Ռազմական 

Սեյրան Օհանյան. Բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին զգոն լինել

analitik.am

Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին հեռահաղորդակցության միջոցների եւ տեսակապի շնորհիվ ներգրավված էր նաեւ բանակային զորամիավորումների եւ պաշտպանության բանակի հրամկազմը: Խորհրդակցությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ազգային բանակում իրականացվող տարաբնույթ միջոցառումների, զգոնության բարձրացման խնդիրների, վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագծում տիրող օպերատիվ իրավիճակի քննարկմանը:

Ներկայացնելով խորհրդակցության աշխատանքային օրակարգը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ կարեւորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում զինանձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը՝ մատնանշելով հայոց բանակի բացառիկ դերը՝ որպես հայ ժողովրդի անվտանգության ապահովման եւ Հայոց ցեղասպանության նման դաժան ոճրագործությունների կանխարգելման  երաշխավոր:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունը առանձնակի հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սովորաբար հիշատակի եւ տոնական օրերին հակառակորդը դրսեւորում է աննախադեպ լարվածություն, ուստի բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ եւ զգոնությամբ հետեւել հակառակորդի գործողություններին:

Վերը նշված հարցերի վերաբերյալ տեսակապի միջոցով կարճ զեկույցներ են ներկայացրել բանակային զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաեւ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում՝ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Պատասխանելով պաշտպանության նախարարի հարցադրումներին՝ զեկուցողները փաստել են, որ իրենց ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներն արդեն անցել են ամառային ռեժիմի, համաձայն ուսումնական պլանի՝ շարունակվում են  գործնական ու տեսական պարապմունքներն ու մասնագիտացված դասընթացները: Այս ամենից զատ՝ զորամասերը լայնորեն ներգրավված են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված միջոցառումներին՝ սերտորեն համագործակցելով նաեւ դպրոցների եւ ԲՈՒՀ-երի հետ:

Խորհրդակցության ավարտին եզրափակիչ ուղերձով հանդես է եկել Սեյրան Օհանյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով Հայոց բանակի ներգրավվածության անհրաժեշտությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցկացվող միջոցառումներին: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարի կողմից տրվել են մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ:

Նույն շարքից