Տնտեսություն 

Վաչե Գաբրիելյանը ՄԱԿ-ում մտահոգություն է հայտնել Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ

analitik.am

 

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային ֆինանսական կառույցների հետ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Զարգացման ետ-2015 օրակարգի և կայուն զարգացմանն ուղղված ֆինանսավորման համատեքստում ներդաշնակ և համակարգված համագործակցություն» խորագրով նիստին մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, Թուրքիայի փոխվարչապետը, Կոլումբիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Եթովպիայի, Թունիսի ֆինանսների և զարգացման նախարարները, ինչպես նաև միջազգային համագործակցության և զարգացման հարցերով ԵՄ հանձնակատարը:

Հանդիպմանը հրավիրված են եղել նաև միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի միջազգային կազմակերպության և Առևտրի և զարգացման ՄԱԿ համաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչները:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձել է հանրային ֆինանսների կառավարման ոլորտում համաշխարհային զարգացումներին և տարբեր միտումներին, մասնավորապես, ցածր միջին եկամուտ ունեցող երկրների ֆինանսական համակարգերի տեսակետից` ներկայացնելով միջազգային ֆինանսական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, մասնավորապես, ենթակառուցվածքների ֆինանսավորմանն ուղղված նախագծերի շրջանակներում: Այդ համատեքստում ընդգծվել է գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման կարևորությունը, ինչպես նաև շարժունակության և տրանսպորտի զարգացման էական նշանակությունը Հայաստանի համար` հաշվի առնելով վերջինիս կառուցվածքային լուրջ սահմանափակումներն ու դրանցից բխող խնդիրները:

 

Իր ելույթում փոխվարչապետ Գաբրիելյանը մտահոգություն է հայտնել  Հայաստանին ապօրինի շրջափակման ենթարկելու հետևանքով Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ՝ միևնույն ժամանակ  անարդյունավետ համարելով նման վարվելակերպը պատմական փաստերի` Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հովանավորման հետ կապելը:

Նույն շարքից