Բիզնես 

Երևանում հյուրանոցային ծառայությունները թանկացել են մինչև 30%-ով.

analitik.am

Երևանում հյուրանոցային ծառայությունների գները բարձրացել են 20-30%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմենիա թրավել+ Մ» տուրիստական գործակալության տնօրեն Մարինա Կպրելյանը՝ թանկացումը պայմանավորելով հիմնականում վերջին ամիսներին դրամի արժեզրկմամբ:



«Հյուրանոցները մեզ բացատրում են, որ թանկացման պատճառը միայն արտարժույթի փոխարժեքի փոփոխությունն է, և այն չեն պայմանավորում այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող բազմաթիվ հյուրերով»,- ասաց նա:



Տուրիստական գործակալության տնօրենն ընդգծեց, որ տարելիցի հետ կապված Հայաստան ժամանող հյուրերը հիմնականում պաշտոնական այցով են ժամանելու Հայաստան, և իրենք առնչություն չեն ունենալու:



«Հայաստանում տուրիզմի ակտիվությունը սկսվում է Սուրբ զատիկից, այս պահին բոլոր հյուրանոցային համարները ամրագրված են: Բայց այսօր Երևանում ավելի մեծ է բարձրակարգ հյուրանոցների պահանջը: Մեր երկիրը չի կարող դառնալ մասսայական տուրիզմի երկիր, բայց մենք մեր նշաձողն ունենք շուկայում»,- ասաց նա:



«Ջոել» տուրիստական գործակալության տնօրեն Սոնա Եղիազարյանն էլ նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մոնիթորինգ է անցկացրել մարզերում և պարզել, որ մարզային հյուրանոցներում գնաճը կազմում է առավելագույնը 8%:



«Քանի որ այսօր Երևանում զբաղված են հյուրանոցային համարները, մենք համագործակցում են անշարժ գույքի գործակալությունների հետ և Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ղազախստանից ապրիլին Հայաստան ժամանող մեր հայրենակիցների համար ամրագրել են բնակարաններ, սեփական տներ: Այսինքն՝ բացի հյուրանոցներից, զբոսաշրջիկները նաև հիմա հնարավորություն ունեն բնակություն հաստատել բնակարաններում»,- ասաց նա:

Նույն շարքից