Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

ԵՄ երկրներում կտրուկ աճում է անկախացման ձգտումը

analitik.am

Հին աշխարհամասում տևական տնտեսական ճգնաժամը, որը չեն կարողանում վերջնականապես հաղթահարել Եվրամիության երկրների կառավարությունները, ինչպես նաև մայրցամաքի բնակչության կենսամակարդակի աճի տեմպերի նվազումը, պարարտ հող է ստեղծում անջատական ձգտումների համար:

 

 Նման տենդենցները Արևմտյան Եվրոպայում կարող են առաջ բերել նոր սահմանների առաջացմանը: Պետությունների զարգացած ինդուստրյալ շրջաններն այլևս չեն ցանկանում կերակրել երկրի աղքատ և տնտեսապես հետամնաց տարածքների բնակչությանը: Իր հերթին կենտրոնական իշխանություններն ամեն կերպ փորձում են դիմագրավել և խոչընդոտել երկրի մասնատման փորձերին: Այսպես՝ Մադրիդի իշխանություններն արգելեցին Կատալոնիայում անցկացնել մարզի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե՝ համարելով այն անօրինական և իրավական ուժ չունեցող: Այդ իսկ պատճառով Կատալոնիայում անցկացվեց սոցհարցում, որի մասնակիցների 80%-ը (1,5 միլիոնից ավել մարդ) կողմ են եղել Կատալոնիան Իսպանիայից դուրս գալուն: Կենտրոնական իշխանությունների սոցհարցման կոշտ արձագանքն էլ ավելի է խորացնում Մադրիդի ու Բարսելոնայի միջև առկա անհամաձայնությունը: Կատալոնացիների սոցհարցումից հետո, իր մասին հիշեցնել տվեց Շոտլանդիան, որի ինքնավարության ղեկավար Նիկոլաս Սթերջենը տեղեկացրեց, որ Լոնդոնի կողմից Շոտլանդիային լայն ինքնավարություն տալու խոստման ձգձգումը կարող է պատճառ դառնալ երկրամասում նոր անկախության հանրաքվեի անցկացմանը: Իսկ նոր հանրաքվեի արդյունքները կարող են վերջնականպես անջատել Շոտլանդիան Մեծ Բրիտանիայից:

 

Սակայն,  միայն Լոնդոնն ու Մադրիդը չեն կանգնած երկրի մասնատման վտանգի առջև: Ֆրանսիան տասնյակ տարիներ պայքարում է Կորսիկայի ազգային անջատական ուժերի դեմ, անգամ Եվրամիության թիվ մեկ պետություն հանդիսացող Գերմանիայի ամենախոշոր և իր զարգացած արդյունաբերությամբ հայտնի Բավարիա երկրամասը, ցանկանում է ընդլայնել սեփական ինքնավարությունը, անգամ Մյունխենում հնչում են նահանգը անկախ պետություն հռչակելու գաղափարներ: Բայց տրոհման լուրջ վտանգի առջև է կանգնած Իտալիան, որի տնտեսապես զարգացած ու բարեկեցիկ կյանքով ապրող հյուսիսային հատվածը ցանկանում է տարանջատվել իրենց կարծիքով հետամնաց ու աղքատ հարավից: Իտալիայի տնտեսության լոկոմոտիվը հանդիսանում են Միլանի, Թուրինի, Վենետիկի շրջանների արդյունաբերական միավորումը:

 

 Լոմբարդիայի, Պիեմոնտի, Վենետոյի անջատումը շեշտակիորեն կնվազեցնի Հռոմի քաղաքական ու տնտեսական ազդեցության կշիռը համաշխարհային հարթակում: Հատկապես անկախության հարցը կտրուկ է դրված Վենետիկում, որտեղ այս տարվա մարտին համացանցով անցկացվեց հանրաքվե մարզի անկախացման վերաբերյալ, որն արձանագրեց դրական արդյունք: Մարզի 5 միլիոնանոց բնակչությունը դժգոհ է այն հանգամանքից, որ Վենետիկը 70 միլիոն դոլար է հատկացնում պետական գանձարան, իսկ հետ ստանում միայն 50 միլիոն: Իտալիայում տնտեսական հենքի վրա առաջացած անջատական ձգտումները նպաստում են ազգային ինքնորոշման շարժումների ուժեղացմանը: I աշխարհամարտի պատճառով Հաբսբուրգների կայսրության փլուզման հետևահքով և Սեն-Ժերմենի հաշտության պայմանագրով Ավստրիայից անջատվեց Տիրոլ նահանգի հարավային հատվածն ու նվիրաբերվեց Իտալիային: Սակայն Հարավային Տիրոլի գերմանախոս բնակչությունը մշտապես ցանկացել է միավորվել պատմական հայրենիքին և ներկայումս բարձրաձայն պահանջում է իտալական կենտրոնական իշխանություններից ինքնորոշման հանրաքվեի անցկացման իրավունք:

 

 Եվրամիությունը չի ողջունում անջատական շարժումները, զգուշացնելով,  որ այդ նորանկախ տարածքներն ավտոմատ կերպով չեն կարող անդամակցել Եվրամիությանը: Բրյուսելը չի ցանկանում անդամ երկրների թվակազմի ավելացմանը, քանի որ այդ հանգամանքը կբարդացնի ու կդժվարացնի Եվրամիության աշխատանքները,  ինչպես նաև նոր որոշումների ընդունումն ու կյանքի կոչումը: Սակայն, ճակատագրի հեգնանքով Բրյուսելը նույնպես կանգնած է մասնատման վտանգի առջև: Բելգիայի ազգաբնակչությունը, որը հիմնականում կազմավորված է ֆլամանդացիներով ու վալոններով, գտնվում են խորը անհամաձայնության մեջ: Ֆլամանդացիները ցանկանում են ստեղծել անկախ Ֆլանդրիա պետությունը, քանզի չեն ցանկանում ապահովել ֆրանսախոս վալոնների բարեկեցությունը, քաղաքական ճգանաժամն երբեմն այնքան է խորանում, որ չի հաջողվում ամիսներ շարունակ ձևավորել Բելգիայի կենտրոնական կառավարությունը: Նման դեպքերի զարգացման հետևանքով քարտեզից կարող է վերանալ Բելգիան, իսկ Վալոնիան մեծ հավանականությամբ կմիանա Ֆրանսիային: Եվրոպայում անկախական ձգտումները նպաստում են տարածքային ամբողջականության սկզբունքի նվազմանը՝տեղը զիջելով ազգերի ինքնորոշմանը:

 

Պաշտոնական Երևանը պետք է օգտվի այս բարենպաստ հանգամանքից և այն իր քաղաքական շահերին ծառայեցնի: Հայաստանն ու Եվրոպայում գործող հայկական կազմակերպությունները պարտավոր են ակտիվորեն ներկայացնել ու պաշտպանել արցախահայության ինքնորոշման իրավունքն ու սերտ կապեր ստեղծել անկախության ձգտող տարածքների վերնախավի հետ, ինչպես դա եղավ Արցախի ու Բասկերի երկրի միջև: Եթե մենք կարողանանք հաղթել Բաքվին քարոզչական պատերազմում, ապա կարևոր նախադրյալներ կստեղծենք Արցախի անկախության ճանաչման գործընթացում:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից