Մամուլի ակումբ 

Լեզվաբանները՝ Հայաստանում գովազդի լեզվի և որակի մասին

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի հյուրերն էին ԵՊՀ դասախոսներ, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Ներսիսյանը և բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Ադիլխանյանը:

Խոսելով Հայաստանում գովազդի լեզվի և որակի մասին՝  Նարինե Ներսիսյանը նշեց. ««Գովազդի մասին» ՀՀ օրենքի հինգերորդ հոդվածը սահմանում է՝ գովազդի լեզուն հայերենն է: Մեր լեզուն պետական լեզու է այսօր, և հայերեն լեզվի կիրառումը պարտադիր է բոլորի համար»:

 

Հարցին՝ արդյոք պահպանվում է եթերից հնչող գովազդի լեզվի մաքրությունը, բանախոսը պատասխանեց. «Գովազդներում, որոշ դեպքերում, կարելի է գեղեցիկ բառերի կիրառություն գտնել, սակայն, այսօրվա եթերը լեփ-լեցուն է հայոց լեզվի աղավաղումներով, սխալ գործածումից «ուշաթափված» բառերով, օրինակ՝ «իրական շահում», «իրական սուրճ» և այլն: Հայ գրագետ ունկնդիրն արդեն հոգնել է շարադասական սխալներից, որոնք միայն անհեթեթություն են ծնում՝ «անհատական գազի կաթսաներ», «բուրավետ աղբի փաթեթներ», «բուժից սեղանի հանքային ջուր», «միակ ատամի մածուկը Հայաստանում»»:

 

Խոսելով էլիտար բառի այսօրվա գործածման մասին՝ Ներսիսյանը նշեց. «Էլիտար բառն իր բառարանային իմաստից շատ է հեռացել, գովազդներում միշտ լսում ենք՝ «էլիտար շենք», «էլիտար խորոված», «էլիտար հանքային ջուր» և այլն: Մեր պատկերցումներն այդ բառի մասին փոխվել են, եթե անցյալ դարում էլիտար էր Հովհաննես Թումանյանը, ապա այսօր էլիտար է խորովածը»:

 

Անդրադառնալով «Գովազդի մասին»  ՀՀ օրենքին, բանախոսը շեշտեց. ««Գովազդի մասին»  ՀՀ օրենքում բացառություններն ավեի շատ են, քան հիմնական օրենքը, որն էլ հնարավորությունն է տալիս լեզվական սպրդումների: Եթերից հնչող հիմնական սխալները քերականական օտարաբանություններն են, օտար արտասանությունները, տրամաբանական շեշտի սխալ գործածումը, շարադասական սխալերը» :

 

Բանասիրական գիտությունների թեկնածուն կարևորեց նաև լեզվի կանոնակարգման և մաքրության հարցում ԶԼՄ-երի կարևորությունը՝ նշելով, որ ընդդիմադիր թերթերի հիմնական գործառույթը ժարգոնային բառերի օգտագործումն է: «Մեր լեզուն հարուստ ու ճոխ է, այն ազգապահպանման մեր հզոր զենքն է, մեր հոգու խիղճը: Այսօրվա մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք օտարամետ ենք, օտարի մեջ ենք տեսնում գեղեցկությունը, ոչ թե մեր մեջ: Ամեն առավոտ պետք է հիշել, որ որևէ լեզվով մաքուր խոսել չկարողանալը տգիտության արտահայտում է, եթե անձը սա միշտ հիշի, ապա չի աղավաղի մեր հայոց լեզուն»,- համոզված է Ն. Ներսիսյանը:

 

Նա անդրադարձավ նաև հապավումների սխալ կիրառմանը. «Հապավումներն այսօր շատ օգտագործվող բառերից են, եթե հապավումը նորաստեղծ է, ապա լրագրողները իրենց նյութերում՝ առաջին կիրառության դեպքում, պետք է փակագծերում գրեն նաև դրա բացատրությունը, իսկ բանավորում՝ հապավումը միայն բացված կարդան»:

 

Բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Ադիլխանյանը, անդրադառնալով Հայաստանում գովազդի լեզվին, ասաց. «Այսօր շուկայական ազատ պայամնները լայն հնարավորություններ են ստեղծում գովազդի համար: 1996 թվականին, երբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց, գովազդներում օգտագործվում էին նաև բարբառային բառեր, արտահայտություններ: Սակայն, այսօր այն ժամանակվա հեռուստագովազդի ու այսօրվա հեռուստագովազդի միջև բավականին մեծ տարբերություն կա: Այն ժամանակ հեռուստագովազդում հնչում էին բարբառային բառեր, որոնք շատ տհաճ էին հնչում եթերում, քանի որ դրանք սոսկ տարածքային նշանակություն ունեն: Այսօր մեր գովազդային նյութերը մշակվում են, սակայն այսօրվա հեռուստագովազդներում գործածվում է անհեթեթ գրագետ բառերի շարք, որոնց մեջ շատ իմաստային սխալներ կան, օրինակ՝ «Մենք արդեն բացվել ենք», «Գտի՛ր քո տունը», «Ապագան մեկնարկում է շուտով»»:

 

Խոսելով գովազդային ցուցանակների մասին, բանախոսը շեշտեց. « Գովազդային ցուցանակներում հիմնականում օտար բառեր են գրված լինում, օրինակ՝ «Քոֆֆի հաուս», «Գարդեն մոլ» և այլն: Կան օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները չկան, դրանց կիրառությունը հասկանալի է, սակայն, չեմ հասկանում, երբ հայերենում համարժեքը կա, բայց կիրառվում է օտար բառը: Մեր ժողովուրդը ռուսամետ քաղաքականությունից այժմ անցել է անգլիամետ քաղաքականության»:

 

Բանախոսը շեշտեց, որ Լեզվի տեսչությունն ու մեր կառավարությունն այս հարցով պետք է անպայման զբաղվեն, քանի որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ:

Նույն շարքից