Վերլուծական 

Երբ արդարադատությունը իրականացնող չկա , զոհն է ստիպված լինում իրագործել այն

analitik.am

Ադրբեջանական բանտում Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությունը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր հարևան երկրի իրական հրեշավոր դեմքը: Ադրբեջանի բնույթն է թույլին  և անզենին ստորացնել ու կտտանքների ենթարկել, իսկ վերջում սպանել, նման ճանապարհով այդ երկոտանի արարածները փորձում են լուծել իրենց ինքնահաստատման խնդիրը:


 Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու սպանությունը զայրույթի մեծ ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում  և քաղաքական շրջանակներում, հնչեցին դատապարտող հայտարարություններ Բաքվի իշխանությունների նկատմամբ, պահանջեցին սպանության փաստը ներկայացնել միջազգային կազմակերպություններում և հայցով դիմել ՄԻԵԴ սպանության գործը քննելու համար: Ինչպես միշտ նման դեպքերում մեր արտաքին գերատեսչությունն ուշացումով միացավ հասարակական բողոքի ալիքին` հավաստիացնելով, որ հետևողականորեն և պատշաճ մակարդակով կբարձրացնի Կարեն Պետրոսյանի սպանության փաստը միջազգային կառույցներում:


 Եվ՞... արդյու՞նքը: Կարմիր խաչն իր վարքագծի համաձայն «ձեռքերը լվաց» այս գործից, միջազգային կառույցներն իրենց ափսոսանքը հայտնեցին սպանության կապակցությամբ, ԱՄՆ-ի Պետդեպը ցավակցեց  Պետրոսյանի հարազատներին և կոչ արեց Բաքվին արդար ու թափանցիկ հետաքննություն իրականացնել մահվան փաստի վերաբերյալ: Հետաքրքիր է` ԱՄՆ –ի կառավարությունը իսկապես մտածում է, թե ադրբեջանական իշխանությունները արդար հետաքննություն կիրականացնե՞ն: Ինչպիսի լավատեսություն: Իր հերթին ՀՀ-ի քնչական կոմիտեն հայազգի քաղաքացու սպանության վերաբերյալ քրեական գործ հարուցեց, երևի հայրենի իրավապահները կարծում են, որ գեներալ-լեյտենանտ Ռովշան Ակպերովը առաջին իսկ ծանուցագրով Շամխորից կներկայանա Երևան և բացատրություն կտա տեղի ունեցած սպանության վերաբերյալ:


  Երկու տարի առաջ հայ հասարակությունը նույնպես կանգնած էր նմանատիպ խնդրի առջև.  քնած ժամանակ հայ սպային կացնահարած ստահակը իր հայրենիքում մեծարվեց և դարձավ ազգի հերոս: Անգամ միջազգային բողոքն ու դատապարտումը չազդեց Բաքվի վրա: Իսկ մեր իշխանությունները սահմանափակվեցին դատապարտող հայտարարություններով և Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմամբ: Արդյունքում ինչ-որ բան փոխվեց, ոչինչ:

Բավական է ազգովի «նամակներ գրենք ռուսաց թագավորին» և անցնենք ավելի գործնական միջոցների: Կայսրության ժամանակ ամբողջ հայությունը փրկության աղերսագրեր էր ներկայացնում Ռոմանովներին և լուսավորյալ ու «արդարամիտ» Եվրոպային: Արդյունքում ստացանք հայկական կոտորածներն ու Մեծ Եղեռնը: Խորհրդային տարիներին Հայկոմկուսի բարձրաստիճան այրերն ու մտավորակունությունը բողոքի դիմումներով էր հեղեղում Պոլիտբյուրոն, հետևանքը Սումգաիթի և Բաքվի ջարդերն էին: Իսկ հիմա միջազգային կառույցներում մեր ցասման ձայնն ենք բարձրացնում ադրբեջանական իշխանությունների կողմից կատարած հանցագործությունների նկատմամբ:


   1972թ. Մյունխենում, որտեղ տեղի էին ունենում ամառային օլիմպիական խաղերը, «Սև սեպտեմբեր» պաղեստինյան ահաբեկչական խմբավորման անդամները պատանդ վերցրին Իսրայելի հավաքականի մարզիկներին: Արևմտագերմանական ոստիկանության անփույթ գործողությունների հետևանքով հրեա պատանդներ սպանվեցին, իսկ ողջ մնացած ահաբեկիչներին թույլատրեցին հեռանալ երրորդ երկրներ: Իսրայելի իշխանությունները «նամակներ գրելու» փոխարեն դիմեցին գործնական և կտրուկ միջոցների` պահանջելով Մոսադից ֆիզիկապես վերացնել ահաբեկչության մասնակիցներին: Իսրայելի հետախուզությունը մի քանի տարվա ընթացքում իր առջև դրված առաջադրանքը լիովին իրականացրեց: Մինչ օրս էլ Իսրայելի իշխանությունները շատ դեպքերում առանց դատի ու դատաստանի սպանում են արաբ ահաբեկիչներին: Արդյունքում կտրուկ նվազեց ահաբեկչական գործողությունները խաղաղ բնակչության նկատմամբ (բացառություն էին կազմում անձնասպան ահաբեկիչները): Ժամանակը չէ արդյոք, որ մեր իշխանությունները հետևեն Իսրայելի արդյունավետ քաղաքականությանը: Չէ որ մենք էլ ունենք Ազգային Անվտանգության Ծառայություն, ռազմական հետախուզություն: Եթե մեր իշխանություններն երկու տարի առաջ Գուրգեն Մարգարյանի դեպքում չսահմանապակվեին դիվանագիտական դեմարշով, հնարավոր է,  որ այսօր Կարեն Պետրոսյանը ողջ լիներ:


 Հայրենի իշխանավորները պետք է լավ գիտակցեն , որ իրենք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, որը պարտավոր է ապահովել սեփական քաղաքացիների պաշտպանությունն ու անվտանգությունը կիրառելով բոլոր հնարավոր միջոցները:     

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից