Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Ի՞նչ ազդեցություն ունեցան Ռադայի արտահերթ ընտրությունները ռուս-ուկրաինական հարաբերությունների վրա

analitik.am

Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում տեղի ունեցած արտահերթ Ռադայի ընտրություններն ավարտին հասցրեցին փետրվարին իրականացված իշխանափոխության գործընթացն ու ամբողջովին լեգիտիմացրին Եվրամայդանի հաղթանակած քաղաքական ուժերի իշխանության գալը երկրում: Ընտրությունների արդյունքում վերջնականապես ձևավորվեց Ուկրաինայի քաղաքական ուժերի դասավորվածության ներկապնակը, որտեղ Ռուսաստանի լոյալ քաղաքական կուսակցությունները դուրս մնացին Ռադայից: Ընդհանրապես այս ընտրությունները Մոսկվայի տեսանկյունից կարելի է անվանել ընտրություն վատի ու վատթարագույնի միջև:

 

Ճիշտ է Գերագույն Ռադա չմտավ Դմիտրի Յարոշի գլխավորած ծայրահեղ ազգայնական ուժը ( նա մեծամասնական ընտրակարգով ընտրվել է պատգամավոր), իսկ ադիոզ գործիչ Լյաշկոյի և Տիմոշենկոյի կուսակցությունները չկարողացան արձանագրել բարձր արդյունքներ, սակայն նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավորած բլոկը համամասնական ընտրակարգով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ չնչին առավելությամբ զիջելով վարչապետ Արսենի Յացենյուկի Ազգային ճակատ կուսակցությանը: Մոսկվան հույս ուներ, որ Պորոշենկոյի քաղաքական միավորումը ընտրությունների արդյունքում իր մրցակիցների հանդեպ կգրանցեր մեծ առավելություն, որը թույլ կտար նախագահին ազատ ու անկաշկանդ բանակցություններ վարել Մոսկվայի հետ և միասնական ջանքերով ելք կգտնեին հարավ-արևելյան Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու համար: Այս պայմաններում, երբ նախագահի և վարչապետի քաղաքական խմբավորումները հավաքել են 22%, Պորոշենկոն ստիպված է լինելու խորհրդարանական խմբակցությունների հետ ձևավորել կոալիցիա, եթե իհարկե պառլամենտ անցած ուժերը ցանկանան համագործակցել նախագահի միավորման հետ: Նման իրավիճակում Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ Պորոշենկոն լինելու է կաշկանդված, քանի որ մեծ կախվածություն է ունենալու խորհրդարանական ուժերից, որոնց զգալի մասը հանդես է գալիս հակառուսական դիրքերից:

 

Մեծ հաշվով Կրեմլի համար ոչինչ չփոխվեց: Ռադայում տեղ գտած ուժերը խստորեն քննադատելու են Մոսկվայի կողմից վարվող քաղաքականությունը, իսկ նախագահը փորձելու է ինչ-որ կերպ մեղմել ռուս-ուկրաինական սրված հարաբերությունները: Արտահերթ ընտրությունները ռուսների և ուկրաինացիների միջև էտնոքաղաքական տարանջատման գործընթացը դարձրեցին անդառնալի, արդյունքում տեղի է ունենում ուկրաինական ազգի ինքնորոշումն ու ու ազգային ինքնագիտակցության բարձրացումը, որը խարսխված է ռուսատյացության վրա: Կիևի համոզմամբ Մոսկվան օգտվեց Ուկրաինայի խառնաշփոթ իրավիճակից և զավթեց Ղրիմը, պատերազմ սանձազերծեց երկրի հարավ-արևելյան հատվածում: Այս պատճառով Ռուսաստանը դիտարկվում է թշնամի պետություն, որից անհրաժեշտ է պաշտպանվել բոլոր հնարավոր միջոցներով:

 

Երկրում լայն թափ ստացած ազգային ծայրահեղականությունն ու ռուսատյացությունը կարևոր միջոց է դառնում ուկրաինացիների համար, որպեսզի ձերբազատվել կրտսեր եղբոր բարդույթից: Պետության քաղաքական էլիտան անշեղորեն շարժվելու է դեպի Եվրամիություն, ինչպես նաև փորձելու է ազատվել ռուսական էներգակիրների կախվածությունից, որը Կրեմլի նոր ջղաձգումների պատճառ է դառնալու: Ընտրությունները ևս մեկ անգամ ընդգծեցին Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ռազմական գործողությունների հետևանքով ձևավորված ռազմաքաղաքական սահմանազատման գիծը:

 

Մարզերի 32 տարածքային ընտրատեղամասերից չէին գործել 17-ը, որոնք չէին գտնվում ռուսամետ անջատականների վերահսկողության ներքո: Այս հանգամանքը կարելի է համարել Կիևի քաղաքական հաղթանակը, քանի որ Ուկրաինան միջազգային ատյաններում ակտիվորեն առաջ կտանի այն տեսակետը, որի համաձայն երկրի հարավ-արևելյան բնակչությունը ցանկանում է հաշտ ու համերաշխ ապրել մեկ ընդհանուր անբաժան պետությունում և միայն Կրեմլի ու նրա կողմից սատարվող ահաբեկչական ջոկատների գործողությունների հետևանքով երկու մարզերի արևելյան հատվածները բռնազավթվել են՝ թույլ չտալով կենտրոնական իշխանություններին այդ շրջաններում իրականացնել բնականոն քաղաքատնտեսական ու իրավական գործունեություն:

 

Հակառակ պարագայում, եթե այս մարզերի բնակչությունն իրոք ցանկանար անջատվել Ուկրաինայից, ապա Մարիոպոլում այդ մարզերի և այլ խոշոր բնակավայրերում ընտրությունները կտապալվեին: Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի բարդ քաղաքական խնդիրները ռուս-ուկրաինական հարաբերությունների բարելավման ու բնականոն ընթացքի հաստատման կարևորագույն խոչընդոտներն են: Կիևը երբեք չի հրաժարվի միջազգային հանրության կողմից ճանաչված իր տարածքային ամբողջականությունից, իսկ Մոսկվան ձեռք չի քաշի վերը նշված տարածքներից: Մեծ հաշվով Ռադայի արտահերթ ընտրությունները ոչ մի դրական ազդեցություն չունեցան ռուս-ուկրաինական հարաբերությունների բերալավման վրա: Մնում է հուսալ, որ Եվրամիության ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի պահպանել կնքված զինադադարը և քաղաքական լուծում կգտնվի Ուկրաինայի անջատված տարածքային հիմնախնդրին:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից