Հայաստան Հասարակություն 

Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական և տնտեսական ենթատեքստ ունի. Իրավաբան

analitik.am

Մամուլի ասուլիսի ժամանակ, որը հրավիրվել էր ի պաշտպանություն ծագումով արցախցի հայ գործարար Լևոն Հայրապետյանի, ՌԴ մայրաքաղաքից հեռախոսային կապով ասուլիսին միացավ իրավաբան Արթուր Սաֆարյանն ու իր անձնական կարծիքը ներկայացրեց. Նրա ձերբակալությունը քաղաքական և տնտեսական ենթատեքստ ունի։


«Ռուսական կողմը ուզում է մի կրակոցով երկու նապաստակ սպանել՝ հա՛մ Ադրբեջանին հաճոյանա, հա՛մ էլ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի խնդիրը լուծի, այսինքն՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարց կա»,- հայտարարեց իրավաբանը, ով մշտական կապի մեջ է Հայրապետյանի հարազատների ու փաստաբանների հետ։


Արթուր Սաֆարյանը մանրամասնեց, թե «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հետ կապված Հայրապետյանը միջնորդ է եղել, իսկ այդտեղ ինչ-որ մեքենայություններ են եղել։ «Իհարկե, նպատակը այդ բաժնետոմսերի հետ է կապված, այնտեղ Ռախիմովի հետ կապված հարցեր կան (Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրտազա Ռախիմովի), գումարած Ադրբեջանը, որ հրճվում է ու իրենց մամուլի խրախճանքից հասկանալի է, թե որտեղից ինչ է պատվիրվել»,- ասաց նա։


Արթուր Սաֆարյանը հույս հայտնեց, որ ժամանակի ընթացում կապացուցվի։ «Խնդիրն այն է, որ Հայրապետյանը որևէ կապ չունի սրա հետ, բոլորս էլ գիտենք, որ Հայրապետյանն ավելի խոր բիզնես ծավալեց, որպեսզի ներդրումներ կատարի Արցախում, Հայաստանում։ Նա գումարի հետ կապ չուներ, որպեսզի նավթային հարցերին խառնվեր»,- ասաց նա։


Իրավաբանը նաև նշեց, թե քիչ առաջ է խոսել Լևոն Հայրապետյանի եղբոր որդու՝ Գուրգեն Հայրապետյանի հետ, ով տեղեկացրել է, որ հայ գործարարը գտնվում է «Матросская тишина» բանտի բուժմասում։


Նա նաև տեղեկացրեց, որ փաստաբանական խումբը՝ Ռուբեն Մարգարյանի գլխավորությամբ, նախատեսում է փոխել խափանման միջոցը. «Գործելու է այլ խումբ, ավելի ուժեղ։ Միջնորդություն է ներկայացվել, որ խափանման միջոցը փոխվի։ Առողջական վիճակը կներկայացվի, որպեսզի փոխվի տնային կալանքի, բայց փաստաբանների ասելով՝ քիչ հավանական է, որ տնային կալանքի փոխվի, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի եթե չհաջողվի տնային կալանքը, գոնե նորմալ հիվանդանոց տեղափոխվի, որտեղ գուցե 3-4 հսկիչների ներկայությամբ բուժումը շարունակի»։

 

Իսկ արդյո՞ք ՌԴ օրենք են խախտել Լևոն Հայրապետյանին կալանավորելով, իրավաբանը հաստատեց. «Համաձայն գործող օրենքի, որը փոփոխման է ենթարկվել 2011թ-ին և որում ներառված է հիվանդությունների ցանկ, որոնց առկայության դեպքում իրավունք չունեն կալանքի վերցնել, այդ նույն հիվանդություններն ունի Հայրապետյանը, բայց դա դատարանը հաշվի չի առել, կալանավորել են։ Պարզ է, որ պատվեր է, ինչո՞ւ պետք է հաշվի առնվել»,- ասաց նա։


Նա ի դեպ, տեղեկացրեց, որ դեռ պարզ էլ չէ, թե կոնկրետ ինչի համար են նրան մեղադրում. «Հուլիսի 24-ին նոր մեղադրանք են ներկայացնելու, և արդեն փաստաբանը կիմանա, թե կոնկրետ ինչի համար են մեղադրում»,-նշեց նա։ 

Նույն շարքից