Հիշում եմ և պահանջում 

Զորավար Անդրանիկի 65 էջանոց ձեռագիր հուշագրերը հանձնվեցին Հայաստանի պատմության թանգարան

analitik.am

Դեռևս 1921-ին Անդրանիկ Զորավարի կողմից գրված ձեռագիր հուշագրերը երկար ճամփորդելուց հետո այսօր հանձնվեցին Հայաստանի պատմության թանգարան: Ավելի քան 20 տարի է դրանք պահվում էին Հրաչ Կույումջյանի մոտ: Իսկ թե ինչպես են դրանք հայտնվել իր մոտ, պատմեց անձամբ Կույումջյանը:

«1921թ.-ին Զորավարը հրատարակելու նպատակով ուղարկել է այս ձեռագրերը «Ապագա» ամսագրի խմբագրին՝ Հովհաննես Պողոսյանին: 1960-ականներին նա այս ձեռագրերը հանձնել է հորս՝ «Զարթոնք» օրաթերթի խմբագրին, որպեսզի դրանք հարմար պահին հանձնվեն Հայաստանի համապատասխան մարմիններին: Հայրս 1988-ին՝ իր մահվանից երեք տարի առաջ, ձեռագրերը հանձնեց ինձ: 1921-ից ձեռագրերը պահպանվել են՝ տեղափոխվելով Միացյալ Թագավորությունից Ֆրանսիա, Լիբանան, Հունաստան, հետո նորից Անգլիա և վերջապես հասավ Հայաստան»,- այսօր ձեռագրերի հանձնման արարողության ժամանակ պատմեց նա:

Հրաչ Կույումջյանը նշեց, որ այդ ձեռագրերը կարծես փորձանք լինեին իր համար, բայցև «ճիտին պարտքն էր» դրանք հայրենիք հասցնել:

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը Հրաչ Կույումջյանին նախարարության անունից պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգիր հանձնեց: Իր խոսքում նախարարության ներկայացուցիչը նշեց, որ ձեռագիրն իր անցած ճանապարհով նմանվում է մեր ազգի զավակներին, որոնք աշխարհը պտտվելուց հետո ի վերջո վերադառնում են Հայաստան:

«Անդրանիկի 150 ամյակը հաջորդ տարի է, և մենք մտածում էինք ձեռագրերի հանձնումն իրականացնել հաջորդ տարի: Ի վերջո, որոշեցինք ձեռագրերն այս տարի հասնի, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ցուցադրություններում իր արժանի տեղը գտնի: Պայմանավորվել ենք, որ ևս երկու օրինակ պետք է պատճենվի, որպեսզի մեր մյուս թանգարաններում դրանք հասանելի լինեն ուսումնասիրողների համար»,- ասաց նա:

Հրաչ Կույումջյանը Հայաստանի պատմության թանգարանի կողմից շնորհակալագիր ստացավ: Թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը նշեց, որ թանգարանը ինքնին անհագուրդ և ագահ երևույթ է: «Բայց կան ձեռքբերումներ, որոնք հայ ժողովրդի պատմության հետ ամենախիստ առնչությունն ունեն: Այսօր մենք ստանում ենք Անդրանիկ Զորավարի հուշագրերը՝ 65 էջանոց բացառիկ մի բան: Անդրանիկ Զորավարը սրբացած մի մարդ է, որի մարտական սուրը մենք ունենք այստեղ, նրա պարգևները: Բայց կա մի բան, որը մարդու մասին խոսում է ավելի, քան նրա իրը՝ մարդու ձեռագիրը: Եթե նայեք այս էջերին, կտեսնեք նրա թե՛ հոգեկան ապրումներ, թե՛ հուզմունքը, թե՛ մարդկային տվայտանքները: Դրանք գրել է մի մարդ, որը հայ ժողովրդի հերոսական ոգու խորհրդանիշն է»,- ասաց նա:

Նույն շարքից