Հարցազրույց 

Բոլորովին պարտադիր չէ, որ մարդասպանը մեղքի զգացում ունենա. Կարինե Նալչաջյան

analitik.am

Շատ հոգեբաններ սկսել են  խոսել Գյումրիում սպանդի հեղինակ Վալերի Պերմյակովի մեղավորության և անմեղության մասին՝ դատելով ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված տեսանյութում նրա միմիկաներից, շարժումներից , դեմքի արտահայտությունից և այլն: Չնայած՝ տեսանյութում ձայնը անջատված է, սակայն դա ևս չի խանգարել շատերին խղճահարությամբ լցվելու և «անմեղ» որակելու յոթ հոգու կյանք խլած հանցագործին:

 

Այս հարցի վերաբերյալ analitik.am–ը զրուցել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի մանկավարժության և հոգեբանության բաժնի վարիչ Կարինե Նալչաջյանի հետ:

 

- Տիկի՛ն Նալչաջյան, հնարավո՞ր է արդյոք ճշգրիտ գնահատական տալ և եզրակացություն անել զննելով միայն մեղադրյալի կամ կասկածյալի դեմքն ու աչքերը:

 

- Այն վերլուծական ինֆորմացիան , որ մենք ունենք հոգեբանի համար շատ հեռուն գնացող դատողություններ կատարելու համար, իհարկե շատ քիչ է, որովհետև հարկավոր է ավելի համապարփակ պատկեր, մասնագիտական, փորձագիտական ինչ-որ մի եզրահանգման գալու համար: Ի՞նչ ունի ձեռքի տակ հոգեբանը. ունի դեպքի ընդհանուր պատկերը, թե ինչ է կատարվել, տղայի լուսանկարը և, փաստորեն, այդ կադրերը, որ տարածվեցին: Հիմա ՝ շատ մեծ հարցականի տակ, բայց, համենայնդեպս, ինչ-որ մի բան կա: Շատերի հարցը հետևայն է, թե ինչո՞ւ է այդ տղան անմեղի տպավորություն թողել: Գիտեք ինչ, քանի որ հրեշավոր էր գործողությունը, ապա սպասում ես տեսնել ինչ-որ հրեշի: Երբ որ նրան նայում ես, էնտեղ սովորական մի ռուս տղա է , պարզ, գեղջկական արտաքինով: Մՙարդկանց մեջ հենց այդ արտաքինն է կասկած առաջացրել. մի՞թե նա հանցանք է գործել, կարող է ինքը՞ չէ այդ հանցագործը: Գիտեք ինչ ,մարդիկ սպասում էին, որ նման հրեշավոր գործողություն կատարելուց հետո մարդը պետք է լինի ընկճված, մեղքի զգացումը դեմքին դրոշմված, կծկված , շփոթված, բայց մենք այդպիսինին չտեսանք: Նա ուղղակի տղա էր, որը նստած էր անտարբեր հայացքով, իր մտքերով կարծես, առանց որևէ մեղքի գիտակցման, համենայնդեպս չէր երևում նրա լարվածությունը, իր արածի հանդեպ խղճի խայթի զգացումը և այլն:

 

- Իսկ այդ տպավարությունը բավարա՞ր է կարծիք կազմելու համար:

 

- Իհարկե ոչ, դա չի նշանակում, որ պետք է կասկածի տակ դնենք՝ ի՞նքն է, թե՞ ինքը չէ: Դա առաջին հերթին իրավապահների գործն է, նրանք պետք է պարզեն իսկությունը՝ մենա՞կ էր, մենակ չէ՞ր, նաև մնացած բոլոր հարցեր փունջը, որ առաջացել է դեպքի հետ կապված: Ես որպես հոգեբան միայն կարող եմ ասել՝ բոլորովին պարտադիր չէ, որ մարդսպանը հետո մեղքի զգացում ունենա: Լինում են ծանր հանցագործության այնպիսի դեպքեր, որ հետո մարդու մեջ խղճի և մեղքի խայթ է արթնանում. նա տառապում է՝ թե այս ի՞նչ արեցի , կան նաև սառնասիրտ հանցագործներ (ընդ որում, այս հանցագործությունը շատ սառնասիրտ կատարված հանցագործութուն է), և այս դեպքի հեղինակը, որը նստած էր այնտեղ, սառնասիրտի մեկն էր: Ես բացարձակապես այնտեղ որևէ տարր չտեսա, որը բացառեր այդ տղայի կողմից կատարված հրեշավոր հանցագործությունը: Իհարկե, բոլոր հարցերին, բնականաբար, չես կարող պատասխանել, բայց բացառել, որ ինքն էր, իհարկե չի կարելի, ընդ որում, նրա կերպարն այդպիսին էլ չէր, որ մտածես՝ այս տղան հանցամետ վարք չի ունենա և այլն: Ուստի, կարծիք կազմել կամ գնահատական տալ միայն արտաքինով և նման էպիզոտիկ դրվագներով, դա էլ հնարավոր չէ:

 

- Հայաստանում հոգեբանական փորձաքննությունը տարածվա՞ծ երևույթ է և հաճա՞խ են դիմում դրա օգնությանը:

 

- Այո, դիմում են: Կան մի քանի հոգեբաններ, որոնք տարիներ շարունակ համագործակցում են իրավապահ մարմինների հետ: Ես այդ հոգեբանների թվին չեմ պատկանում: Ես, որպես փորձագետ, նման հետազոտությունների չեմ մասնակցում… բայց կան մարդիկ, ովքեր դիմում են հոգեբանին իմանալու համար աֆեկտի՞ վիճակում է տեղի ունեցել հանցագործությունը, թե ոչ, որովհետև դա որոշակիորեն ֆիքսված է քրեական օրենսգրքում և դատավճռի վրա շատ լուրջ ազդեցություն է թողնում: Այո, հոգեբաններին դիմում են այդ հարցով:


 

Զրուցեց Հասմիկ Մովսիսյանը

Նույն շարքից