Իրավական 

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկներն ընդունելի են. Գագիկ Հարությունյան

analitik.am

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկները` ուղղված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ընդդիմության լիազորությունները մեծացնելուն, ընդունվելու են: Փորձ է կատարվելու գտնել լրացուցիչ հնարավորություններ փոքրամասնության լիազորությունների իրացման երաշխիքների ապահովման առումով: Այս մասին հոկտեմբերին 24-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը:


«Հատկապես այնպիսի խորհրդարաններում, որոնք միապալատ են, չկան ներխորհրդարանական հակակշիռներ, խորհրդարանական փոքրամասնությունն ավելի մեծ դերակատարություն պետք է ունենա, ու դա պետք է լինի ոչ միան օրինաստեղծ քաղաքականության բնագավառում, այլ նաև պետական իշխանության ինստիտուտների ձևավորման և վերահսկողական գործունության մեջ»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

 

ՍԴ նախագահի բնորոշմամբ` չպետք է մոռանալ, որ խորհրդարանն իր ամբողջականությամբ իշխանություն է, որն ունի իր առաքելությունը, և, եթե դա չի կատարվում, ուրեմն իշխանությունն արդյունավետ չի իրացվում:

 

Անդրադառնալով հարցին, որ իշխանություն-ընդդիմություն հավասարակշռությունը պահելու համար հայեցակարգով առաջարկվել է մի շարք պաշտոններում ընդդիմությանը լծակներ տալ` Գագիկ Հարությունյանը նշեց, որ այդ դեպքում չպետք է հարցը կապել միայն անձի ներկայացուցչական պարագայի հետ, առավել կարևոր է թե այդ ներկայությամբ ինչ դերակատարություն պետք է իրականացվի: «Շատ կարևոր է, որ փոքրամասնության դերակատարությունն օրինաստեղծ գործունեության բնագավառում, օրենքների քննարկման, օրինագծերի առաջադրման, ինչպես նաև կառավարության հետ հարաբերություններում լինի վերահսոկողական: Ես ավելի կարևորում եմ մեկ այլ հանգամանք: Մեզ մոտ խորհրդարանում 50 + 1 ձայնի դրությամբ, եթե քաղաքական մեծամասնությունը նաև մեկ կուսակցություն է, բոլոր նշանակումները կամ օրինագծերի անցկացումը կարող են արվել առանց որևէ խնդրի: Դրա համար մենք հայեցակարգում առաջ ենք քաշում օրգանական օրենքների գաղափարը, որի պարագայում առանց ընդդիմության ակտիվ մասնակցության որևէ օրենք չի ընդունվի: Կամ մենք առաջարկել ենք ընդհուպ Կենտորնական ընտրական հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի նախագահի և մի շարք այլ պաշտոններում քվոտայի բարձրացում, որի պարագայում ընդդիմության դերակատարությունը բարձրանում է»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը:

 

Հարցին ի պատասխան, թե արդյոք աչքի տակ առնվա՞ծ են գործիչներ, ովքեր կարող են ստանձնել նշյալ պաշտոնները, Գագիկ Հարությունյանը ընդգծեց, որ հայեցակարգային մոտեցումների հարցի քննարկման ժամանակ ոչ մի դեպքում որևէ անձնավորված մոտեցում չի ցուցաբերվել: «Դրանք կենցաղային խոսակցություններ են: Ավելի շատ պետականագիտական վերլուծություն է արվել, որի նպատակն այն է, որ պետական մեքենան արդյունավետ գործի, եթե այն արդյունավետ չէ, անձերը դերակատարություն չեն ունենում»,-ասաց ՍԴ նախագահը:

Նույն շարքից