Մամուլի ակումբ 

Իրաքում մահվան սուրը կախված է միայն եզդիների գլխին. Սաիդ Ավդալյան

analitik.am

Հյուսիսային Իրաքի եզդիները նոր ցեղասպանության վտանգի առջև են կանգնած:  Սինջար լեռան վրա պատսպարված եզդիները ցրված են լեռան տարածքով մեկ, և այդ է պատճառը, որ միջազգային հանրության` եզդիներին ուղարկվող մարդասիրական օգնությունն այդպես էլ տեղ չի հասնում: Այսօր Analitik մամուլի ակումբում Իրաքում եզդիների ցեղասպանության թեմայով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը:

 

Նա անթույլատրելի համարեց, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց` քսանմեկերորդ դարում, այժմ էլ ցեղասպանության են ենթարկվում եզդիները: «Սա եղեռն է, որին եզդիները ենթարկվում են տարիներ շարունակ: Մինչդեռ իրաքաբնակ քրիստոնյաներն այդքան սարսափելի վիճակում չեն:  Մահվան սուրը կախված է միայն եզդիների գլխին»,- ասաց Սաիդ Ավդալյանը:

 

Հայաստանի երիտասարդ եզդիների միության ղեկավարը նկատեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բավական հարուստ է, գերտերությունների թողտվությամբ սև շուկայում նավթ է վաճառում, ինչի հաշվին էլ կարողանում է պատերազմ վարել: «Ես ավելի քան համոզված եմ, որ իսլամիստները զենք ստանու են Արևմուտքից»,- հավելեց Սաիդ Ավդլյանը` հավելելով, որ Իրաքում մոտ 1.5 մլն եզդի է ապրում:

 

Ասուլիսի մյուս բանախոս, արևելագետ Սարգիս Գրիգորյանն էլ իր հերթին հավելեց, որ Հյուսիսային Իրաքում կատարվող բարբարոս գործողությունները խիստ դատապարտելի են: «Ինչ վերաբերում է ահաբեկչական կառույցի ֆինանսավորմանը, ապա գումարներ նա ստանում է նավթի, գյուղատնտեսական ապրանքերի վաճառքից, առևանգումներից, Այդ կազմավորումը բավական լուրջ գործոնների է տիրապետում»,- ասաց նա` հավելելով, որ չի կարծում` իսլամիստներին զինում է ԱՄՆ:

 

Անդրադառնալով անկախ Քրդստանի կազմավորման հարցին` Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ այդ իրողությունը դեռ շատ հեռու է, սակայն մի օր` իրականանալի: «Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից եզդիների ցեղասպանությանը տրվող գնահատականներին, ապա պետք է ասել, որ մեր երկիրը չունի այն լծակները, որ կարողանա լուրջ փոփոխություններ մտցնել իրաքյան դեպքերի մեջ, պարզապես պետք է զուգահեռ  բարձրաձայնել Հայոց ցեղասպանության իրողության մասին»,- ասաց արևելագետը:

Նույն շարքից