Տնտեսություն 

Վաչե Գաբրիելյանի բնորոշմամբ Հայաստանն ենթարկվել է ապօրինի շրջափակման

analitik.am

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ապրիլի 20-ին Նյու Յորքում մասնակցեց միջազգային ֆինանսական կառույցների հետ ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը:

«Զարգացման ետ-2015 օրակարգի եւ կայուն զարգացմանն ուղղված ֆինանսավորման համատեքստում ներդաշնակ եւ համակարգված համագործակցություն» խորագրով նիստին մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահը, Թուրքիայի փոխվարչապետը, Կոլումբիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Եթովպիայի, Թունիսի ֆինանսների եւ զարգացման նախարարները, ինչպես նաեւ միջազգային համագործակցության եւ զարգացման հարցերով ԵՄ հանձնակատարը: Հանդիպմանը հրավիրված էին նաեւ միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առեւտրի միջազգային կազմակերպության եւ Առեւտրի եւ զարգացման ՄԱԿ համաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչները:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում համաշխարհային զարգացումներին եւ տարբեր միտումներին, մասնավորապես, ցածր միջին եկամուտ ունեցող երկրների ֆինանսական համակարգերի տեսակետից` ներկայացնելով միջազգային ֆինանսական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, մասնավորապես, ենթակառուցվածների ֆինանսավորմանն ուղղված նախագծերի շրջանակներում: Այդ համատեքստում ընդծվեց գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման կարեւորությունը, ինչպես նաեւ շարժունակության եւ տրանսպորտի զարգացման էական նշանակությունը Հայաստանի համար` հաշվի առնելով վերջինիս կառուցվածքային լուրջ սահմանափակումներն ու դրանցից բխող խնդիրները:

Իր ելույթում փոխվարչապետ Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց Հայաստանին ապօրինի շրջափակման ենթարկելու հետեւանքով Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ` միեւնույն ժամանակ  անարդյունավետ համարելով նման վարվելակերպը պատմական փաստերի` Հայոց Ցեղասպանության, ինչպես նաեւ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքանության հովանավորման հետ կապելը:

Նույն շարքից