Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Եվրոպան կանգնած է քաղաքական կշռի կորստի առջև

analitik.am

Եվրոպայում շարունակվող տնտեսական դժվարությունների պատճառով, ինչպես նաև քաղաքական խնդիրների սրացման հետևանքով`  Եվրամիությունը հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ: Եվրոպական երկրներից հաճախակի են հնչում Բրյուսելին ուղղված դժգոհություններ՝ մեղադրելով վերջինիս եվրոպական տնտեսական շահերն անտեսելու և արտաքին հարաբերություններում ինքնությունը կորցնելու մեջ:

 

Մի շարք երկրների բնակչության զգալի հատվածը ցանկանում է դուրս գալ Եվրամիությունից: Հատկապես Մեծ Բրիտանիան է վճռականորեն տրամադրված լքել ԵՄ-ի շարքերը: Դեռ ամիսներ առաջ Լոնդոնը հայտարարում էր, որ դուրս կգա ԵՄ-ից, եթե Եվրահանձնաժողովի նախագահ ընտրվի իր համար անընդունելի թեկնածու՝ Լյուքսեմբուրգի այն ժամանակվա վարչապետ Ժան Կլոդ Յունկերը: Մեծ Բրիտանիան ձգտում է խստացնել միգրացիոն օրենքները, անգամ՝ Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների հանդեպ, որոնք հաստատվելով Բրիտանիայում, օգտվում են երկրի կողմից տրամադրվող սոցիալական փաթեթներից, վարում են պորտաբույծ ապրելակերպ:

 

Ընդհանրապես միգրանտների խնդիրը սուր բնույթ է կրում եվրոպական զարգացած երկրներում: Հասարակ եվրոպացիները ցանկանում են հնարավորինս շուտ ձերբազատվել Բրյուսելի բյուրոկրատիայի գերիշխանությունից, որը հաճախ է անտեսում շարքային քաղաքացու շահերը: Այս հանգամանքով է բացատրվում Եվրախորհրդարանի վերջին ընտրություններում եվրասկեպտիկների ու աջ ազգայնական քաղաքական ուժերի հաղթանակը:

 

Ներկայումս Եվրամիության երկրները բաժանվել են երկու հատվածի՝ արևմտաեվրոպական զարգացած պետությունները հրաժարվում են սեփական միջոցներով ապահովել արևելաևվրոպական երկրների բարեկցությունը, իսկ վերջիններս դժգոհում են խոշոր ու հարուստ պետությունների քամահրական վերաբերմունքից:  ԵՄ-ում աճող անվստահությունն ու անհամաձայնությունն ավելի է խորացնում համակարգային ճգնաժամը: Ուկրաինայի պատճառով ռուս-ամերիկյան սրված հարաբերությունները բացասական ազդեցություն են թողնում Եվրոպայում ստեղծված ծանր իրավիճակի վրա: Վաշինգտոնին մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց Բրյուսելի հետ ստեղծել միասնական ճակատ՝ ընդդեմ Ուկրաինայում վարած Կրեմլի քաղաքականության: Օբամայի վարչակազմը կարողացավ համոզել եվրոպական երկրներին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, արդյունքում պատժամիջոցներից տուժում են նաև եվրոպական երկրները: Հատկապես հսկայական վնասներ է կրում գյուղատնտեսական ոլորտը: Սովորական եվրոպացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Բրյուսելի վարած չեզոք քաղաքականության նկատմամբ, քանզի չեն ցանկանում հանուն ԱՄՆ-ի շահերի ու ամբիցիաների կրել հսկայական կորուստներ: Դժգոհությունն ամենուրեք է. եվրոպացիները մեղադրում են թե՛ սեփական իշխանություններին, թե՛ Բրյուսելի ղեկավարներին, որի ընդունած որոշումները պարտադիր բնույթ են կրում ԵՄ անդամ երկրների համար: Եվրոպացիները միայն չեն դժգոհում, այլև փորձում են ելքեր գտնել ստեղծված իրավիճակից:

 

Իտալիայի Վենետո մարզի ղեկավարությունը փորձում է ուղիղ կապ հաստատել Ռուսաստանի հետ և շրջանցելով պատժամիջոցները՝ սեփական գյուղատնտեսական ապրանքներն արտահանել ռուսական շուկա: Այս ամենով հանդերձ,  Վաշինգտոնը ձգտում է դուրս մղել Ռուսաստանին եվրոպական էներգետիկ շուկայից՝ ռուսական էժան բնական գազը փոխարինելով թանկարժեք ամերիկյան հեղուկ գազով: Սպիտակ տունն ամեն կերպ խոչընդոտում է Հարավային հոսք նախագծի իրականացմանը, որի շնորհիվ Բուլղարիան, Հունգարիան և բալկանյան երկրները ռուսական գազ կստանան Սև ծովի հատակին կառուցվող գազամուղից՝ շրջանցելով Ուկրաինան: Բայց Վաշինգտոնն ու նրա եվրոպացի դաշնակիցները քաղաքական ճնշումների են ենթարկում վերը նշված երկրներին՝ ստիպելով հրաժարվել այս նախագծից:

 

Սա առաջացնում է մեծ դժգոհություն արևելաեվրոպական երկրների քաղաքական շրջանակներում: Այսպես՝ հունգարական իշխանությունները զգուշացրել են, որ եթե փորձեն իրենց դրսից թելադրել կամ ուղղորդել, ապա Հունգարիան կարող է դուրս գալ ԵՄ-ից: Նման բարդ կացությունը թույլ չի տալիս Եվրոպային դառնալ աշխարհաքաղաքական խաղի լիարժեք սուբյեկտ: Արդյունքում աշխարհի տարբեր ուժային կենտրոններն ուժեղանում են, իսկ Եվրամիությունը կորցնում է իր աշխարհաքաղաքական ազդեցությունը: Հետզհետե կորցնելով քաղաքական կշիռը՝ ԵՄ-ն ենթարկվում է ԱՄՆ-ին՝ դառնալով նրա կրտսեր գործընկերը, որի հետևանքով ուժեղանում է Վաշինգտոնի քաղաքական ու տնտեսական ներկայությունը հին մայրցամաքում:     


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից