Հարցազրույց Տնտեսություն 

Բյուջեին կառուցվածք է պետք, այլապես ներդրումները խաղատների հաշվին էլ կարող են աճել. Մեսրոբյան

analitik.am

3 օր առաջ ՀՀ ազգային ժողովում սկսվեցին 2015թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկումները: Ըստ այդ նախագծի՝ 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4,1%-ով, որը 3,3%-ով բարձր է 2014թ. կանխատեսվող արդյունքներից: 2015-ի բյուջեի նախագծում որպես ՀՆԱ-ի աճին նպաստող գործոններ շեշտադրվում են տնտեսական ակտիվության, արտահանման և ներդրումների աճը:

Թեմայի շուրջ Analitik.am-ը զրուցել է կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանի հետ:


-  Պրն Մեսրոբյան, ըստ Ձեզ՝ որքանո՞վ են իրատեսական այս սպասելիքները:

 

- Գրագետ կառավարման համար բացարձակ թվերը այնքան էլ հետաքրքիր չեն:  Կարևորը կառուցվածքն է: Այսինքն՝ բյուջեի եկամտային և ծախսային կառուցվածքը, ՀՆԱ-ի, արտահանման և ներմուծման կառուցվածքը: Քանի որ մենք առ այսօր՝ 23 տարի անց,  այդպես էլ պարզ չենք ասել, թե ինչ երկիր ենք ուզում դառնալ, այդ պատճառով էլ լինի 2015-ի բյուջեն, թե 2018-ի, կառուցվածք (կանխատեսումներ), որ կոնկրետ համապատասխանի իրականությունը, ոչ ոք չի կարող տալ:  Ուստի՝ այն ընդհանուր թիվը, թե ՀՆԱ-ն կաճի 4,1%-ով, զուտ տնտեսագիտական  և կառավարման տեսանկյունից, անիմաստ թիվ է:

 

-   Այնուամենայնիվ, կոնկրետ արտահանման մասով ի՞նչ  պոտենցյալ ունի Հայաստանը:

 

-   Որպեսզի մենք ունենանք  արտահանում,  պետք է ապահովենք մի քանի կարևոր պայման: Նախ, Հայաստանում  չեն խրախուսվում լուրջ արտադրությունները,  երկրորդը՝ տնտեսական օլիգարխիկ կառավարման համակարգերում ավելի շատ խրախուսվում է  արագ և շատ հեշտ եկամուտ ունենալու տարբերակը: Դա շատ պարզ է՝ դրսից գնել, ներսում՝ վաճառել: Ստացված փողը նորից դուրս տանել, գնել, նորից բերել վաճառել: Այստեղ ի՞նչ պոտենցյալի մասին է խոսքը …

 

-   Նույն նախագծով շեշտադրվում են նաև ներդրումները: Այդ մասով ի՞նչ պոտենցյալ ունենք:

 

- Նորից շեշտում եմ կառուցվածքի կարևորությունը: Օրինակ՝ ներդրումների նախանշված աճը կարող են ապահովել խաղատների համար կատարված ներդրումները: Դրա համար էլ շեշտում եմ, որ մեզ մոտ 20 տարուց ավելի է՝ խոսում են ինչ-որ թվերից, որոնք ընդհանուր են, ոչ կոնկրետացված:  Հարկավոր է խոսել մանրակրկիտ կառուցվածքի մասին: Կառուցվածքից էլ բխում հենց այս հարցի պատասխանը՝ ներդրումային երկի՞ր ենք, թե չէ:  Ընդհանուր թիվը, ոչինչ չի ասում: Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե այդ ընդհանուր թիվը լուրջ վերլուծության արդյունք  է, ուրեմն՝ պետք է որոշակի կոմպոնենտներից առաջացած լինի:

 

-    Ըստ Ձեզ՝ ի՞նչ առաջնային տրամաբանությամբ պետք է կազմվի բյուջեն:

 

-    Ինչպե՞ս կարելի է ընդհանուր թիվ նշել ու չասել, թե որոնք են աճի աղբյուրները: Դա բյուջե չէ: Ինչ տրամաբանությամբ ենք մահկանացուներս ապրում՝ սկզբում գիտենք, թե ինչ ենք ուզում, հետո սկսում ենք մեր քայլերը մշակել: Հետո՝ թե ինչ պայմաններ են հարկավոր մեր ուզածին հասնելու համար: Նման տրամաբանությամբ էլ պետք է բյուջեն կառավարել: Նախ պետք է հասկանանք, թե  ինչ պետություն ենք ուզում՝ արդյունաբերական, գիտատար, գյուղատնտեսական, ռազմական և այլն: Սկզբում որոշում են հիմնական ուղղությունը և դա դարձնում թիրախ:  Իսկ մենք 23 տարի ապրում ենք քարշ եկողի հոգեբանությամբ և այդպես էլ բյուջե պլանավորում: Քարշ եկողը չգիտի իր նպատակը:

 

 Սեդա Հերգնյան

 

 

Նույն շարքից