Մամուլի ակումբ 

Իշխանափոխության գործընթացը սկսվել է. Լևոն Շիրինյան

analitik.am

Այսօր քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վերջին հայտարարություններին և սպասվող իրադարձություններին:

 

Նրա խոսքով`սկսվել է մի քաղաքական գործընթաց, որին պետք է փորձել չխոչընդոտել: Բանախոսը նշեց, որ կարող ենք ասել, որ իշխանափոխության գործընթացը սկսվել է և պետք է սպասել, որպեսզի տեսնենք հետագա իրավիճակը. «Մի բան պարզ է, որ իշխանությունը պետք է հենվի հիմնականում իշխանական ռեսուրսի վրա, իսկ ընդդիմությունը ժողովրդի զանգվածային ռեսուրսի վրա: Կատարվեց մի բան, մենք ունեցանք երկբևեռ քաղաքական համարկարգ: Մեր ցանկությունն է, որ այս հակամարտությունը, որ առաջացել է, գնա բարեկրթության շրջանակներում: Հակամարտությունը պետք է մնա փափուկ սահմանների մեջ, Հայաստանն իրեն չպետք է շռայլություն թույլ տա»:
Լևոն Շիրինյանն ասաց, որ պրոցեսն արագացված է, և հանգուցալուծումը սարերի ետևում չէ. «Չպետք է ժողովրդին ասել, որ ոչինչ չի փոխվելու, ոչ, կփոխվի, սակայն հարց է, թե ինչքանով կփոխվի: Կա մի բան, որ մենք բոլորս պետք է գիտակցենք, ճիշտ է, որ այսօր մարդիկ ընկճված են, աղքատ են, բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ նա կրողն է Տիգրան Մեծի կայսրության ժառանգության: Եթե լինենք այդպիսին, ժողովրդի վարկանիշը կբարձրանա»:

 

Անդրադառնալով ԲՀԿ-ի կազմակերպած խորհրդաժողովին նա նշեց, որ չի հասկանում, թե խորհրդաժողովն ինչու այսպես տագնապ առաջացրեց. «Դա կուսակցական ժողով չի եղել, դրան ես էլ եմ մասնակցել և կոնցեպցիա եմ առաջարկել: Բայց այնտեղ ոչ մի արտառոց բան չի եղել, իհարկե մեկը բարձր է խոսել և այլն, բայց դա ոչինչ չի նշանակում: Գուցե Հանրապետականի տագնապի համար ուրիշ խնդիր կա: Երկիրը ճգնաժամ է ապրում և հարցերը լուծվելու են»:
Բանախոսը նշեց, որ իշխանափոխության մեկնարկը տրված է: Նա գտնում է, որ իրենց մանդատները կդնեն ոչ միայն ԲՀԿ-ի, այլև ՀԱԿ-ի, Դաշնակցության և նույնիսկ հնարավոր է ՀՀկ-ի որոշ պատգամվորներ. «Ասվեց, որ պետք է Գագիկ Ծառուկյանի բիզնեսը ստուգվի, բայց ես չեմ հասկանում, թե Հանրապետականների բիզնեսմեններն ինչ են մտածել դա ասելուց: Սրանից հետո առաջանում է խորհրդարանական կտրուկ կամ տևական ճգնաժամ: Մենք կարող ենք ականատես լինել, ոչ միայն պարլամենտական ճգնաժամի, այլև քաղաքական: Քաղաքական կյանքն իր օրինաչափություններն ունի, եթե մեկը ձեռնոցը դնում է, մյուսն ասում է, որ վերցնում է, նշանակում է, որ ամեն ինչ պետք է գնա այս ճանապարհով>:

 

Քաղաքագետը գտնում է, որ քաղաքական գործընթացներն ու բիզնեսը չպետք է խառնել իրար. «Բիզնեսն ունի անվտանգութան երաշխիքների հարց, բայց Հայաստանի համար այս գործընթացը վտանգավոր է և ոչ մի բարոյական հորդոր չի կարող մարդկանց ստիպել, որ այդ գումարային հոսքը մնա Հայաստանում: Ես կառաջարկեմ այս քաղաքական հարցին ընդհանրապես բիզնեսը չխառնել: Բիզնեսը գնում է ապահովության հետևից, եթե մեկը տեսնում է, որ բիզնեսը գնացող է, ապա բիզնեսը գնում է այնտեղ, որ ինչ անի: Մտածում եմ, որ ԲՀԿ-ն կարող է իշխանություն դառնալ: Դուք գիտեք, որ Հանրապետականները ոչ թե կուսակցության շուրջ են հավաքված, այլ Սերժ Սարգսյանի: Տնտեսությունը պետք է կարողանան շուռ տալ դեպի անվտանգություն»:

 

Լևոն Շիրինյանը կասկած չունի, որ իշխանափոխություն է լինելու, եթե անգամ իշխանափոխություն էլ չլինի, ուրեմն Հանրապետական կուսակցությունը մաքրելու է իր շարքերը. «Պետք է կատարվի ռեալ բարեփոխումներ, մաքրելու է նրանցից, ովքեր քաղաքական դեմքեր չեն, նրանք պետք է գնան բիզնեսի շարքեր: Ժողովուրդը չունի այն գիտելիքը, բայց ունի իմաստություն և կգնա այնտեղ, որտեղ իր շահն է: Վերլուծաբանները պետք է երկու կուսակցությանը դեմ անեն մի բան, թե ինչ կոնցեպցիաներով են նրանք գալիս»:

Նույն շարքից