Հայկական որոշ լրատվամիջոցներ ժամանակից առաջ ընկնելով սկսել են հրապարակումներ անել՝ կանխատեսելով, որ ձմռան տեղումների սակավության հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությանը դժվարին օրեր են սպասվում... Եվ ոչ միայն. մեծ է նաև երաշտի հավանականությունը: Բնության տարերքներից «գլուխ հանող» մասնագետներն էլ նշել են, որ եթե մինչև փետրվարի 15-ը առատ ձյուն չտեղա, իսկ գարնանը՝ հորդ անձրևներ չլինեն, հանրապետությունում ո՛չ խմելու ջուր կունենանք , ոչ էլ՝ ոռոգման: Քանի որ ձյան ծածկույթը Հանրապետության տարածքում նորմայից մոտ 60 տոկոսով քիչ է, ապա չի բացառվում, որ խոշոր ջրամբարները նույնպես չեն լցվելու:
Իսկապե՞ս Հայաստանի գլխին երաշտի վտանգ է կախված, թե՞ այս հրապարակումներն ընդամենը ասեկոսեներ են և պատկանում են «երևակայության» շարքին:
Հարցի վերաբերյալ analitik.am-ը փորձեց պարզաբանում ստանալ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանից: «Հիդրոօդերևութաբանական կայանը դեռ նման հայտարություններ չի արել: Ախր չի կարելի էլի. իմացող-չիմացող դարձել են օդերևութաբաններ: Մեր դժբախտությունը այն է, որ պատահական մարդիկ իրենց չվերաբերվող բնագավառների հետ կապված հայտարարություններ են անում: Իսկապես, մտահոգիչ է այս տաք եղանակը, բայց կարծում եմ՝ բնությունն իր գործը կանի, և մենք մոտ ժամանակներում առատ տեղումներ կունենանք: Դեռևս 40 օր ունենք, դա քիչ չէ, համբերենք, կտեսնենք»,-խորհուրդ տվեց պարոն Բերբերյանը:
Ըստ նրա, ամենկարևորը՝ ծաղկակալում չունենք, ինչը արդեն մտահոգիչ կլիներ: «Մենք եղել ենք Արտաշատի, Արմավիրի տարածաշրջանում և ոչ մի ծաղկակալում չենք հայտնաբերել: Կարծում եմ՝ այդ առումով, այս տարի այնքան էլ վտանգավոր տարի չէ, ինչպես անցած տարի , բայց ճիշտ կլինի նախօրոք ոչինչ չգուշակեն մեր չակերտավոր մասնագետները»,-ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:
Ի դեպ, «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն օրերս տված ասուլիսում հայտնել էր, որ այս ձմեռը 1966-ից հետո երկրորդ ամենատաք ձմեռն է: Նրա տեղեկացմամբ, 1966 թվականի հունվարին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 17-18 աստիճան, և հունվարի վերջին ու փետրվարի առաջին օրերին Արարարատյան դաշտում դիտվել է ծիրանենու, դեղձենու և այլ պտղատուների ծաղկում:
Հասմիկ Մովսիսյան