Իրավական 

Լեյլա Յունուսն արժանացել է Sergio Vieria de Mello պարգևի

analitik.am

Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ, իրավապաշտպան Լեյլա Յունուսը հոկտեմբերի 24-ին արժանացել է Sergio Vieria de Mello պարգևի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է լեհական krakow.gazeta.pl կայքը:

Պարգևի շնորհման հանդիսավոր արարողությանը Լեհաստանի քաղաքական վերնախավի հետ միասին մասնակցել են նաև եվրոպական երկրների բազմաթիվ պաշտոնյաներ: Արարողությանը Ադրբեջանը ներկայացրել է ճանաչված քաղաքական վտարանդի գործիչ Աթախան Աբիլովը:

 

Պարգևը ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն նախկին հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոյի անվան է, ով 2003 թվականի օգոստոսի 19-ին զոհվել է Իրաքում պայթյունի հետևանքով:

Պարգևը հիմնադրվել է մի շարք միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ և շնորհվում է հեղինակավոր իրավապաշտպանների, խաղաղության համար պայքարող անձանց:

 

«Թուրան» լրատվական գործակալությունն այսօր հայտնել է, որ Կին իրավապաշտպանների միջազգային կոալիցիան Լեյլա Յունուսի թեկնածությունը ներկայացրել է 2015 թվականի համար խաղաղության Նոբելյան մրցանակի:


Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինները ձերբակալվել են պետական դավաճանության և այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով:

Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն: Amnesty International կազմակերպությունը նրանց «խղճի բանտարկյալներ» է ճանաչել:

 

 

Լեյլա Յունուսը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 30-ին` որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալ, ով գտնվում է հետաքննության տակ` Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հայրենիքի դավաճանության» հոդվածով:

Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, և իբր՝ համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ:

Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապօրինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենցն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից և նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ: 

Նույն շարքից