Բիզնես Վերլուծական Տնտեսություն 

Կառավարությունը տնտեսության գերակա ճյուղ է համարում խաղատու՞նը

analitik.am

Այն, որ ՀՀ-ում մշտապես առկա են եղել պետության կողմից լուծվելիք հարցերի առաջնահերթությունների ճիշտ սահմանման հետ կապված բարդություններ, հայտնի իրողություն է: Մեր դաժան իրականության մեջ շատ հաճախ քաղաքական վերնախավի` հանձին  դրա կարկառուն ներկայացուցիչ հանդիսացող Հովիկ Աբրահամյանի, ուշադրության կենտրոնում են հայտնվում այնպիսի ոլորտներ, որոնք այդքան էլ էական դեր չեն կարող խաղալ երկրի կյանքում: Դրա կողքին առատաձեռնորեն գումարներ է շռայլվում ու պետական գանձարանից ֆինանսական հատկացումներ կատարվում այնպիսի բնագավառների, որոնք չեն կարող էական ազդեցություն ունենալ մեր երկրի քաղաքացիների կյանքի որակը բարելավելու գործում:

 

Խնդիրն առավել սուր է ներկայումս, երբ նույն կառավարության ու նրա ղեկավարի ապաշնորհ ու փաստացի ձախողված քաղաքականության արդյունքում հասարակ քաղաքացիները կանգնել են, մեղմ ասած, փաստի առաջ:

 

Հայաստանը այժմ  չունի տնտեսության զարգացման հստակ տեսլական: Նշենք ընդամենը մեկ հանգամանք. Վերջին 10 տարում առաջին անգամ ընդունվեց մի բյուջե, որտեղ խոսք անգամ չի գնում աշխատատեղերի մասին, և սա այն դեպքում,երբ աշխատատեղերի խնդիրը թիվ մեկն է ամբողջ Հայաստանում:

 

Իր հարցազրույցներից մեկում վարչապետ Աբրահամյանը, խոսելով իր կառավարության պատասխանատվության շրջանակների մասին, ուշագրավ մի հայտարարությամբ հանդես եկավ,  ասելով, որ ՀՀ կառավարությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանում աշխատատեղերի ստեղծման համար: Այդ դեպքում հարց է ծագում,իսկ էլ ի՞նչն է, ուրեմն, կառավարության պատասխանատվության շրջանակներից ներս,եթե թիվ մեկ խնդիրը Հովիկ Աբրահամյանն իր իրավասություններից դուրս է համարում.միգուցե սեփական բիզնեսներն ամեն գնով առաջ տանելու հա՞րցը, ինչի արդյունքում տուժում են բոլորը,բացի բիզնեսի սեփականատիրոջից:

 

Երկրում ստեղծված նման սոցիալ-տնտեսական պայմաններում, երբ աշխատատեղերի խիստ պակաս է զգացվում, իսկ գործազրկությունը, մանավանդ, երիտասարդության շրջանում, տիտանական ծավալների է հասել, աշխատավարձերն էլ հիմնականում շարունակում են մնալ խիստ անբավարար, կառավարությունը շարունակ իր ուշադրության կենտրոնից դուրս է թողնում այնպիսի ոլորտների պատշաճ ֆինանսավորումը, որոնք կարող են վերաբերել, ասենք, մի ողջ սերնդի և շոշափել նրանց անմիջական շահերը: Խոսքը վերաբերում է պետության կողմից երիտասարդների հանդեպ վարվող քաղաքականությանը, որը ոչ մի կերպ հաջողված չես համարի: Պատկերը ամբողջացնելու ու մեր խոսքը փաստերով հիմնավորելու համար բավական է մեջբերել այդ ուղղությամբ կատարված վերջին հետազոտությունների արդյունքները: Այսպես. համաձայն բոլորովին վերջերս անցկացված «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» անունը կրող հետազոտության՝ Հայաստանում երիտասարների 48%-ը աշխատանք չունեցող և չփնտրող են, 20%-ը` գործազուրկ և աշխատանք փնտրող, 28%-ը զբաղված է,սակայն գտնվում է արտագաղթի բարձր հավանականության ծիրից ներս:



Հայտնի է՝ որքան երիտասարդությունը հաջողակ է ու կայացած, այնքան լուսավոր է տվյալ երկրի ապագան: Եթե ուսումնասիրենք տնտեսապես զարգացած երկրների փորձը, ապա կնկատենք, որ դրանցում ամենաակտիվն իրենց դրսևորում են հենց երիտասարդները, ովքեր էլ ձևավորում են այդ երկրներներում առկա հիմնական միտումները՝ նախանշելով դրանց զարգացման հետագա ուղին:

 

Այս ամենը, անշուշտ, հնարավոր է դարձել շնորհիվ այդ երկրների կառավարություների կողմից վարվող իմաստուն քաղաքականության, որոնք դեռ վաղուց են հասկացել, որ երիտասարդությունը այն կարևորագույն հասարակական շերտն է, որի հաշվին ֆինանսական խնայողություններ անելը նման է ինքնասպանության:

 

Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ: Երբ ուսումնասիրում ես Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին օրենքը՝ փորձելով կազմել պատկերացում մեր երկրի առաջնահերթությունների մասին (սովորաբար առաջնահերթություն հռչակված ոլորտները,ըստ տրամաբանության, ավելի լավ են ֆինանսավորվում),ակամա բախվում ես տարօրինակ պատկերի. Նույն կառավարության կողմից երիտասարդական քաղաքականությանն ուղղված ֆինանսական միջոցները շատ ավելի համեստ են, քան պետք է լինեին, քանի որ,ինչպես հայտնի է, արդեն վաղուց մեր երկրում այս ոլորտը հայտարարված է ՝ ռազմավարական նշանակություն ունեցող:

 

Միգուցե պատճառը ոչ թե ֆինանսական միջոցների սակավությունն է,այլ դրանց անարդյունավետ բաշխումն ու կառավարո՞ւմը,ո՞վ գիտե:


Մեր հաջորդ հրապարակումներում կանդրադառնանք նաև մյուս՝ ոչ պակաս կարևոր ոլորտներին, որոնք ևս զուրկ են մնացել կառավարության ու նրա ղեկավարի ուշադրությունից ու պատշաճ հոգածությունից:

Կատվաքայլ մոդել Զառա Մինասյանը գովազդում է խաղատուն (դեկտեմբեր 2014)


 

 

Հ.Գ. Այս ամենի ֆոնին առնվազն տարօրինակ է կառավարության երիտասարդ աշխատակցուհի Զառա Մինասյանի ֆենոմենը, ում մասնագիտական գիտելիքները մենք կասկածի տակ ենք առնում: Ինչպես նախորդ, այնպես էլ այս և ապագա նյութերում մենք կատվաքայլ մոդելին անդրադառնում ենք որպես երևույթ, այլ ոչ թե անձ: Ինչևէ, Զառան,  բացի ՀՀ Կառավարության աշխատակազմի աշխատակցուհի (ինչպես ներկայանում էր Զ. Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում) և մոդել  լինելուց, զբաղված է նաև խաղատուն գովազդելով: Հետևությունը մեկն է՝ խաղատունը մեր երկրում պաշտոնապես սկսել է համարվել գերակա ճյուղ:



Կառավարության  «աշխատակիցը»  խաղաքարտերը ձեռքին խորհրդանշում է այսօրվա մեր թշվառ իրականությունը:


 

Կարեն Մեսրոպյան

Նույն շարքից