Վերլուծական 

ԲՀԿ-ն՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, դեռ երկար ժամանակ քաղաքական հարթակում իր տեղն է փնտրելու

analitik.am

ՀՀ քաղաքական վերջին իրադարձություններից հետո խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց ԱԺ-ում երկրորդ խոշոր կուսակցության շարքերում: Ոմանք լքեցին ԲՀԿ-ն, ոմանք սպասում են՝ հասկանալու համար, թե ինչպես են դիրքավորվելու արդեն նոր ձևաչափի ԲՀԿ-ում: Ներկայիս ամենահուզիչ հարցն այն է, թե ով է լինելու ԲՀԿ նոր նախագահը: Հաշվի առնելով այն, որ Գագիկ Ծառուկյանի կողմից ԲՀԿ-ն և առհասարակ քաղաքականությունը լքելուց հետո, այս գերհարուստ կուսակցությունն այլևս զրկվելու է ֆինանսական լուրջ հոսքերից, արդեն այդքան էլ էական չի դառնում ԲՀԿ-ին նոր նախագահի ով լինելը մի քանի պարզ պատճառով՝ ԲՀԿ-ն ստիպված է լինելու վերջնականապես կողմնորոշվել, թե որ ճամբարում է գործելու՝ իշխանությունում նրան այլևս չեն սպասում, ընդդիմադիր գիծն ընտրելիս էլ ԲՀԿ-ն կանգնելու է լուրջ հարցի առջև՝ ի՞նչ դեր է զբաղեցնելու:

 

 

 

ԲՀԿ-ն փաստացի միավորեց ընդդիմադիր ուժերին, ձևավորեց եռյակ-քառյակ, այնուհետև ոտքի հանեց ամբողջ ժողովրդին և հետ քաշվեց, նման պահվածքից հետո արդեն միանգամից բացառվում է ԲՀԿ-ի՝ ընդդիմության լիդեր լինելու հավանականությունը: ԲՀԿ-ն ավելի շուտ պետք է հասկանա՝ համագործակցում է Նիկոլ Փաշինյանի թևի հետ, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե ընդդիմադիր նոր հարթակ է ստեղծում՝ օրինակ ՕԵԿ-ի հետ, ինչը նույնպես չի կարելի բացառել: ԲՀԿ-ն պետք է նաև վերջնականապես պատասխան տա այն հարցին, թե որպես քաղաքական ուժ արտաքին քաղաքական ի՞նչ ուղղություն է ընտրում՝ արևմտամե՞տ է, թե ռուսամե՞տ է, քանզի չի կարող այնպես ստացվել, որ միևնույն կուսակցությունում մի քանի հոգի արտաքին քաղաքական այլ կողմնորոշում ունենան, մի քանիսը՝ այլ, իսկ մի մասն էլ՝ երկուսին էլ այլընտրանք լինի:

 

 

Նման քաղաքական դիրքորոշում առհասարակ գոյություն չունի, երբ կուսակցության ներսում բոլորն ունեն իրենց անձնական կարծիքները, որոնք շատ հաճախ արմատապես տարբերվում են, ոչ ոքի կարծիքի համար կուսակցությունը պատասխանատվություն չի կրում, և ամեն մեկն իր հերթին կարող է հանդես գալ կուսակցության անունից և հայտնել իր անձնական կարծիքը: Տեսանք, թե ինչ ստացվեց նման քաղաքական ուժի ձևավորման արդյունքում: Հաջորդ հարցը՝ ԲՀԿ-ն պետք է վերջապես հասկանա՝ ուզո՞ւմ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե հրապարակավ ուզում է, բայց նեղ միջավայրում նախագահի կենացն է խմում՝ մաղթելով նրան բարի կառավարում, մարտի 1-ի գործով ԲՀԿ-ն հանդես է գալիս որպես պատասխանատո՞ւ՝ վերջին հաշվով իշխանություն էր, թե՞ տուժող, եթե տուժող, ապա ումի՞ց է պահանջելու պատասխանատվություն, իսկ ինքն ի՞նչ դեր ուներ իշխանությունում այդ ժամանակ, եթե ձայնի իրավունք չի ունեցել՝ ինչպե՞ս է այդպես ստացվել և այսպես շարունակ:

 

 

Շատ լուրջ են նաև ԲՀԿ-ի ներսում կատարվող խմորումները՝ ո՞վ է ում ենթարկվելու, ինչո՞ւ պետք է պատգամավորը, ով փաստացի «գնել»  է իր մանդատը՝ ասենք ենթարկվի Նաիրա Զոհրաբյանին այն դեպքում, երբ վերջինս չի կարող նրան որևէ հովանավորչություն տալ բիզնես ոլորտում: Հաշվի առնելով այս և նմանատիպ բազմաթիվ հարցերը, կարելի է կանխատեսել, որ ԲՀԿ-ն որպես կուսացկություն միանշանակ կմնա ՀՀ քաղաքական ոլորտում ՝ ուղղակի բավականին նոսրացած և արդեն զուսպ ախորժակով: Ամենայն հավանականությամբ որպես լիդեր կընտրվի Նաիրա Զոհրաբյանը, քանզի վերջինս կառավարելի և կանխատեսելի է իշխանությունների համար, և բացի այդ, կարող է գոնե քաղաքական գաղափարախոսություն կերտել և ԲՀԿ-ն դարձնել քաղաքական ուժ:

 

 

Այս դեպքում, իհարկե, Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը կաճի ԲՀԿ-ի վրա, սակայն ի՞նչ արժեք ունի այդ ազդեցությունը, եթե փաստացի ԲՀԿ-ն այլևս որևէ քաղաքական հարց չի կարողանալու լուծել՝ անգամ ընդդիմադիր դաշտում, հասարակության համակրանքն էլ վայելելու համար կարելի է ասել, որ պետք է սկսել գրեթե զրոյից, քանզի վերջին դեպքերից հետո ինչ արվել էր՝ մոռացվեց, իսկ սխալներն էլ աններելի էին: Միակ ընդդիմադիր կուսակցությունն էր ՀՀ պատմության մեջ, որ դեռ պայքարի մեջ չմտած հանձնվեց:

 

Իհարկե, խոհեմության դրսևորում էր ԲՀԿ-ի հանձնվելը, բայց չէ՞ որ քաղաքական ուժը պետք է կարողանա կանխատեսել քայլերի հնարավոր հետևանքները նախքան հասարակությանը ոտքի հանելը, այլ ոչ թե իշխանափոխությունից հինգ պակաս վիճակ ստեղծի, այնուհետև ասի, որ ցնցումներ չի կարելի թողնել: Յուրաքանչյուր բանական մարդուն պարզ էր, որ այս փուլում Հայաստանի համար ցնցումներն ուղղակի կործանարար էին, մի՞թե ԲՀԿ նախագահի համար ելույթներ գրողներն այս ամենը չէին հասկանում: Գուցե հասկանում էին և կանխատեսում…

 

Ինչևէ, ԲՀԿ-ի ճակատագրի ուրվագծերն արդեն այսօր հուշում են, որ ԲՀԿ-ն դեռ երկար ժամանակ պետք է դեգերումների մեջ անցկացնի սեփական տեղը ՀՀ քաղաքական ոլորտում գտնելու և ամրապնդելու համար, իսկ ԲՀԿ հաջորդ նախագահի՝ ամենայն հավանականությամբ Նաիրա Զոհրաբյանի, ուսերին էլ ընկնելու է այդ դժվարին բեռը, որն էլ ավելի կծանրանա ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով:

 

Նույն շարքից