Գիտություն 

Գերմանիայի Մագդեբուրգի և Երևանի բժշկական համալսարանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր

analitik.am

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և տնտեսության նախարար Հ. Մյոլռինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառում երկու երկրների  միջև համագործակցության մի շարք հարցեր:

 

Նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները և գերմանացի գործընկերոջը հրավիրել մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին:

 

ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտական կենտրոնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել  գերմանական  կողմին կենտրոնին աջակցություն ցուցաբերելու համար: Արմեն Աշոտյանն առաջարկել է մի շարք նոր ծրագրեր, մասնավորապես, Գերմանիայում գտնվող հայկական մշակութային ժառանգության թվայնացման նախագիծ:

 

Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Մագդեբուրգի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանների ռեկտորների հետ: Քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես համաձայնագիր է ստորագրվել Մագդեբուրգի համալսարանի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև, որով նախատեսվում են երիտասարդ դասախոսների և բժիշկների փոխանակման ծրագրեր:

 

 Հալլե-Վիտենբերգի համալսարանում հայկական պատվիրակությունը քննարկել է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գործունեության հետ կապված հարցեր՝ շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանն աջակցության և կենտրոնի տնօրենին պրոֆեսորի հաստիք տրամադրելու համար:

 

Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև ԳԴՀ Բունդեսթագում կրթական հարցերով հանձնաժողովի ղեկավար կազմի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: 

Նույն շարքից