Վերլուծական 

Թուրքիայի վարչապետ ու նախագահ Էրդողանը և նոր կառավարության խնդիրները

analitik.am

2014 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախագահին ընտրեց ժողովուրդը և ոչ խորհրդարանը, ինչպես նախորդ տասնամյակներում էր։ Նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ տոնեց այդ ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իսկ Էրդողանի՝ նախագահ դառնալով թափուր մնացած կառավարության ղեկավարի աթոռը բաժին հասավ Ահմեթ Դավութօղլուին, ով մինչ այդ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էր։ Եվ քանի որ թուրքական օրենքներն արգելում են, որպեսզի երկրի նախագահը լինի կուսակցական, ապա Էրդողանն ազատեց «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի աթոռը, որը նույնպես անցավ Դավութօղլուին։ Եվ ահա Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Դավութօղլուն ձևավորեց Թուրքիայի 62-րդ կառավարությունը, որը միայն պայմանականորեն կարելի է կոչել նոր, քանի որ Էրդողանի կառավարության անդամների ճնշող մեծամասնությունը մնաց նախարարների կաբինետում, և գլխավոր փոփոխությունն արտաքին գործերի նախարարի պաշտոնում էր, որն էլ ազատ էր մնացել Դավութօղլուի պաշտոնի բարձրացման արդյունքում։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար նշանակվեց Մևլութ Չավուշօղլուն (այդ մասին առաջիկա հրապարակումներում առանձին անդրադարձ կկատարենք), ով մինչ այդ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցերով նախարարն էր։ ԱԳ նախարար դարձած «ԵՄ նախարարին», ինչպես այս պաշտոնն անվանում են Թուրքիայում, փոխարինեց Վոլքան Բոզքըրը։ Մյուս կարևոր փոփոխությունը փոխվարչապետերի (փոխվեցին 4 փոխարչապետերից 2-ը) պաշտոնում էր, որտեղ ևս նշանակվեցին Էրդողանին հավատարիմ քաղաքական գործիչներ։ Բացի արտգործնախարարի և ԵՄ նախարարի փոփոխությունից, փոխարինվեց միայն մաքսային ծառայության և առևտրի նախարարը, իսկ մյուսները պահպանեցին Էրդողանի կառավարման տարիներին ստացած պաշտոնները։



 Եվ ահա Դավութօղլուի կառավարության 25 անդամների անունները (փոխվել է 5 անդամ) հայտնի են, պարզ են Դավութօղլուի՝ վարչապետ դառնալու դրդապատճառները, ինչպես նաև նրա կառավարության գլխավոր խնդիրները։ Իսկ Դավութօղլուի գլխավորությամբ 62-րդ կառավարությունը պետք է համարել ժամանակավոր կառավարություն, քանի որ 2015 թվականի հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, որտեղ էլ հաղթող կուսակցությունն է ձևավորելու կառավարություն։



Մինչ Էրդողանի՝ նախագահ դառնալը (իսկ դա գրեթե կասկած չէր հարուցում), քիչ չէին խոսակցությունները, թե ով է լինելու Թուրքիայի վարչապետ։ Կարծես՝ վարչապետի թեկնածուի խնդիրն ավելի շատ էր հարցեր ծնում, քան թե ով է լինելու նախագահը։



Վարչապետի հիմնական թեկնածուներն էին գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։ Ամեն դեպքում, վերջնական ընտրությունը կանգ առավ Դավութօղլուի վրա, ինչը կարելի է բացատրել Թայիփ Էրդողանի անմիջական շահերով և միջամտությամբ։ Նախագահ Էրդողանը գոնե պաշտոնական ձևով պետք է կապ չունենա ԱԶԿ-ի հետ, իսկ կուսակցության հիմնադիրն ու մինչ օգոստոսի 27-ն ԱԶԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրած Էրդողանի համար կարևոր է իր ազդեցությունը պահել իշխող քաղաքական ուժում։ Այս տեսանկյունից Դավութօղլուն ավելի նախընտրելի տարբերակ էր վարչապետի պաշտոնում՝ հաշվի առնելով, որ նա կարող է ավելի լոյալ և հնազանդ լինել Էրդողանին, ինչն ավելի բարդ կլիներ Գյուլի դեպքում, ով ավելի ծանրակշիռ դիրք ու քաղաքական կշիռ ունի։ (Ի դեպ, Գյուլի հետագա ճակատագիրըը դեռ անհայտ է)։



Եվ հենց նույն՝ ավելի կախված լինելու տեսանկյունից էլ կարևոր էր Էրդողանի համար իրեն ձեռնտու մարդ նշանակել վարչապետի պաշտոնում, որպեսզի այստեղ ևս Թուրքիայի նորընտիր նախագահը լծակներ ու ազդեցություն ունենա։ Սա պայմանավորված է նրանով, որ Թուրքիայում, որ խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկիր է, ներկա պայմաններում վարչապետն ավելի մեծ լիազորություններով է օժտված, քան նախագահը։ Իսկ Էրդողանը, նախագահ ընտրվելով, զրկվում էր այդ պաշտոնական լիազորություններից և նրան պետք էր վարչապետի այնպիսի թեկնածու, որ կարողանար այդ ինստիտուտը ենթարկել իրեն և հետագայում ծառայեցնել իր շահերին։ Իսկ Էրդողանի կարևորագույն խնդիրն առաջիկայում այնպիսի օրենսդրական և անգամ սահմանադրական փոփոխություններն են, որոնք զգալի կընդլայնեն նախագահի լիազորությունները՝ փորձելով Թուրքիան վերածել նախագահական պետության, իսկ էրդողանին էլ՝ լայն իրավասություններով օժտված «սուլթանի»։



Ինչ վերաբերում է Դավութօղլուի կառավարությանը, ապա դրա թիվ մեկ ներքին խնդիրն առաջիկա 7 ամիսներին Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրությունների նախապատրաստությունն ու ԱԶԿ-ի հաջողությունն ապահովող քայլերի իրականացումն է։



Դավութօղլուն ու Էրդողանն էլ շարունակելու են Թուրքիան պատրաստել 2015 թվականին, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Արտաքին քաղաքական օրակարգում Հայկական հարցը Դավութօղլու վարչապետի և Էրդողան նախագահի կարևոր հարցերի թվում է։ Եվ պետք է հասկանալ, որ նրանք շարունակելու են այն քաղաքականությունը, որն ԱԶԿ-ն վարում է վերջին տարիներին։ Իսկ նրանց քաղաքականությունն ուղղված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, Թուրքիայի՝ Հայկական հարցում իմիջի փոփոխությանը, միջազգային հանրության աչքին «թոզ փչելուն»։



Այստեղ կարևոր է հասկանալ, որ թեև Թուրքիայում այս տարվա օգոստոսին եղել են նախագահական ընտրություններ, թեև նոր կառավարություն է ձևավորվել, սակայն իշխանությունում լուրջ փոփոխություն չի եղել, քաղաքական խաղացողներն ու որոշում կայացնողները նույնն են մնացել, և նրանք շարունակելու են իրենց որդեգրած քաղաքականությունը։ Իսկ 2015-ին ընդառաջ թուրքական իշխանությունների քաղաքականությունը կարելի է բնորոշել որպես «խաղերի» քաղաքականություն, այն է՝ Թուրքիան փորձում է խաղալ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման, Հայոց ցեղասպանության հարցում դրական փոփոխությունների պատրանք ստեղծելու ուղղությամբ, սակայն, խորքային առումով, այս հարցերում իրական, լուրջ և դրական տեղաշարժ չկա։ Թուրքական դիվանագիտությունն ու քարոզչությունը փորձում են թուրքական կողմի քայլերը ներկայացնել որպես դրական ու աննախադեպ, ինչպես, օրինակ, Էրդողանի ապրիլքսանչորսյան հայտնի ուղերձն էր, որը թեև թուրքական ժխտողական քաղաքականության արդիականացված արտացոլումներից էր, սակայն մատուցման մտածված ձևով որակվում է որպես դրական տեղաշարժ ու աննախադեպ իրադարձություն։ Այնպես որ, Դավութօղլուի կառավարությունից նույնպես սպասելի են նմանատիպ քայլեր, որոնց խնդիրը մեկն է՝ հնարավորինս մեղմել 2015 թվականի էֆեկտը՝ միևնույն ժամանակ միավորներ հավաքելով թուրքական պետության համար միջազգային հարթակում։

 

 

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

 

Նույն շարքից