Մշակույթ 

Ես այս ժողովրդի մասնիկն եմ, մահացած և թաղված ժողովրդի․ Շառլ Ազնավուր

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-ամյակն առիթ է դարձել ֆրանսիական մամուլի համար այդ ողբերգական դեպքերի մասին խորհելու համար։  Le Parisien պարբերականը հարցազրույցներ է ներկայացնում ցեղասպանության զոհերի ժառանգների հետ։ Նրանցից շատերը շարունակում են ապրել Թուրքիայում՝ ստիպողաբար իսլամ ընդունելուց հետ։

 


Le Monde-ը ներկայացնում է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոդվածը՝ «Հայկական միայնության 100 տարին» խորագրով։

 


«Այո, դա ճիշտ է, ես այս ժողովրդի մասնիկն եմ, մահացած և թաղված ժողովրդի». այսպես է սկսվում հանրահայտ շանսոնյեի տեքստը։

 


«Երկար ժամանակ քամին ավազով և մոռացությամբ էր ծածկում այդ զանգվածային սպանությունը, և միայն 1980-ականներին աշխարհի երկրները սկսեցին աստիճանաբար ընդունել 1.5 մլն հայերի սպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,- գրում է Ազնավուրը։

 


Երգիչը ներկայացնում է ոչ թե 100 տարվա վաղեմության, այլ վերջին տարիների փաստեր։ Դա Թուրքիայի կողմից 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելուց հրաժարվելն է։ Դա ջիհադիստների հարձակումն է Սիրիայում հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա։ Ավանը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու, և «ամեն ինչ վկայում է այն մասին, որ այդ գործողությունները չէին կարող իրականանալ առանց Անկարայի թույլտվության»։

 


Դա նաև Դեյր Զորում հուշահամալիրի ոչնչացումն է, գրում է Ազնավուրը, որտեղ համակենտրոնացման ճամբարներում մահացել են հազարավոր հայեր։ Հեղինակը խոսում է նաև արևելյան քրիստոնյաների սպանությունների, եզդիների ողբերգության մասին։ «Այս ամենը կապված է Հայոց ցեղասպանության հետ։ Անպատժելիությունը վատ օրինակ է ծառայել»,- նշում է Ազնավուրը։

 


Հոդվածում հայտնի երգիչն անդրադառնում է նաև իր մանկությանը և ծնողների պատմություններին, որոնց ընտանիքներին հաջողվել է փախչել թուրքական հետապնդումներից և հիմնավորվել Ֆրանսիայում։


 

«Ինձ ատելության մեջ չեն դաստիարակել, ես չարացած չեմ թուրք ժողովրդի նկատմամբ, նրանց անտեղյակության մեջ են դաստիարակել։ Ես գիտեմ, որ նրանք մի օր կբացեն աչքերը և կպահանջեն հաշիվ տալ իրենց ստի և սեփական պատմությունը չիմանալու տարիների համար»,- գրում է Ազնավուրը։

 


Շանսոնյեն կարծում է, որ մահացածներն անպաշտպան են, և նրանց հիշատակը և արժանապատվությունը հարգելը ողջերի գործն է։

 


«100 տարի անց արգանդը, որտեղից դուրս է եկել կենդանին, դեռևս բեղմնավոր է»,- վերադառնալով ժամանակակից իրավիճակին՝ թուրքական իշխանությունների մասին գրում է նա՝ մեջբերելով Բրեխտին։

 


1915-2015-ի ընթացքում քիչ բան է փոխվել, գրում է Ազնավուրը և ակնարկ ուղղում «խոշոր գերտերություններին, որոնք սովոր են ենթարկել բարոյականությունն իրենց սեփական շահերին»։ Նրանց վրա է պատասխանատվության այն բեռը, որ նման աղետները կրկին ու կրկին տեղի են ունենում, վստահեցնում է Ազնավուրը։

 


Սակայն նա ցանկանում է հոդվածն ավարտել լավատեսական նոտայով՝ հիշեցնելով որ, համաձայն հարցման, թուրք երիտասարդության մոտ 30%-ը դրական է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչումը։



«Նշանակում է հույս կա, որ մի օր աշխարհի այդ տարածաշրջանը նման կլինի Ազնավուրի ընտանիքին, որտեղ կան քրիստոնյաներ, հրեաներ և մուսուլմաններ, և նրանցից յուրաքանչյուրին ես միանման շատ եմ սիրում»,- եզրափակում է Ազնավուրը։

 

 

 

JPEG - 555.8 ko

 

Աղբյուրը՝ tert.am

Նույն շարքից