Առողջապահություն 

Իրազեկումներ ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին

analitik.am

Երևանի իրացման կետերում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չվաճառելու և մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվական ցուցանակը փակցված է եղել միայն 34%-ում։ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքին իրազեկ է եղել հարցվածների 42%-ը, 35%-ը տեղյակ չէ օրենքի պահանջներից, 23%-ը՝ մասամբ է տեղյակ։ 12%-ի դեպքում եղել են անչափահասներին ծխախոտի վաճառքի մերժման դեպքեր, 88%-ի դեպքում՝ ոչ։ Հարցումներն իրականացված խանութների 29%-ը եղել է մեծ, 47%-ը՝ միջին, 24%-ը՝ փոքր։ Դիտարկված խանութների 28%-ը դպրոցներից եղել է մինչև 500 մ հեռավորության վրա, 72%-ը՝ 500 մ-ից հեռու։


  Այս ուսումնասիրություններն իրականացրել է «Միջազգային փորձի ուսումնասիրության գիտական կենտրոն» ՀԿ-ն, որը երեք ամիսների ընթացքում Երևանի ավելի քան 2000 վաճառքի կետերում իրազեկել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջները և դրանց խախտման դեպքում պատասխանատվության կարգը։ Ըստ այդ հոդվածի՝ արգելվում է ծխախոտի վաճառքն անչափահասների կողմից, ինչպես նաև վաճառքն անչափահասներին։ Համաձայն նույն հոդվածի` ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ զբաղվող բոլոր անձինք վաճառքն իրականացնելիս 18 տարեկանից ցածր արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին պարտավոր են ծխախոտ չվաճառել։ Եթե գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, ապա միայն այդ դեպքում ծխախոտային արտադրատեսակի իրացմամբ զբաղվողը կարող է կատարել ծխախոտի վաճառք։ Նույն օրենքը պահանջում է ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր փակցնել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չվաճառելու և առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ նախազգուշացում։


«Հոդված 8» խորագիրը կրող ծրագիրը «Միջազգային փորձի ուսումնասիրության գիտական կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։


Միջազգային փորձի ուսումնասիրության գիտական կենտրոնի ղեկավար Արտակ Սարգսյանը տեղեկացնում է, որ իրազեկումներն անցկացվել են նախապատրաստական դասընթացներ անցած կամավորների միջոցով։ Ծրագրի արդյունքում ձևավորվել է առաջարկությունների փաթեթ, որում, մասնավորապես, նշված է, որ պետք է սերտացնել համագործակցությունը լիազոր մարմինների հետ՝ էլ ավելի խորացնելու պայքարն անչափահասներին ծխախոտ վաճառելու դեպքերի բացահայտման և կանխարգելման համար։ Անհրաժեշտ է համագործակցել մեծածախ առևտրով, արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ՝ ծխախոտի վաճառքին զուգահեռ մանրածախ կետերին համապատասխան իրազեկման թերթիկների տրամադրման կամ ծխախոտի գովազդային տաղավարներին փակցնելու նպատակով։ Առաջարկությունները կներկայացվեն համապատասխան մարմիններին։


Արտակ Սարգսյանը, վկայակոչելով վիճակագրական տվյալները, նշում է, որ ծխողների 85 տոկոսը ծխել սկսել է հենց դեռահաս տարիքում: Եվ եթե անչափահաս տարիքում առօրյա ծխողներ չեն, ապա մեծ է հավանականությունը, որ նրանք ընդհանրապես չեն ծխի: Ուստի շատ կարևոր է իրազեկման աշխատանքներ կատարել հենց պատանիների, դեռահասների շրջանում։


 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից