Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Էրդողան-Գյուլեն առճակատման խորհրդանշական մեկ տարին

analitik.am

Մեկ տարի առաջ գյուլենականները Թուրքիայի կառավարության դեմ լայնածավալ գրոհ նախաձեռնեցին, սակայն Էրդողանն ու համախոհները ոչ միայն կարողացան հաջողությամբ դիմակայել ճնշմանը, այլև անցան հակագրոհի, որը շարունակվում է մինչ օրս և սպառնում է երկար տևել:

 

Իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի դերն ու նշանակությունը Թուրքիայի քաղաքականության և հասարակության մեջ բավականին մեծ է: 1999 թվականից ԱՄՆ-ում բնակվող թուրք իմամն իր անունը կրող հասարակական/կրոնական շարժման ղեկավարն է: Տասնամյակներ շարունակ Գյուլենի շարժումը հավաքում էր նորանոր անդամներ, մեծացնում իր ազդեցությունը (հատկապես ներքին անվտանգության համակարգում), հսկայական գումարներ աշխատում, ինչպես նաև քաղաքական դաշտում որոշակի դերակատարում ունենում` սատարելով 2002-ին իշխանության եկած չափավոր իսլամամետ «Արդարության և զարգացում» կուսակցությանը: Սակայն վերջին տարիներին նախկինում դաշնակից ԱԶԿ-ի և գյուլենականների ջրերը մեկ առվով չեն հոսում:

 

Վերջին շրջանում Էրդողանին խանգարում էր գյուլենականների տարբերվող դիրքորոշումը մի շարք առանցքային հարցերում, ինչպիսիք են Իսրայելի հետ հարաբերությունները, Գեզիի դեպքերը, Թուրքիայի ժողովրդավարության վիճակը, իսկ Գյուլենի շարժման անդամներն էլ ցանկանում էին ազդեցության շարունակական ընդլայնում: Հակամարտությունն առավել սուր բնույթ ընդունեց 2013 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ համացանցում հայտնվեցին Էրդողանի կառավարության կոռուպցիոն գործողությունների ապացույցներ, նման մեղադրանքով ձերբակալվեցին գործարարներ, ինչպես նաև կաշառակերության համար մեղադրվեցին մի շարք թուրք նախարարներ: Ձերբակալություններն իրականացրին Գյուլենի շարժման անդամ ոստիկանները:

 

Հարվածը բավական ուժգին էր, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ի զորու չէր տապալել ամուր արմատներով իշխանությանը կառչած Էրդողանին և նրա գլխավորած կուսակցությանը: Դեկտեմբերյան շոկից հետո նախաձեռնությունը սկսեց անցնել Էրդողանի կողմը, ով, փոխելով հեղինակազրկված նախարարներին, նախաձեռնեց այս հանդուգն հարձակման հետևում կանգնած գյուլենականների զանգվածային որսը: Էրդողանի հակաքայլերի արդյունքում հաջորդող ամիսների ընթացքում ձերբակալվեցին տասնյակ ոստիկաններ, անվտանգության համակարգի աշխատակիցներ, աշխատանքից ազատվեցին հարյուրավոր իրավապահներ, որոնք այս կամ այն կերպ կապված էին գյուլենական համայնքին: Ձերբակալված կամ աշխատանքից ազատված ոստիկանների մի մասը բավական պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում:

Իշխանությունների վերջին հարվածներն էլ Թուրքիայում խոշորագույն տպաքանակ ունեցող «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի և «Սամանյոլու» հեռուստատեսության ղեկավար Հիդայեթ Քարաջայի ձերբակալություններն էին (թեև ժամանակավորապես), ինչպես և անձամբ Ֆեթհուլլահ Գյուլենին պատասխանատվության կանչելու որոշումը: Եվ այս ամենը` Գյուլեն-Էրդողան առճակատման մեկամյակի հոբելյանին:

Հաշվի առնելով, որ «Զամանն» ու «Սամանյոլուն» գյուլենական համայնքի գլխավոր լրատվամիջոցներն են, Էրդողանն այս քայլով ցույց տվեց, որ պատրաստվում է ոչ միայն անվտանգության համակարգը մաքրել գյուլենականներից, այլ նաև ուղիղ հակամարտության գնալ գյուլենական լրատվամիջոցների դեմ` այսպիսով հերթական կարևոր հարվածը հասցնելով հակառակորդ դարձած երբեմնի դաշնակցին: Եվ սրան գումարվում է այն, որ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին բանավոր մեղադրանքներից հետո ներկայացվում է նաև մեղադրանք՝ իրավական հիմքով:

 

Էրդողան-Գյուլեն հակամարտության մեկ տարվա արդյունքները ցույց են տալիս, որ որոշակիորեն գերագնահատված էր գյուլենական համայնքի ազդեցության չափը Թուրքիայում, և գյուլենականներն ունակ չէին հեռացնել իրենց հակառակորդին իշխանությունից, թեև որոշակի ծանր հարվածներ, այնուամենայնիվ, կարողացան հասցնել:

 

Էրդողանն ու նրա համախոհներն, իրենց հերթին, ցույց տվեցին, որ ունակ են դիմակայել նման հուժկու հարվածների, և որ նրանց իշխանությունը բավական ամուր հիմքերի վրա է: Ընդ որում, կոռուպցիայի համար հստակ մեղադրանքներն իշխող կուսակցությանը չխանգարեցին սկանդալից մի քանի ամիս անց` 2014-ի մարտին հաղթել նախ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (նախորդ ընտրության համեմատ ձայների ավելացում ապահովելով), ապա նաև օգոստոսյան նախագահական ընտրություններում Էրդողանը ջախջախիչ հաղթանակ տարավ, և գյուլենականներն ունակ չեղան խանգարելու նրան:

 

Չնայած մեկը մյուսի հետևից հարվածներին` ԱԶԿ-ն չի զլանում կրկին ու կրկին հայտարարել, որ համայնքը մնում է իր թիրախում և շարունակելու է կազմակերպության դեմ իր քաղաքականությունը:

 

Իրավական և քաղաքական հետապնդումների հետ մեկտեղ թուրքական իշխանությունները հակագյուլենական հզոր քարոզարշավ են իրականացնում, և բարձրաստիճան թուրք պաշտոնյաները ցանկացած պատեհ առիթն օգտագործում են քննադատելու և վարկաբեկելու գյուլենական շարժումը, որի հասցեին նույն այդ մարդկանց շուրթերից մի քանի տարի առաջ գովեստի խոսքեր էին հնչում:

 

Անդրադառնալով այս հարցում հայաստանյան շահերին` պետք է արձանագրել, որ Էրդողան-Գյուլեն հակամարտությունն ուղղակի, թե անուղղակի բխում է մեր երկրի շահերից: Գյուլենականներն արտերկրում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, ակտիվորեն զբաղվում են հակահայ լոբբինգով ոչ միայն թուրքական պետության, այլ նաև Բաքվի համար: Նրանց հետագա թուլացումը կարող է նվազեցնել թուրքական հակահայ լոբբինգի դերակատարումն ԱՄՆ-ում: Բացի այդ, Ադրբեջանում Թուրքիայի նախագահի անմիջական միջամտությունից հետո մեկնարկած հակագյուլենական գործողությունները ևս վնասում են գյուլենականների ու ադրբեջանական իշխանությունների հարաբերություններին, և այստեղ Բաքուն կորցնում է արտաքին ճակատում կարևոր գործընկերոջ:

Պակաս կարևոր չէ միջազգային մակարդակով գյուլենական համայնքի թուլացումը, քանի որ Գյուլենի գործունեության հիմնական ուղղություններից մեկը կրթական ոլորտն է: Աշխարհի` հարյուրից ավել պետություններում գործում են գյուլենական դպրոցներ, որտեղ թուրքական քարոզչության ներքո կրթում են հազարավոր աշակերտների, որոնք հետագայում ևս մնում են շարժման ազդեցության տակ: Հաշվի առնելով, որ տարբեր երկրներում այս դպրոցները հեղինակություն են վայելում և այստեղ են ձգտում ապագայում տվյալ պետության էլիտայի մաս կազմող երեխաները` կարելի է ենթադրել, որ թուրքական ազդեցության տակ մեծացած այս  սերունդը հասկանալի պատճառներով լինելու է թուրքամետ (հասկացեք` հակահայ):

 

Եվ ընդհանրապես Թուրքիայի ներսում նման տարաձայնությունները, բացի վերոնշյալ կոնկրետ խնդիրներից, լուծում են շատ կարևոր մի հարց, այն է` թուրքական պետությանը թույլ չեն տալիս ամբողջ ռեսուրսները կենտրոնացնել այլ խնդիրների վրա, այդ թվում` հայկական ճակատում:

 

 

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Նույն շարքից