Առողջապահություն 

Էբոլա վիրուսը վտանգավոր չէ ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի համար. ԱՀԿ

analitik.am

ԱՄՆ-ում Էբոլա վիրուսն ախտորոշվել է միայն 3 մարդու մոտ, սակայն խուճապն արագորեն աճում է։ Որոշ ամերիկացիներ հետաձգում են գործնական ուղևորությունները և ընտանեկան հանգիստը։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռոբերտո Բերտոլինին կարծում է, որ վիրուսի դեմ պայքարը պետք է կենտրոնացած լինի համաճարակի օջախներում, այլ ոչ թե մարդկանց վախեցնելու այնտեղ, որտեղ վիրուսի վտանգն այնքան էլ բարձր չէ, գրում է Russia Today-ը։

 

«Էբոլան ծայրահեղ վտանգավոր է։ Վարակվածների շրջանում մահացությունը չափազանց բարձր է։ Դա էկզոտիկ հիվանդություն է, որը եկել է հեռավոր վայրերից։ Բոլոր այդ գործոնները քաջ հայտնի են գիտնականներին։ Սակայն իրականում, Արևմտյան Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում և Հյուսիսային Ամերիկայի այլ պետություններում վարակվելու հավանականությունը շատ ցածր է։ Այստեղ խոսքը մեկ-երկու դեպքի մասին է, երբ վիրուսով հիվանդը եկել է արտերկրից։ Եվս մի քանի քաղաքացիներ կարող էին վարակվել երկրի ներսում»,- ասել է Բերտոլինին։

 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի առողջապահական համակարգերը «ճիշտ» կարող են արձագանքել այդ խնդրին։ Դրա համար, ըստ Բերտոլինիի, բավական է մեկուսացնել հիվանդներին և նրանց, ում հետ շփվել են, և սկսել բուժումը։

 

«Ես կարծում եմ, որ Արևմտյան Եվրոպայում մարդիկ չպետք է խիստ անհանգստանան։ Սակայն պետք է մտածել այն մասին, թե ինչպես օգնել այն երկրներին, որտեղ համաճարակ է, դուրս գալ ճգնաժամից։ Եթե դա տեղի չունենա, խնդիրը կարող է խորանալ, ընդ որում՝ ինչպես այդ պետություններում, այնպես էլ նրանց սահմաններից դուրս»,- հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Նույն շարքից