Տնտեսություն 

Ի՞նչ են սպասում քաղաքացիները ՀՀ նոր վարչապետից

analitik.am

ՀՀ տնտեսության վերաբերյալ միջազգային և  Համաշխարհային բանկի տվյալներն  ուղղակի փաստում են, որ մեր երկիրն աղետալի տնտեսական անկման մեջ է արդեն 5 տարի անընդմեջ։

 

Ըստ http://search.worldbank.org/-ի՝   2008-2012թթ ՀՀ ՀՆԱ-ն պակասել է՝ 2008-ի 11662 մլն դոլարից 2012-ին իջնելով 9910 մլն դոլարի (բացարձակ անկում՝ 15.1%)։


Ավելորդ չէ նշել, որ այդ նույն շրջանում համաշխարհային տնտեսության բացարձակ աճը կազմել է 19.5% (2008-ի 60 տրլն-ից այն 2012-ին հասել է 71.7 տրլն-ի, իսկ Ադրբեջանի ՀՆԱ-ն 48852 մլն դոլարից հասել է 67197 մլն դոլարի (բացարձակ աճ 37.5%), իսկ Վրաստանինը 12799 մլն դոլարից հասել է 15829 մլն դոլարի (բացարձակ աճ 23.7%)։

 

Analitik.am-ը փոքրիկ հարցում անցկացեց՝ պարզելու համար, թե մեր քաղաքացիներն ի՞նչ կարծիքի են՝  Հայաստանի տնտեսությունը 5 տարի առաջ էր ավելի լավ վիճակու՞մ, թե՞ այսօր, և արդյոք ՀՀ նոր վարչապետի վարած քաղաքականությունը կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը:

 

Քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ ՀՀ տնտեսությունը 5 տարի առաջ ավելի լավ վիճակում էր գտնվում, քան հիմա: Նշենք, որ հարցման ընթացքում,մեր քաղաքացիներից շատերը նշեցին, որ նոր կառավարությունից չեն ուզում որևէ բան   ակնկալել,  և ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի:

 

Հարցվածներից շատերի կարծիքով՝ նոր վարչապետ ունենալու փաստը միանգամայն կարող է փոփոխություններ մտցնել, եթե վարչապետը ցանկանա իրականում դրական փոփոխություններ անել՝ ապացուցելու համար, որ իր կառավարությունն ունակ է լավ աշխատել:  Ինչպես քաղաքացիներից մեկն ասաց. «Ցանկություն դեպքում կարելի է Հայաստանը դրախտ դարձնել, միայն մնում է, որ վարչապետն ունենա այդ ցանկությունը» :

 

Քաղաքացիներից  որոշներն էլ նշեցին, որ նոր վարչապետի գալով ոչինչ չի փոխվի, Հայաստանում արդեն երկար ժամանակ է ամեն ինչ գնում է դեպի անդունդը, և նույն կերպ էլ կշարունակվի:

 

 

Նշենք, որ 2008-ին Հայաստանիը բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով տարածաշրջանի 5 պետությունների մեջ 4-րդն էր. Թուրքիա 10379$, Ադրբեջան 5575$, Իրան 4899$ և Հայաստան 3917$ , իսկ Վրաստանը վերջինն էր՝ 2920$։ 2012-ին մենք արդեն վերջին 5-րդ տեղում ենք՝ Թուրքիա 10666$, Ադրբեջան 7228$, Իրան 6816$, Վրաստան 3508$ և Հայաստան 3338$։

 

 

Հուսանք՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն իրականում որևէ դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության կայունացման և զարգացման վրա: 

Նույն շարքից