Հասարակություն 

Բարեգործական համերգ՝ Քեսաբի ազգային վարժարանը վերականգնելու նպատակով

analitik.am

«Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, օգոստոսի 26-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որից ստացված հասույթն ուղղվելու է Քեսաբի ազգային ուսումնասիրաց  վարժարանի վերականգնմանը, որտեղ սովորում են 200 քեսաբահայ երեխաներ:


Համերգին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:  Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, նախաձեռնությանը մասնակցած արվեստագետներին ու հանդիսատեսին՝ նախարարը կարեւորեց նման միջոցառումների կազմակերպումը նոր տարհանման, աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու, հայրենասիրական ոգին արթնացնելու, ազգային միասնականությունը կերտելու գործում: Նա մասնավորապես ասաց. «Քեսաբը Կիլիկյան Հայաստանի մի պատառիկն է, նրա մշակույթի ու հերոսական ոգու կրողն ու ժառանգորդը: Մենք պետք է պահպաննենք Քեսաբի բարձր մշակույթն ու մեծ ավանդույթներ ունեցող համայնքը, աջակցենք ավերված համայնքային կառույցների ու կրթօջախների վերականգնմանը, բարոյապես սատարենք մեծ փորձությունների բովով անցած մեր հայրենակիցներին»:


Համերգը վարեցին ճանաչված հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը եւ Ավետ Բարսեղյանը:


«Սասնա ծռեր» երգի-պարի համույթի հետ հանդես եկավ Մրոն՝ Արսեն Գրիգորյանը: Իրենց կատարումներով հանդես եկան հայկական էստրադայի ճանաչված ներկայացուցիչներ Անդրեն, Արմինկան, Էմմին, Սոֆի Մխեյանը, Գոհար Հովհաննիսյանը, Արամոն, Էրիկը, Մարտին Ահարոնյանը, Աղասի Իսպիրյանը:


Համերգն ավարտվեց «Ինտեր դանս» պարային համույթի «Բերդ» պարով:


Համերգի կազմակերպմանն աջակցել էին Արամ Խաչատրյան համերգասրահը, «ATD» եւ «3points» ընկերությունները:

«Քեսաբ» հայրենակցական միավորումը հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 6-ին՝ 1946-1947 թթ.-ին հայրենադարձված քեսաբահայերի ժառանգների կողմից:  Կառույցն իր առջեւ խնդիր է դրել համախմբել Հայաստանում եւ Սփյուռքում ապրող քեսաբահայերին, աջակցել Քեսաբում ապրող եւ վերջին զարգացումների հետեւանքով Հայաստանում գտնվող քեսաբցիների նյութական եւ ֆինանսական վիճակի բարելավմանը: Բարոյահոգեբանական եւ իրավական աջակցություն ցուցաբերել նրանց, պահպանել Քեսաբի մշակութային ժառանգությունը, իրականացնել տարաբնույթ սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական, բարեգործական ծրագրեր` թեթեւացնելու կարիքավոր հայրենակիցների հոգսերը:

 

 

Նույն շարքից