ Կ. Կարապետյանը, իր խոսքով՝ իրենք երրորդ կրակոցից հետո փախել են ու չորրորդ կրակոցն են լսել ճանապարհին:  Իսկ նախաքննական ցուցմունքում նա նշել է, որ ականատես է եղել երկու կրակոցի՝ վարորդն է կրակել օդ, հետո՝ մեկ կրակոցի՝ Կ. Կարապետյանն է կրակել, իսկ փախչելու ժամանակ լսել է ևս երկու կրակոցի ձայն՝ մեկը մյուսի հետևից մեկ վայրկյան տարբերությամբ: Մինչ այդ նա նշեց, որ դեպքի ժամանակ մեղադրյալ Արթուր Զադոյանը սպառնալիքներ չի հնչեցրել Կարո Կարապետյանի հասցեին, մինչդեռ նախաքննական ցուցմունքում նա հայտարարել է, որ  Զադոյանն ասել է՝ «հանում եմ՝ գյուլեմ, սատկացնեմ»:


Այս գործով հաջորդ դատական  նիստը կկայանա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, որի ժամանակ ցուցմունք կտա նաև գործով վկա Էդուարդ Հարվերդյանը, ով այսօր ևս ներկա էր դատարանում:


Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Զադոյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու համար: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և  տվել սպանության սպառնալիքներ:  Զադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: 


Նշենք, որ այս գործով այս տարվա հոկտեմբերի  14-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ամբաստանյալ  Արթուր Զադոյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը բացարկի միջնորդություններ է արել սույն քրեական գործով մեղադրանքի պաշտպանությունն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Կարեն Բիշարյանի և տուժող Կարո Կարապետյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի դեմ: Նախագահող դատավոր  Թաթուլ Պողոսյանը երկու դեպքում էլ մերժել է միջնորդությունները:

 

Նույն շարքից