Վերլուծական 

Ինչի՞ց է սկսվում Հայրենիքի դավաճանությունը

analitik.am

Խորհրդային տարիներին հետախույզների մասին նկարահանած  «Վահան և սուր» կինոնկարում հնչում է մի գեղեցիկ երգ, որը կոչվում է  «Ինչի՞ց է սկսվում Հայրենիքը»: Այն մինչ օրս էլ համարվում է ռուս հետախույզների, ինչպես նաև,  Ռուսաստանի նախագահ նախկին հետախույզ` Վ. Պուտինի սիրած երգը: Ափսոս ֆիլմի ստեղծողները չեն գրել մեկ այլ երգ, որը կկոչվեր  «Ինչի՞ց է սկսվում Հայրենիքի դավաճանությունը»:

 

 Վերջերս Կրթության ու Գիտության նախարարը հայտնեց, որ Հայաստանում կբացվի Լոմոնոսովի անվան Ռուսաստանի պետական համալսարանի մասնաճյուղն ու զարմացավ, թե ինչու՞ են որոշ հասարակական շրջանակներ քննադատում այս իրողությունը,  հիշեցնելով, որ մեր երկրում երկար ժամանակ է ինչ գործում են Ամերիկյան ու Ֆրանսիական համալսարանները: Սակայն պետք է նշել, որ գործող տվյալ ԲՈՒՀ-երը հանդիսանում են ոչ թե պետական,  այլ մասնավոր կրթօջախներ և Հայաստանի Հանրապետությունը չի վճարում տվյալ ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերն ու միայն որոշակի գումար է հատկացնում անվճար տեղերում սովորող ուսանողների համար, որը բնական է, քանի որ յուրաքանչյուր պետություն ձգտում է, որպեսզի իր քաղաքացիները ստանան բարձրակարգ կրթություն և երբեմն վճարում է դրա համար: Ինչ վերաբերվում է Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացմանը, ապա այստեղ ավելի շուտ քաղաքականության հոտ է փչում, քանզի տվյալ պետական ԲՈՒՀ-ն իրականացնում է այնպիսի հումանիտար ուսումնական ծրագիր, որը համահունչ է Ռուսաստանի կողմից իրականացվող ծավալապաշտական արտաքին քաղաքականությանը: Մասնաճյուղի բացումն էլ ավելի կուժեղացնի ռուսական լրատվական ու մշակութային անթաքույց էքսպանսիան: Ոմանք կհամարեն այս քայլն օտարամոլության դրսևորում, ոմանք իշխանությունների կողմից Ռուսաստանի հանդեպ իրականացվող կրավորական քաղաքականության շարունակություն: Անկեղծ ասած,  սա ո՛չ օտարամոլություն է, ո՛չ էլ սխալ քաղաքականության շարունակություն, այլ պարզապես իշխանությունը պահելու բնազդ: Ստացվում է Կիսիլյովի այցը Հայասատան անտեղի չէր և նրա միտքը, որ մեր երկրի անվտանգությունը կախված է հայ ժողովրդի կողմից,  ռուսաց լեզվի իմացության հետ համոզիչ թվացին մեր իշխանավորներին, սակայն այստեղ մեկ ճշտում պետք է մտցնել, խոսքը վերաբերվում է ոչ թե Հայաստանի անվտանգությանն,  այլ ամեն գնով իշխանությունը պահելու ցանկությանը:

 

Փաստացի Հայաստանում ստեղծվում է ռուսական քաղաքականության ագիտպրոմ, որտեղ հնարավոր է, որ կիրականացվի հայ երիտասարդների  ուղեղների լվացում,  կքարոզվի Ռուսական աշխարհի անհրաժեշտության մասին, որի՝ ըստ ռուսական քաղաքական մտքի,  մի մասնիկն է կազմում Հայաստանը և առանց ռուսական պետության հայ ժողովուրդն ապագա չունի:

 

Այս ծրագրի լիարժեք իրականացման համար մնում է միայն մասնաճյուղի ռեկտոր նշանակել ներկայումս գործազուրկ, ազգայնամոլ քաղաքագետ-փիլիսոփա Ալեքսանդր Դուգինին, որի կարծիքով Հայաստանն առանց Ռուսաստանի քաղաքական քարտեզի երեսից կջնջվի: Վերջինիս այս տարվա հունիսին ազատեցին Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Միջազգային Հարաբերությունների և Սոցիոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնից, իսկ հեռուստատեսությամբ պարզապես մեղադրեցին ֆաշիզմի մեջ: Հետաքրքիր է՝  ի՞նչ է կարծում հարգարժան նախարարը, ինչպիսի՞ շրջանավարտներ են դուրս գալու այդ կրթօջախից, մի՞գուցե 21-րդ դարի նուրիջանյաններ և աթարբեկյաններ, որոնք հանուն Ռուսական աշխարհի պատրաստ կլինեն կացնահարել և Կաքվի բանտերն աքսորել հայրենիքի պաշտպաններին:

 

Ներկայումս ռուսական քաղաքական էլիտան ՈՒկրաինական ճգնաժամի պատճառով իրականացնում է ոչ ադեկվատ իրավիճակային քաղաքականություն, Կրեմլը ձգտում է ամեն գնով իր վերահսկողությունը հաստատել հետխորհրդային հանրապետությունների նկատմամբ: Հայաստանում ռուսաֆիկացման հնարավոր փորձերը կարող են վերածվել հայ-ռուսական հարաբերություններում դանդաղ գործարկման ականի, որի պայթյունի դեպքում անհնար կլինի խուսափել բացասական հետևանքներից: Հասկանալի է՝   մեր իշխանավորները ցանկանում են ամեն գնով պահպանել իշխանությունը, սակայն ամեն ինչ չափ ու սահման ունի և չարժե նման վտանգավոր միջոցով ապահովել սեփական իշխանությունը: Ի վերջո, օտար արժեհամակարգով դաստիարկված անձը չի կարող դառնալ հայրենիքի արժանի ու վստահելի պաշտպան, քանի որ նրա համար սեփական հայրենիքը բարձրագույն արժեք չի հանդիսանում:    

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից