Ներշնչումը հոգեկան այն գործընթացն է,որի միջոցով որևէ անհատ մեկ այլ անհատի կամ խմբի <> որոշակի գաղափարներ, տեսակետներ և վարք` շրջանցելով նրա գիտակցությունն ու քննադատական մտածողությունը: Ներշնչման մեխանիզմները հիմնականում ենթագիտակցական են, իսկ բուն գործընթացը սովորաբար հագեցած է լինում հուզականությամբ: Ներշնչման մեխանիզմների առավելապես ենթագիտակցական լինելու ապացույցներից մեկն այն է, որ մարդիկ հաճախ չեն գիտակցում, թե այդ ինչպես պատահեց, որ իրենք սկսեցին հավատալ ինչ-որ գաղափարների, կատարել որոշակի գործողություններ, նվիրվել ինչ-որ մարդու (օրինակ` առաջնորդի) կամ գործողության:
Ներշնչման առավել տարածված հնարներից են համարվում`
«Պիտակներ կպցնելու» հնարը. սա օգտագործվում է որևէ մարդու կամ որևէ գաղափար, որևէ տեսակետ, հասարակության աչքում վարկաբեկելու նպատակով: Երբեմն օգտագործվում են նաև հայհոյական համեմատություններ, որոնք ունկնդիրների մոտ բացասական դիրքորոշումներ են առաջացնում:
«Վկայության» հնարը. սա այն է, երբ որևէ անձի կամ գաղափարի նկատմամբ, ցանկալի դիրքորոշում ստեղծելու նպատակով, վկայակոչում են հարգված ու հայտնի մարդկանց ասույթներ: Հիշատակված ասույթին և նրա հեղինակին համապատասխան գնահատական է տրվում, որպեսզի լսարանը որոշակի դիրքորոշում ստանա: Ցանկալի դիրքորոշումը կարող է լինել դրական կամ բացասական: Քարոզչական աշխատանքի ընթացքում լայնորեն օգտագործվում են հայտնի գիտնականների, արվեստագետների, փիլիսոփաների, քաղաքական գործիչների, դերասանների կարծիքները: Սա շատ արդյունավետ հնար է:
«Հասարակ մարդու դեր խաղալու» հնարը. քարոզիչը հանդես է գալիս որպես հասարակ մարդ, ժողովրդի ներկայացուցիչ, դրանով իսկ ձգտելով ձեռք բերել լայն շրջանակների ու խմբերի համակրանքը: Հասարակությունն, այնուամենայնիվ, հիմնականում կազմված է շարքային, հասարակ, ոչնչով աչքի չընկնող մարդկանցից: Այս հնարը հետևողականորեն օգտագործելով` նույնիսկ հասնում է այն բանին,որ ժողովրդի կարիքների մասին պատկերացում չունեցող մարդը ներկայանում է, որպես նրա բարեկամ: Ըստ էության, սա այն մեխանիզմներից մեկն է, որը հանգեցնում է անձի պաշտամունքի (Հիտլեր,Ստալին…): Զավեշտալի է. Լենինը ռուս մարդուն «հիմար» էր անվանում և կոտորում, իսկ այդ նույն մարդիկ նրան պաշտում էին: Այնուամենայնիվ մեծ ուժ է քարոզչությունը:
«Փաստերի վերադասավորման» հնարը. որևէ երևույթի նկատմամբ ցանկալի դիրքորոշում ստեղծելու նպատակով գործչի վերաբերյալ հրապարակվում և լսարաններին են ներկայացնում միայն փաստերի մի մասը: Դրական դիրքորոշում ստեղծելիս` դրանք դրական գծերի և իրական նվաճումների մասին տեղեկություններն են: Հակառակ դեպքում, ներկայացվում են միայն բացասական տեղեկությունները, որոնք վարկաբեկում են մարդուն: Իզուր չէ, որ քարոզչական որոշ հրապարակումներում, որոշ անձանց այնպես են նկարագրում, կարծես նրանք, կամ միայն բացասական գծերով են օժտված, կամ միայն` դրական: Երկու դեպքում էլ աղճատված պատկեր է ներկայացվում, երբեմն` ծաղրանկար: Արտաքնապես տպավորություն է ստեղծվում, թե շարադրում են միայն իրական փաստերը և համոզում են, մինչդեռ, այդ միակողմանիությունը զուտ ներշնչելու միջոց է:
«Բանդվագոն» (կառք` նվագախմբի ուղեկցությամբ). լսարանին ներշնչում են ընդունել ներկայացվող գաղափարները, իբր բոլորը դրանց կողմնակիցներն են: «Բոլորի» կամ մեծամասնության կարծիքը, որը կարող է լինել իրական, իսկ ավելի հաճախ երևակայական է, ազդեցիկ է, այն հաճախ է վկայակոչվում: Քանի որ մարդիկ մեծ մասամբ կոնֆորմիստներ են, ապա այս հնարն, իսկապես, արդյունք է տալիս: Այն շատ տարածված է գովազդի բնագավառում: Հաճախ են ասում, օրինակ, թե դա այն դեղն է, որ գերադասում են նշանակել բոլոր հայտնի բժիշկները և այլն: