Հայաստան 

Եռյակի հանրահավաքում նոր բան չի հնչել. Հերմինե Նաղդալյան

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ եռյակի վերջին հանրահավաքի ընթացքում որևէ նոր բան չի եղել: Հայաստանի երիտասարդական հիմնադրամում լրագրողների հետ զրույցում Նաղդալյանն ընդգծեց, որ նախորդ հանրահավաքի և նախօրեին կայացած հանրահավաքի միջև միակ տարբերությունն այն էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ: «Մենք գիտենք, որ մեր երկրում բազմաթիվ` նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ կան: Կան նաև խնդիրներ կապված կոռուպցիայի հետ, արդարադատության համակարգի, այլ տարբեր համակարգերի հետ, և սա  պատճառ է, որ մեր երկրում լինեն դժգոհող զանգվածներ»,-ասաց Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ընդդիմադիրների արդարացի իրավունքն է աշխատել դժգոհող զանգվածների հետ, աշխատել և բարձրաձայնել դժգոհ զանգվածի ձայնը: «Բայց դրա հետ միասին, նաև համարում եմ, որ իշխանությունները, իշխող կուսակցությունը, կառավարությունը ունեն իրենց պարտավորությունը, և դա այն է, որ քայլ առ քայլ պետք է լուծումներ տրվեն այն խնդիրներին, որոնք այսօր ունի մեր ազգաբնակչությունը, քայլ առ քայլ պակասեցնել այն պատճառները, որոնք դժգոհությունների առիթ են: Սա է լուծումը մեր երկրում առկա խնդիրների»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նաղդալյանի դիտարկմամբ` ընդդիմադիր ուժերի խնդիրը քննադատելն է և աշխատելն է բողոքող զանգվածների հետ, իսկ իշխանությունն էլ ունի իր պարտականությունը: «Եվ այս ամենը սահմանված է ժողովրդավարական պետության մեջ, սրա համար կան օրենքներ, կան ժողովրդավարական կարգեր: Այս պահի դրությամբ մենք որևէ բացառիկ իրավիճակ չունենք»,- նշեց նա:

Անդրադառնալով հանրահավաքի մասնակիցների թվին` Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ մասնակիցների թիվը բավականին շատ էր` հավելելով, որ դա համարժեք է այն սոցիալական և այլ խնդիրներին, որ առկա են երկրում: «Սակայն հանրահավաքի մասնակիցների թվով այս պահին որևէ բան չի որոշվում: Կարող ենք ասել` մասնակիցների թիվը շատ էր կամ քիչ էր այն բանի համար, որ ընդդիմությունը հայտարարում էր, որ  կլինի հուժկու հանրահավաք` կմասնակցի 50 կամ 100 հազար մարդ: Սակայն իշխող մեծամասնությունն այս հարցին այլ տեսանկյունից պետք է նայի: Մեզ համար կարևոր է ոչ թե այն, թե տասնյակ հազարներից քանի մարդ է եկել և մասնակցել հանրահավաքին, այլ այն, թե արդյոք մենք ամեն ինչ անում ենք դժգոհողների թիվը նվազեցնելու, երկրում առկա խնդիրները լուծելու համար»,- նշեց Նաղդալյանը:

Նա նկատեց, որ սա է ամենակարևորը և հենց սրանով են արտացոլվում ընտրությունների արդյունքները: Նաղդալյանի խոսքով` եթե ներկայիս իշխող մեծամասնությունն իսկապես անում է ամեն ինչ, որպեսզի երկրում առկա խնդիրները լուծում ստանան, ապա հաջորդ ընտրություններում ժողովուրդը կրկին իր ձայնը կտա նրան, իսկ եթե ոչ` կընտրի մեկ այլ քաղաքական ուժի:

Նույն շարքից