Վերլուծական Քաղաքականություն 

Իրաքի արյունալի մասնատման գործընթացը և եզդիներով բնակեցված Սինջար տարածքի ռազմավարական նշանակությունը

analitik.am

 

   Անցած շաբաթ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին, ընկրկելով շիա և սուննի քաղաքական շրջանակների բազմաթիվ պահանջներին, իշխանությունը զիջեց Հայդեր ալ Աբադիին: Մալիքին Սադամ Հուսեյնի բռնապետության տապալումից հետո, ստանձնելով վարչապետի պաշտոնը, չկարողացավ իրականացնել երկրում արդյունավետ կառավարում և հաստատել սուննի ու շիա մահմեդականների միջև համերաշխություն:


Վերջինս աչքի ընկավ ԲԱԱՍ կուսակցության ներկայացուցիչներին, որոնք հիմնականում սուննիներ էին, երկրի ղեկավար օղակներից ազատելու և այդ պաշտոններին շիաներին նշանակելու գործում: Մալիքիի կառավարումը հատկապես մեծ դժգոհություն էր առաջացնում սուննի ազգաբնակչության շրջանակներում:  Նա անգամ մերժեց Սադամ Հուսեյնի վերջին խնդրանքը` իրեն մահապատժի ենթարկել որպես զինվորական գնդակահարության միջոց, այլ ոչ թե կախաղան հանել:


 Եվ պատահական չէ, որ իսլամիստ ծայրահեղականների ռազմական գործողությունների ընթացքում Հուսեյնի բանակում ծառայած նախկին սպաները միացան ահաբեկիչների զինված ջոկատներին: Իսլամիստ  ծայրահեղականների սրընթաց հաղթարշավը բացահայտորեն ցույց տվեց Մալիքիի կառավարության լիակատար անկարողությունը երկրի պաշտպանության գործում և միայն ամերիկյան օդուժի հարվածների ու քրդական ուժերի հաջող հարձակումների շնորհիվ Բաղդադը փրկվեց ծայրահեղ  իսլամիստական զինված ուժերի ավերածություններից:


 Ներկայում Իրաքը բաժանված է երեք հատվածի`Բաղդադը և նրանից հարավ ընկած տարածքները գտնվում են կառավարության վերահսկողության տակ, կենտրոնական մասը զավթել են Լևանտի զինված խմբավորումները, իսկ հյուսիսում առաջացած քրդական ինքնավարության սահմաններն ամուր պահում են տեղի զինվորական ուժերը: Ամերիկյան օդուժի հարվածներից և քրդերի հակահարձակման անցնելուց հետո ծայրահեղական իսլամիստների զինված խմբավորումները ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը հյուսիսում ու չեզոքացնել քրդերի առաջխաղացումը`փորձելով հետ շպրտել նրանց Մոսուլի և Քիրքուքի շրջաններից:


Քրդերի համար, որոնք բացահայտորեն հայտարարում են անկախ քրդական պետության ստեղծման մասին, կարևորագույն նշանակություն են ստանում Մոսուլ և Քիրքուք քաղաքները: Լևանտի զինված ուժերի կողմից Քիրքուքի և նրա շրջակա տարածքների գրավումը,իսլամիստներին ուղիղ ճանապարհ է բացում դեպի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ: Իր հերթին Մոսուլը հանդիսանում է Հյուսիսային Իրաքի կարևորագույն ավտոճանապարհային և երկաթուղային հանգույցն: Այն Քուրդիստանի և Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների, որի հիմնական բնակիչները քրդերեն և համագործակցում են Բաշար Ասադի կառավարական ուժերի հետ, գլխավոր կապող օղակն է: Լևանտի զինյալները ամեն գնով փորձում են վերականգնել իրենց սասանված դիրքերը Մոսուլի շրջանում,  և այս պայմաններում իսլամիստների համար կարևոր ռազմավարական նշանակություն ձեռքբերվում եզդիներով բնակեցված ու Սիրիային սահմանակից Սանջարի տարածքը:


Գրավելով այս բարձրադիր գոտին՝ իսլամիստները լուծում են մի շարք ռազմավարական կարևոր խնդիրներ: Նախ էլ ավելի է ամրապնդվում ու դյուրացվում  Իրաքում և Սիրիայում մարտնչող իսլամիստական ջոկատների հաղորդակցությունը, հնարավորություն է ստեղծվում կարճ ժամանակահատվածում հասնել իրար փոխօգնության: Բացի այդ,  Սինջարի գրավումը ծայրահեղականներին բարենպաստ իրավիճակ է ընձեռում վերահսկողություն հաստատել Սիրիան և Իրաքը կապող Մոսուլ-Էլ- Քամիշլի երկաթուղու ու ավտոմայրուղու նկատմամբ`այդպիսով մեկուսացման մեջ գցելով  իրաքյան քրդերին և դժվարացնելով Սիրիայից   ստացվող կառավարական օգնությունը,  որի շնորհիվ քրդերն ապստամբ իսլամիստներից հետ գրավեցին Մոսուլի ամբարտակը:


Այս ամենով հանդերձ Լևանտի զինված խմբավորումները հարավորություն են ստանում դուրս գալ թուրք-սիրիական ու թուրք-իրաքյան սահմանային գոտի և ուղղակի կապ հաստատել իրենց հովանավորող Անկարայի իշխանությունների հետ: Դրա հետ մեկտեղ գրոհայինների ջոկատներն առանց մեծ դժվարությամբ կարող են հյուսիսից շրջանցել ու թիկունքից հարվածել Մոսուլին` «ակցանի» մեջ առնելով քրդերին և ծանր կացության մեջ դնելով նրանց: Սակայն այդ ամենը հնարավոր է իրագործել միայն Սինջարի գրավման և այդ տարածքում լիակատար վերահսկողություն հաստատելու պարագայում: Այդ իսկ պատճառով իսլամիստները ձգտում են հնարավորինս արագ տեմպերով տարածքն «ազատել» եզդիներից: Եզդիների կոտորածն իսլամիստների տեսանկյունից ռազմավարական անհրաժեշտություն է`ապագայում եզդի բնակչության կողմից տարատեսակ բարդություններ չունենալու համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝  գերտերություններն ու միջազգային կառույցները պետք է գործուն և իրական քայլեր ձեռնարկեն եզդիներին վերջնական բնաջնջումից փրկելու համար: Հակառակ պարագայում միջազգային համայնքը կստանա դաժան և արնախում մի կազմավորում`իրեն հորջորջող իսլամական խալիֆայություն, որի համեմատությամբ Սաուդյան Արաբիան կհամարվի ժամանակակից դեմոկրատական երկիր:


Սարգիս Լևոնյան

 

Նույն շարքից