Հարցազրույց 

Բանկային հերթական սկանդալն է հասունանում. Խարդախության նոր սխեմա՞, թե սպառողական վարկ

analitik.am

Վերջին ամիսներին analitik.am–ի խմբագրությունը ստացել է բազմաթիվ բողոքներ ՀՀ քաղաքացիներից, ովքեր վերջին ժամանակներս իրենց կամքից անկախ դարձան մի խումբ անձանց խարդախությունների զոհը , որից սկիզբ առավ խնդիրների մի ամբողջ շարան կապված  «ՎՏԲ Հայաստանբանկ» ՓԲԸ-ի հետ: Խնդիրը վերաբերում է տարեսկզբին մեկնարկած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի նոր վարկատեսակի դառը հետևանքներին: Վարկի գովազդը հետևյալն էր՝ «ՎՏԲ Հայաստանբանկ»- ը գրավադրված ոսկու արժեքից մինչև 50 տոկոս ավել գումար է տրամադրում: Այս առաջարկը միանգամից գրավեց նորօրյա Օստապ Բենդերներին, և վերջիններս, տարբեր քաղաքացիների անուններով գրավադնելով ոսկիներ, վերցրեցին գումարները և անհետացան՝ արդյունքում թողնելով իրենց զոհերին բանկի հետ դեմ հանդիման: Այս և բանկային ապօրինությունների հետ կապված  այլ թեմաներով  analitik.am-ը  զրուցեց  «Ալգա» իրավաբանական ընկերության նախագահ՝փաստաբանների պալատի անդամ Սուսաննա Սարգսյանի հետ:

-Տիկին Սարգսյան, ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին, և մեր քաղաքացիները այս բանկային հերթական ծուղակից դուրս գալու ի՞նչ իրատեսական հնարավորություններ ունեն:

-Խնդիրը բավականին տարածված է, և կայանում է հետևյալում, եթե դիտարկենք զուտ իրավական տեսանկյունից, ապա գործ ունենք ՀՀ քր.օրի 178 հոդվածի /խարդախություն/ հատկանիշների հետ ` կատարված կազմակերպված խմբի կողմից: Այս պահին մեր գրասենյակի վարույթում է գտնվում մոտ 48 նմանատիպ գործ՝  կապված «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ տարբեր մասնաճյուղերի հետ,սակայն բոլոր դեպքերը, բացի մասնաճյուղերի հասցեներից և գործող անձերից, մնացած բոլոր հատկանիշներով ուղղակի երկվորյակներ են,այսինքն նույն ձեռագիրն է:

 
-Տիկին Սարգսյան, ըստ Ձեզ ինչպե՞ս է հաջողվել խաբել բազմաթիվ մարդկանց և ի՞նչ մեխանիզմ է օգտագործվել:

 
-Մեխանիզմի հիմնական շարժիչ ուժը և հաջողության գրավականը եղել է ազգաբնակչության սոցիալական ծանր պայմանները և ցածր իրավական գիտելիքները: Վերցնելով ընդամենը 10-20 հազար դրամ,նրանց հավատացրել են,որ գործ ունեն հասարակ լոմբարդային գրավի հետ,համաձայնվել են, որ իրենց անվամբ ձևակերպվի մինչև 1.500.000 ՀՀ դրամ վարկ,և նրանց հավատացրել են,որ եթե այն չմարվի, բանկը ուղղակի կվաճառի ոսկին և իրենք պարտավորություններ չեն ունենա, սակայն իրականում դա սովորական վարկ է,և չմարվելու դեպքում բանկը իրավունք ունի բռնագանձում տարածել վարկառուի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա և դասակարգել վարկառուին: Ավելին՝ դեպքերի մեծ մասում բանկը, առանց վարկառուների համաձայնության, բացել է ոսկու պարկերը,ոսկին ինքնակամ վաճառել գնահատվածից ավելի էժան (մասնավոր դեպքում նույնիսկ հարգն է փոխվել՝ ասենք 999 հարգը դարձել է 758), պակաս գումարն առանց վարկառուների համաձայնության ձևակերպել է որպես սպառողական վարկ, իսկ կառավարիչները և ոսկերիչները հեռացվել են աշխատանքից՝ այսինքն հետքերը կորցրել են:

-Այնուամենայնիվ, պարզ չէ՝ որտե՞ղ է խարդախությունը, այն էլ խմբի կողմից,և այս պարագայում ո՞րն է բանկի մեղքը, չէ՞ որ մարդիկ իրենք են գրավադրել ոսկին և իրենք էլ գումար ստացել:

- Ասեմ Ձեզ՝ մեր մոտ գտնվող բոլոր դրվագներում նույն ձեռագիրն է, անձը (վարկառուն) ոչ ոսկի դնելուց է տեղյակ,ոչ էլ գումար է ստացել: Մի խումբ անձիք եկել են համաձայնության բանկի աշխատակիցների հետ,ներկայացրել տուժած քաղաքացիների անձնագրերը,իրենք դրամարկղից ստացել գումարները, իսկ տուժած քաղաքացիները ընդամենը ստորագրել են, ի՞նչ եք կարծում առանց կառավարիչների, ոսկերիչների, վարկային մասնագետների և դրամարկղի աշխատակիցների հնարավո՞ր է այդ գործողությունները կատարել:

 

-Այդ դեպքում ինչու՞ քրեական գործ չի հարուցվում և ինչու՞ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ:


-Սա արդեն ուրիշ թեմա է, ՀՀ Քր. օր-ի 178 հոդվածը դա խարդախությունն է, ՀՀ քաղ. օր-ի 313 հոդվածը հստակ նշում է, որ խարդախությամբ, խաբեությամբ կնքված գործարքը անվավեր է ի սկզբանե,եթե հարուցվում է, հիմնավորվում է խարդախությունը,ապա բանկը պետք է իր գումարները ստանա խարդախից,որոնք այս պահին չկան ,իսկ այն, որ բանկերին աշխատում են չկպնել դա էլ է հայտնի,միևնույն ժամանակ, եթե հիմնավորվի որ բանկի աշխատակիցները նույնպես ներգրավված են եղել այս սխեմայի մեջ,ապա ՀՀ Քաղ.օրի 1062 հոդվածի ուժով բանկը պիտի հատուցի քաղաքացիների վնասները ,իսկ ինքն էլ ռեգրեսիվ հայցով իր վնասները գանձի իր աշխատակիցներից:.Սակայն, ասեմ Ձեզ, այս ճակատում արդեն մեր գրասենյակը հասել է հաջողության և արդեն իսկ ունենք մեկ հարուցված քրեական գործ 25 դրվագով:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այդ ծուղակում հայտնված մարդկանց, ինչպե՞ս դուրս գան այս վիճակից:

-Գիտեք, հանցագործների թիրախը ընտրված է շատ փայլուն,նրանք ընտրել են սոցիալապես վատ վիճակում գտնվող անձանց, ինչը  նշանակում է, որ վերջիններս չունեն տարրական միջոցներ փաստաբան վարձելու կամ գոնե  որակյալ իրավաբանական օգնություն ստանալու համար: Այս առումով մեր գրասենյակն իրավախորհրդատվությունն այս գործով տուժողների համար հայտարարել է անվճար:

 

Իսկ ինչ վերաբերում է իմ խորհրդին,ապա այն հետևյալն է` մարդ պետք է պայքարի իր իրավունքների համար,դա է արդարության հասնելու ամենաիրական ուղին,այ օրինակ Բյուզանդի փողոցի տուժած քաղաքացիները Եվրոդատարանում շահեցին դատը և ստացան 150 000 եվրո փոխհատուցում,չկոտրվեցին,պայքարեցին և հասան: Նույնը խորհուրդ եմ տալիս նաև մեր տուժած քաղաքացիներին,թող բողոքեն դատախազին,մարդու իրավունքների պաշտպանին և այլն,ցանկացած պայքար, որն ունի ճիշտ մշակված մարտավարություն տալիս է իր արդյունքը:Կարևորը դուրս գալ զոհի կարգավիճակից և պայքարել:

 

Հարցազրույցը՝ Վ. Մինասյանի

Նույն շարքից