Հարցազրույց 

Խաչիկ Ասրյանը՝ Հայաստանը նոր վարչապետ ունենալու մասին

analitik.am

   Երեկ երբ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ է իր համար նախատեսվում նոր կառավարությունում, այսպիսի պատասխան տվեց. «24-ժամյա աշխատասիրություն և չափավորելու կարիք ունեցող պատասխանատվություն»:


 

         - Պարոն Ասրյան, Հայաստանի քաղաքական դաշտում Դուք համարվում եք կոշտ և սկզբունքային դիրքորոշում ունեցող բաց գործիչ: Ո՞րն է Ձեր և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գնահատականը Հայաստանի նոր վարչապետի նշանակման հարցում:


        - Նախ, կոշտ  և կոպիտ ասողի խոսքը միանշանակ ճշմարտությունն է, որից ոչ-ոք չի կարող փախչել: Իսկ սկզբունքային դիրքորոշում ունեցող և բացեիբաց հայտարարող պետական և քաղաքական գործիչները բոլոր ժամանակներում էլ իրենց ազնվությամբ, աշխատասիրությամբ նպաստել են հայոց պետականության կայացման և զարգացման գործընթացներին: Սա՝ ի գիտություն բոլորին:

 

       Ինչ վերաբերում է իմ և բազմահազարանոց «Հայոց Արծիվների» գնահատականին՝ Հայաստանի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցում՝ միանշանակ դրական է: Ինչո՞ւ: Նախ, բազմիցս նշել եմ, որ ինքս և «Հայոց Արծիվները» լինելով հայրենատեր, պետականամետ, ապրելով և առաջնորդվելով «Հայոց պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» եռամիասնության արժեքային համակարգով, մեզ համար երբեք քննարկելի չեն եղել հայոց նախագահ Սերժ Սարգսյանի որոշումները, առավել ևս, որ այն ուղղված է բարձր կառավարման համակարգին: Ավելին, վերջին յոթ տարիներին Հայաստանում տեղի ունեցած համապետական չորս ընտրությունների ընթացքում բազմիցս շփվել և առնչվել եմ Հովիկ Աբրահամյանի հետ ու ծանոթ եմ նրա գործունեությանը և վստահ եմ, որ այս ժամանակահատվածում ի հայտ եկող գրեթե բոլոր մարտահրավերներին, բոլոր խնդիրներին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր անցած փորձառու ճանապարհով, իր աշխատասիրությամբ և պատասխանատվությամբ, հայոց նախագահի ու հայրենատեր քաղաքացիների աջակցությամբ տալու է շոշափելի լուծումներ և հստակ պատասխաններ:

 

 

      - Ո՞ւմ եք տեսնում Հայաստանի ապագա կառավարությունում:


     - Եթե կարճ ասեմ, լավագույններին, այսինքն՝ ազնիվներին, աշխատասերներին, փորձառուներին: Բայց, ինքս, որպես անցած 25 տարիների ընթացքում հայրենասիրական և հասարակական դաշտում հայրենանվեր ու մեծածավալ աշխատանք իրականացնող քաղաքացու և վերջին 7 տարիների ընթացքում պետական կառավարման համակարգում տարեցտարի բարձր արդյունքներ արձանագրած պաշտոնյայի, լավագույնների շարքին միանշանակ դասում եմ հայոց նորագույն պատմության պատմական կերպարներից մեկին՝ արցախյան հերոսամարտ հաղթանակած, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, ում, ի դեպ, սրտանց շնորհավորում եմ պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, և Հայաստանի ներքին անվտանգության՝ ոստիկանության համակարգում մեծագույն և շոշափելի, անշրջելի բարեփոխումներ իրականացնող, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:

 

     Նշածս անհատներին ես դասում եմ լավագույնների շարքին, հատկապես նրանց կողմից հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար:

 

 

       – Ըստ Ձեզ, նոր ձևավորվող կառավարությունում կլինե՞ն նոր դեմքեր, կամ ո՞ւմ կցանկանայիք տեսնել նոր կառավարությունում:


        - Ըստ իս, Ձեր հարցը շատ պրովոկացիոն է, բայց ես  կպատասխանեմ: Նախ, բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ նոր կառավարության ձևավորման և հաստատման հարցը բացառապես հայոց նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի վարչապետի իրավասություններն են: Այս հարցի շուրջ հնչեցվող բոլոր կարծիքները, այդ թվում նաև իմը, զուտ անձնական ցանկություններ են, սակայն ի տարբերություն շատ շատերի, որոնց ցանկությունները կարող են անձնական շահադիտական նպատակներ  հետապնդել, իմ ցանկությունները հանուն մեծ և հզոր Հայաստան կերտելուն է ուղղված: Վերջին 7 տարիների ընթացքում գործնական շփումներ ունենալով շատ պրոֆեսիոնալ գործիչների, այդ թվում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ՝ հատկապես Հայաստանի վերջին 4 համապետական ընտրությունների ընթացքում, բազմիցս համոզվել եմ, որ շատ երիտասարդ տարիքում պետական կառավարման համակարգում մեծագույն պատասխանատվություն կրած, հայոց պետականության օրենսդիր մարմնում փորձառու և գրեթե անթերի քաղաքական գործունեություն ծավալած, հայրենի ընտրական համակարգում ժողովրդավարության կայացման գործում կարևոր դերակատարում ունեցած  Դավիթ Հարությունյանն իր տեսակով կարող է նոր թափ հաղորդել Հայաստանի նոր կառավարության գործունեության առաջընթացին՝ նշանակվելով կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի պաշտոնում:

 

    – Պարոն Ասրյան, չափից դուրս համարձակ և անձնավորած դիրքորոշում չե՞ք հայտնում:


     - Ավելի քան վստահ եմ, որ ավարտվել են մութ պադվալներում «մուտիլովկաներ» հորինող և տարբեր կաբինետներում, տարբեր շրջապատներում այն արտահանող ստրուկների անփառունակ գործողությունների ժամանակը: Եկել է աչքերի մեջ նայելու և եզակի ճշմարտությունն ասելու ժամանակը:

 

   – Պարոն Ասրյան, իսկ Ձեզ համար ի՞նչ է նախատեսվում նոր կառավարությունում:


     - 24 ժամյա աշխատասիրություն և չափավորելու կարիք ունեցող պատասխանատվություն:

 


«Ժողովուրդ» օրաթերթ

16.04.2014 թ.

Նույն շարքից