Հոգեբանի անկյուն 

Ինքնագնահատականի առանձնահատկությունները դեռահասության տարիքում

analitik.am

Դեռահասության  տարիքում մտածողությունը դառնում է աբստրակտ և ինքնուրույն, ակտիվ և ստեղծագործական, ինչպես նաև զարգանում են դեռահասի զգացմունքները: Նրանց բնորոշ է սեփական անձի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, իր անձնական որակները գիտակցելու և գանահատելու պահանջը: Այսինքն, մեծանում է ինքնադիտման հակվածությունը:  Վերլուծելով և գնահատելով իր վարքը` դեռահասը աստիճանաբար համեմատում է այն շրջապատողների, հատկապես ընկերների վարքի հետ:


Ինքնանկարագրության մեջ տարիքի աճին զուգընթաց փոխվում են նկարագրման կատեգորիաները. արտաքինը, ընկերները, սեփական իրերը իրենց տեղը զիջում են անձնային գծերին, վարքի կայուն առանձնահատկություններին, հետաքրքրություններին և արժեքներին, սեփական անձի նկատմամբ վերաբերմունքին և այլն: Ինքնանկարագրության համար փոքր երեխաներին բնորոշ է էգոցենտրիզմը, այն դեպքում, երբ դեռահասները աստիճանաբար գիտակցում են շրաջապատող մարդկանց կարծիքին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Նրանց մոտ մշակվում է իրենց կողքից նայելու ընդունակություն, որը իրենց մասին դատողություններին տալիս է օբյեկտիվություն: ժ. Պիաժեն կարծում է, որ այդ փոփոխությունները պայմանավորված են մտավոր ունակությունների և աշխարհին ուրիշի աչքերով նայելու կարողության զարգացման հետ: Այդ է պատճառը, որ ավագ դպրոցականները իրենց ինքնանկարագրության մեջ ներառում են նաև իրենց մասին ուրիշների բացասական դատողությունները, որը հատուկ չէ փոքրերին: Ինքնանկարագրության ժամանակ հանդիպում են դրդապատճառները , մղումները, ուղղորդիչները, բայց ուրիշներին նկարագրելիս այս երևույթը բացակայում է: Դա վկայում է դեռահասության տարիքում իր մասին պատկերացումների սուբյեկտիվ և ինտիմ բնույթի մասին: Դեռահասների ինքնանկարագրության ժամանակ դիտվում է ուրիշների նկատմամբ իրենց վերաբերմունքի արտահայտման ձգտում, ինչպես նաև անհանգստություն այն մասին, թե ինչ տպավորություն են թողնում ուրիշների վրա: Նրանք հիվանդագին ձևով մտահոգվում են այն մասին, որ իրենց կարծիքը իրենց մասին կարող է չհամապատասխանել շրջապատողների կարծիքին, որ իրենց իդեալները կարող է չընդունվեն հասարակության կողմից: Դեռահասը սկսում է թանկ գնահատել ոչ միայն իր ընկերների, այլև մեծահասակների կարծիքները իր մասին` ձգտելով իր մեջ մշակել այնպիսի գծեր, որոնք թույլ կտան նրան գործունեության մեջ հասնել հաջողությունների և լավացնել փոխհարաբերությունները մարդկանց հետ:

 


Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից