Վերլուծական 

Ի՞նչ է նշանակում քննադատել նախարարին, ով չի վախենում բարեփոխումներ կատարելուց

analitik.am

Հետաքրքիր մոտեցում է ձևավորվել հայկական լրատվական ոլորտում՝ օբյեկտիվ քննադատության բացակայություն, ինչի պատճառները, ցավոք, շատ դեպքերում բացառապես նյութական են: Իրականում յուրաքանչյուր լրատվամիջոց ցանկանում է աշխատել պրոֆեսիոնալ, պահպանել լրագրողական էթիկան, սակայն ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով, ստիպված է լինում դիմել քայլերի, որոնք չես կարող անվանել մասնագիտական մոտեցում:


Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ տարածված է պատվիրված հոդվածների երևույթը, ինչի նպատակը ոչ թե ոլորտի բարելավում, հասարականպաստ գործունեությունն է, այլ բացառապես անձնական շահերը: Քննադատության տակ են առնվում անձիք, ովքեր իրականում աշխատում են, ցանկանում են ինչ-որ բան փոխել այս երկրում: Այս մոտեցման նպատակը ոչ այլ ինչ է, քան խանգարելը նման մարդկանց, քանզի ընդհանուր անգործության մեջ մեծամասնությանը ձեռնտու չէ աշխատասեր, վճռական տրամադրված մարդու գործունեությունը՝ այս կերպ վերջինս բավականին շատ հնարավորություններ է ունենում հետագա քաղաքական առաջընթացի համար, ինչը բնականաբար խանգարելու է որոշ մարդկանց անձնական ամբիցիաներին: Լրատվամիջոցներն էլ այս անձնական քաղաքական պայքարում լուրջ ներդրում ունեն, քանզի դրանք հարցերին մոտենում, լուսաբանում և մեկնաբանում են ոչ թե օբյեկտիվության տիրույթից, այլ պատվիրատուի շահերի տեսանկյունից: Միակ տուժողը նորից ընթերցողն է, քանզի վերջինս ստիպված է լինում ֆիլտրել տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը:


Իրականում, պաշտոնատար անձի համար, ով շարունակում է անել իր գործը, որևէ բան չի փոխվում, քանզի այդ տիպի գործիչները ոչ թե աշխատում են ցույց տալու, այլ գործ անելու համար: Վերջին շրջանում բավականին շատ կարելի է հանդիպել քննադատություններ ուղղված իրականում աշխատող պաշտոնյաներին, ովքեր նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո ոչ թե սկսեցին սեփական ռեյտինգը բարձրացնել, այլ ոլորտը բարելավել՝ ազատել բեռ դարձած աշխատակիցներին, քանզի վերջիններս մեր կողմից վճարվող հարկերի հաշվին ուղղակի սեփական ռեզյումեն և կապերն էին հարստացնում, տուգանել օրինախախտ քաղաքացիներին (ի դեպ անկախ նրանց սոցիալական և հասարակական դիրքից)՝ սա նույնպես չէր կարող հանգիստ ընդունվել, չէ՞ որ մենք արդեն սովորել ենք ամեն ինչ գումարով լուծել, հաստատել ամուր կապեր հասարակական միավորումների հետ, ինչը նույնպես չի կարող դուր գալ շատերին, քանզի այս կերպ տվյալ պաշտոնյան ուղղակի անխոցելի է դառնում՝ ճնշման ևս մեկ լծակ դառնում է ընդհանուր աշխատանքի մաս:


Նման մոտեցումներն իհարկե գովելի են, քանզի ոչ թե միայն խոսվում է, այլ փաստացի գործ է արվում, իսկ թե ինչու են որոշ լրատվամիջոցներ օրնիբուն տարված են նման մարդկանց գործունեության քննադատությամբ, այդքան էլ բարդ չէ գուշակել: Ի՞նչ է նշանակում քննադատել նախարարին, ով աշխատանքից ազատել է այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ անգործությամբ են զբաղվել, և, եթե այդ լրատվամիջոցը քննադատում է աշխատանքից ազատելու հարցը, ապա թող բարի լինի նաև հիմնավորումներ տալ, թե ի՞նչ են արել այդ աշխատակիցներն այս ամբողջ ընթացքում, որի համար չարժեր նրանց աշխատանքից ազատել: Նման մոտեցումներից հետո կարելի է միանշանակ ասել, որ լրատվական ոլորտի ֆինանսավորման հարցը պետք է լուրջ ուշադրության արժանանա, պետք է վերջապես բիզնես-լրատվական ոլորտ համագործակցությունը դրվի առողջ հողի վրա, այլ ոչ թե քաղաքական, անձնական և ընկերական հարթության մեջ, քանզի միայն այս կերպ լրատվամիջոցները հնարավորություն կունենան որակապես աճելու և զերծ մնալու իրենց վարկանիշին լուրջ վնաս հասցնող պատվիրված հոդվածներ տպագրելուց:



Ա. Մինասյան

Նույն շարքից