Վերլուծական Տնտեսություն 

Ի՞նչ արժե Կառավարության` ՀՀ սպառողին և տնտեսվարողին ուղղված հերթական «կուտը»

analitik.am

Չնայած Հայաստանյան բանկերում և փոխանակման կետերում այսօր դոլարի փոխարժեքը սկսել է իջնել /դրամ դոլար հարաբերակցությունը` 450-500 / , սակայն գնաճն առաժմ չի պատրաստվում նահանջել: Ավելին` մեկ գիշերվա ընթացքում դոլարի կտրուկ թռիչքը ստիպեց շատ տնտեսվարողների թանկացնել ապրանքները: Կենտրոնական բանկն էլ թեև միջոցներ է փնտրում պայքարելու դրա դեմ, բայց, չգիտես ինչու, գնաճային ճնշումները քանի գնում խորանում են: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի առավել խոշոր առևտրի կենտրոններում առևտուրը դադարեցվել է և հապճեպորեն փոխվել ապրանքների գնապիտակները: Շատ խանութներում գնային զգալի փոփոխությունների են ենթարկվել ոչ միայն սննադամթերքը, այլև տնտեսական մի շարք ապրանքները: Մոտավորապես 20 դրամով թանկացել է նույնիսկ հացը: Ի դեպ, Գյումրիում հացը գրանցել է ռեկորդային թանկացում. մեկ հացը թանկացել է շուրջ 40 դրամով: Բացի այդ, երևանյան շատ խանութներում սահմանափակվել է նաև առևտուրը, այսինք` սպառողը հնարավորություն չի ունեցել 100 հազար դրամից ավելի գնումներ կատարել:

 

Analitik.am-ը կապ հաստատեց երևանյան մի շարք առևտրի կետերի հետ` ճշտելու, թե որքանով են հավաստի ապրանքների գնային նմանատիպ փոփոխությունները: «Կրպակ», SAS, «Նոր Զովք» սուպերմարկետների պատասխանատուները նշեցին, որ իրենց խանութներում առևտուրը սահմանափակ չէ, և մարդիկ կարող են գնումներ կատարել այնքան, որքան ուզում են: Ինչ վերաբերում է ապրանքների թանկացմանը, վերջիններս փաստեցին, որ, այո, մթերքների մեջ ընդհանուր գնաճ եղել է` կապված դրամ-դոլար տատանումներով, ինչի պատճառով առևտուր, այսօրվա դրությամբ, գրեթե չկա: «Երևան Սիթի»-ում պատկերն այլ էր դեռևս երեկ երեկոյան. Վաճառողները հենց հաճախորդների աչքի առաջ էին գնապիտակաները փոխում: Տարբեր խանութներում գները տարբեր էին. 130 դրամանոց մատնաքաշ հացը դարձել էր 160, «Մարիաննա» արտադրության թթվասերը` որը սովորաբար 450 էր` վաճառվում էր 600-ով, շաքարավազը` որի կգ-ը 420-430 դրամ էր, արդեն դարձել է 720-760 դրամ…Այս գները պահպանվել են նաև այսօր:

 

Սարի-թաղում գործող մթերային մի շարք խանութներ տնտեսական նման ճգնաժամային իրավիճակում մտածում են առևտուրը դադարեցնելու մասին: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց վաճառողներից մեկը` «դոլարով գնված ապրանքները ստիպված թանկ ենք վաճառում։ Թանկացնելուց էլ օգուտ չկա.մարդիկ հեռվից գինը տեսնում` չեն էլ մոտենում: Ի՞նչ է լինելու` չգիտենք: Դոլարի կուրսը անընդհատ բարձրանում է, իսկ մենք չենք կարող նման բարձր գներով ապրանք գնել»:

 

Շատ տնտեսագետներ էլ շտապել են կանխատեսել, որ դրամի արժեզրկումը միանշանակորեն կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Քաղաքական գիտությունների հայաստանյան ասոցիացիայի անդամ, տնտեսագետ Մհեր Փարվանյանը դժվարացավ այս հարցին պատասխանել, սակայն կարծիք հայտնեց, որ պետության կողմից միջամտություն չլինելու դեպքում` հնարավոր է: «Ամեն դեպքում միջազգային առևտուրը դոլարով է իրականացվում, և չի բացառվում, որ իր ազդեցությունը կունենա նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,-հավելեց նա:

 

 Մեր հարցին, թե, դրամի արժեզրկումը դեռ ինչքա՞ն կարող է շարունակվել, տնտեսագետն ասաց, որ այդ հարցի պատասխանը ևս անորոշ է, քանզի այդ հանգամանքը պայմանավորված չէ հայաստանյան գործընթացներով, այլ Արևմուտք- Արևելք հարաբերություններով, ինչպես նաև նավթի գնի կտրուկ անկմամբ: Մհեր Փարվանյանի կարծիքով շատ տնտեսվարողներ չգիտեն` ինչ անել. «Այս թանկացումները նրանց էլ է վնասում, քանի որ առևտուրն է կանգնած: Այս խնդիրը բոլորինն է»,-շեշտեց տնտեսագետը:

 

Այսօրվա դրությամբ, ըստ «Սպառողների ազգային ասոցիացիայի» տվյալների, առաջին անհրաժեշտության ապրանքների, բոլոր մթերքների և տնտեսական ապրանքների գները բարձրացել են 30 տոկոսով, նաև կտրուկ աճել է նպարեղենի գինը՝ 60 տոկոսով: Թե, ի վերջ, ինչի կհանգեցնի նման տեմպերով գնաճը, դժվար է ասել, բայց այն, որ ժողովուրդը հայտնվել է բացարձակ անելանելի վիճակում, այն էլ նախատոնական շրջանում, փաստ է:

 

 Հ.Գ. Մինչդեռ, գոնե «մխիթարիչ է» Կառավարության կողմից արված այսօրվա այն հայտարարությունը, որում նշված է. որ վերջինս աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Հետաքրքիր է, ինչպե՞ս է վարչապետը պատրաստվում պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները, որոնք արդեն այնքան են «խարխլված», որ վերականգնել այլևս հնարավոր չէ. միգուցե հերթական խոստումներո՞վ (այն էլ ` գրավոր) է նա ցանկանում շտկել մղձավանջային իրավիճակը:  Իշխանության` ժողովրդին ուղղված այս հերթական «կուտը», թերևս, ոչինչ չարժե ոչ միայն հայ սպառողի, այլև տնտեսվարողի համար:

 

Հասմիկ Մովսիսյան

 

Նույն շարքից